Լրահոս
Օրվա լրահոսը

Թադևոս Ավետիսյան. Իշխանությունների կողմից ներկայացված սոցիալ-տնտեսական ցանկացած ծրագիր ձախողված է՝ ի սկզբանե

Օգոստոս 27,2021 15:09

Կառավարության 2021-2026 թթ ծրագրի մասին 

  1. Տնտեսություն

Օրվա իշխանության խոստումներն այս անգամ էլ վերաբերում են 2026թին՝

  • ՀՆԱ-ի տարեկան միջին աճը նվազագույնը դարձնել 7 տոկոս,
  • օտարերկրյա ուղղակի ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 6 տոկոս,
  • համախառն գործոնային արտադրողականության տարեկան աճը՝ առնվազն 5 տոկոս:

Հիմա հերթով անդրադառնամ նաև այս խոստումների։

2018թ․ խոստանում էին մինչև 2050թ․ ՀՆԱ-ի միջին տարեկան 9,5 տոկոսանոց աճ, օտարերկրյա ներդրումների բում։

Ստացվեց բոլորովին այլ պատկեր։ 2017թ․ ՀՆԱն աճել է 7,5 տոկոսով, իսկ 2018թ. հունվար-ապրիլին՝ մինչև իշխանափոխությունը, ՀՆԱ-ի աճը հասել էր 9,5 տոկոս: Առկա էր երկնիշ աճի իրական ներուժ, սակայն հաջորդիվ ՀՆԱ-ի աճի տեմպը նվազեց և 2018թ. ամփոփվեց 5,6 տոկոսով, իսկ 2019թ. կազմեց 7,6 տոկոս:

2020թ․ ՀՆԱ-ն կրճատվեց 7,4 տոկոսով` շուրջ 3 անգամ ավել չափով, քան համաշխարհային տնտեսությունը և էապես ավել, քան մեր տարածաշրջանում։

2021թ․ առաջին վեց ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 5 տոկոսով` 0,7 տոկոսային կետով պակաս չափով, քան միջին գնաճը։

Իբրև առանցքային կարևորում են աշխատանքի արտադրողականությունը, սակայն համախառն գործոնային արտադրողականության աճը թիրախավորում են ավելի քիչ, քան ընթացիկ միջին գնաճն է։ Այսինքն՝ իրականում թիրախավորում են արտադրողականության 0-ական աճ կամ նույնիսկ՝ նվազում։

2018թ.-ից հետո արձանագրվում է կապիտալի փախուստ երկրից: 2019թ․ օրվա իշխանավորների պարծանքի «ոսկե դարն» է։ Բայցևայնպես, 2019թ. նախորդ տարվա համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներհոսքը նվազեց 0,4 տոկոսով, իսկ ՕՈՒՆ-ի զուտ ներհոսքը՝ 42 տոկոսով, վերաներդրումները՝ 30 տոկոսով։ 2019թ. Վրաստանում գրանցվել է շուրջ 6,5 անգամ ավել չափով ՕՈՒՆ-ի ներհոսք, քան Հայաստանում:

2020թ․ գրանցվեց ՕՈՒՆ-ի արդեն բացասական զուտ ներհոսք՝ 7,1 միլիարդ դրամի չափով։ 2021թ․ առաջին եռամսյակում ՕՈՒՆ զուտ ներհոսքը կազմել է ընդամենը 35 մլն ԱՄՆ դոլար՝ միլիարդավոր դոլարների հասնող իշխանական խոստումների փոխարեն։

Պետական պարտքի բեռի շարունակական ավելացմամբ սահմանափակվում է նաև մեր երկրի զարգացման ապագա հնարավորությունը։

2018-2020թթ․ ՀՀ դրամով արտահայտված պետական պարտքն աճել է 27 տոկոսով՝ շուրջ 10 անգամ բարձր տեմպով, քան ՀՆԱն։ Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2017թ․ եղել է 55,7 տոկոս, 2020թ․՝ 67,3 տոկոս՝ պարտքային բեռի կառավարումը տեղափոխելով որակապես առավել բարձր ռիսկի գոտի։

2020 թվականի սկզբի համեմատ՝ այս տարվա առաջին կիսամյակում ևս՝ 10,3 տոկոսով կամ շուրջ 625 միլիոն ԱՄՆ դոլարով աճել է ՀՀ արտաքին պարտքը։

  1. Աշխատանք և սոցիալական պաշտպանություն

Այս ոլորտում նորից խոստանում են՝

  • նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար` պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին,
  • նվազագույն աշխատավարձը սահմանել 85000 դրամ,
  • կրկնակի նվազեցնել աղքատության մակարդակը և վերացնել ծայրահեղ աղքատությունը,
  • գործազրկության մակարդակը կրճատել՝ հասցնելով 10 տոկոսի։

Անապահովության նպաստների չափերի բարձրացման մասին խոսք չկա։ Սա էլ այն դեպքում, երբ 2019թ աղքատության մակարդակը աճել է 3 տոկոսային կետով և դարձել է 26,3 տոկոս։ ՀԲ նախնական գնահատմամբ 2020թ․ այն ևս աճել է 7 տոկոսային կետով։

Այսինքն՝ իշխանափոխությունից առաջ ամեն չորրորդ քաղաքացին էր աղքատ, հիմա արդեն՝ ամեն երրորդն է աղքատ։

2018թ․-ին էլ էին խոստացել, որ վերացնելու են ծայրահեղ աղքատությունը։ Ստացվեց հակառակը․ այն աճում է՝ նաև ահագնացող գնաճի հետևանքով։

Խոստանում են նաև կառուցել և վերակառուցեն նոր դպրոցներ և ամենակարևորը՝ նոր դպրոցներում պետք է տեղադրեն ամբողջությամբ նոր գույք։ Սակայն այս շրջանակներում որևէ կերպ չեն անդրադառնում ամենակարևոր խնդիրներին՝ հատկապես գյուղական բնակավայրերում դպրոցահասակ երեխաների թերսնման բարձր մակարդակը, գյուղատնտեսական ծանր աշխատանքներում անչափահաս երեխաների ներգրավվածության իրապես բարձր մակարդակը։ Եվ մտահոգիչ այս ցուցանիշների նվազեցումները թիրախավորված չեն օրվա իշխանությունների բերած հնգամյա ծրագրում։

Հիմա կոնկրետ այլ փաստեր ևս

2020թ․ հունվարի 1-ից կենսաթոշակի միջին չափը բարձրացել է 7-8%-ով, նվազագույն ամսական աշխատավարձը՝ 13000 դրամով, իսկ անապահովության նպաստի չափերը մնացել են անփոփոխ։ Սննդամթերքի միջին գներն այս ընթացքում աճել են 13,1 տոկոսով։ Մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հասել է 66600 դրամ, իսկ պարենային զամբյուղինը՝ 36000 դրամ։ Այսինքն՝ թոշակի միջին չափով հնարավոր է ամսվա ընթացքում կատարել միայն 20 օրվա նվազագույն սպառման ծախսերը, իսկ կենսաթոշակի նվազագույն չափը բավականացնում է 20 օրվա միայն սննդի նվազագույն ծախսին։

Զբաղվածության պետական աջակցության ծրագրերը 2018թ․ թերակատարել եք 75 տոկոսով, 2019թ․ 50 տոկոսով։ Տարեկան 3-4 հազար գործազուրկներ չեն կարողացել ստանալ պետական աջակցություն՝ ոլորտի պատասխանատուների կառավարման ձախողումների հետևանքով։ Սակայն այս ընթացքում ոլորտի պատասխանատու բարձրաստիճանները՝ նախարար, տեղակալ և այլն, ստացել են ամսական պարգևատրումներ իրենց հիմնական աշխատավարձից ավել չափով։ Մեր բազմաթիվ և փաստարկված քննադատություններից հետո՝ 2020թ․-ին ձևական կատարողական ապահովելու համար զբաղվածության 13 պետական ծրագրերին հատկացված 1,8 միլիարդ դրամ միջոցներից դեկտեմբեր ամսվա դրությամբ չծախսված շուրջ 1 միլիարդ դրամը ոտքի վրա հատկացրեցիք միայն մեկ ծրագրի՝ անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության ծրագրին։ Այս ծրագիրն էլ անվանեցիք՝ որպես նոր ծրագիր, չնայած այն ներդրված է 2014թ․-ից։

2020թ․ հունվարի համեմատ՝ 2021թ․ հունիսին գրանցված աշխատողների թվաքանակն ավելացել է 45356-ով։ Այդ ամիսներին զբաղվածության պետական ծառայության կողմից հրապարակված աշխատուժի պահանջարկը, այն է՝ չկրկնվող թափուր աշխատատեղերի ընդհանուր թիվը կազմել է 3913։ Փաստորեն՝ նոր գրանցված աշխատողների մեջ առավելագույնը 8,6 տոկոսն է իրականում գտել աշխատանք, իսկ մնացած մասը եղել են առանց աշխատանքային պայմանագրերի աշխատողներ։ Գրանցված աշխատողների թվաքանակի ավելացումները հիմնականում ստվերային զբաղվածության բացահայտման արդյունք է կամ թերզբաղվածության մակարդակի աճի հետևանք, երբ մեկ լրիվ հաստիքի վրա գործատուները գրանցում են երկու և ավելի աշխատողների։ Իսկ դրանով իշխանավորների պարբերաբար պարծենալը հանրության շրջանում տարածվող մանիպուլյացիայի հերթական դրսևորումներից է։

Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման գործընթացը իշխանափոխությունից հետո լիարժեք ձախողված է, սակայն այդ ընթացքում պարբերաբար խոստացել են դա անել։ Հիմա էլ նորից պոպուլիստական ձևակերպումներով կարևորում են սոցիալական ծրագրերի հասցեականության բարձրացումը։ Իսկ գործնականում այդ հասցեականության ապահովման հիմքը անապահովության գնահատման համակարգն է։

Բովանդակային մյուս բարեփոխումների հիմնական ուղղությունները ձևակերպել են ցանկությունների մակարդակում։ Չկան արդյունքային չափելի թիրախներ։ Նախորդ երեք տարիներին այդ ուղղություններով կատարված աշխատանք և շոշափելի որևէ արդյունք չեն մատնանշում, քանի որ իրականում դրանք չկան։

  1. Ժողովրդագրություն

Իշխանափոխությունից հետո հայտարարեցին՝ այլևս ժողովրդագրական ռազմավարության անհրաժեշտությունը չկա: Իրենք են եկել և լինելու է բեյբի բում, աննախադեպ հայրենադարձություն, մինչև 2050թ. Հայաստանը ունենալու է 5 մլն բնակչություն: Ի դեպ՝ դրանից առաջ իրենց նախընտրական ծրագրով խոստացել էին մինչև 2040թ. ունենալ 6 մլն բնակչություն:

Բնակչության թվաքանակի աճի մասին էլ բան չեն խոստանում։ Պարզ է, թե ինչու:

Հիմա արդեն խոստանում են՝ մշակել ժողովրդագրական ռազմավարություն, բազմազավակ ընտանիքներին աջակցության մասին օրենք։ Ի դեպ՝ այս օրենքը գործող ՀՀ Սահմանադրության պահանջով պետք է ընդունած լինեին դեռևս 2018թ․-ին, սակայն այդպես էլ չեն կատարում սահմանադրական նաև այս պահանջը։

Փոխարենը, 2019-2020թթ․ պոպուլիստական հերթական քայլերով, առանց ազդեցության գնահատման ավելացրեցին երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը՝ առաջին և երկրորդ երեխայի համար։ Իրականում եղավ՝ ժողովրդագրական ոչ մի արդյունք, անհասցեականություն և պետական բյուջեից միլիարդավոր դրամների փոշիացում։ Փաստ է՝ 300 հազար դրամ միանվագ այս նպաստը չի կարող որոշիչ լինել երեխա ունենալու ծնողների որոշման համար։

Բնական հավելաճ ապահովելու նպատակով պիտի թիրախավորվեն երրորդ և հաջորդ երեխայի ծնունդները, այլ ոչ թե առաջինը և երկրորդը։ Կարծես այս պնդումը հասկացել են՝ երեք տարի ուշացումով և պետական ռեսուրսները փոշիացնելուց հետո։

Սակայն նորից պոպուլիստական դրսևորում՝ մինչև 2026թ․ խոստանում են իրականացնել աջակցության նոր ծրագիր, ըստ որի ամսական 50 հազար դրամ կհատկացնեն բոլոր ընտանիքների երրորդ և հաջորդ երեխաներին՝ առանց կարիքի համալիր գնահատման։ Օրինակ՝ ծայրահեղ աղքատ ընտանիքի երրորդ երեխան էլ կստանա 50 հազար դրամ, ամսական մեկ միլիոն դրամ և ավել եկամուտ ունեցող ընտանիքի երրորդ երեխան էլ։ Այսինքն՝ պոպուլիստական մղումներով անտեսում են սոցիալական արդարության բաղադրիչը։

Շարունակվող ճգնաժամի ֆոնին ձևավորվում է նաև արտագաղթի նոր ալիք

2021թ․ հունվար-հունիսին Հայաստանից ՀՀ քաղաքացիների մեկնումների թիվը 94 հազար 338-ով գերազանցել է Հայաստան ժամանումների թվին։ Այս բացասական միտումը շարունակվել է նաև հուլիսին։

  1. Հանրային ծառայության ոլորտ

Նախորդ երեք տարիներին առաջացրել են համակարգային բնույթի նոր խնդիրներ։ Դրանց և դրանց վտանգավոր հետևանքների մասին բազմաթիվ առիթներով բարձրաձայնել ենք, մասնավորապես

  • պետական ինստիտուտների կազմաքանդում և անգործություն,
  • պոպուլիզմ և տոտալ անպատասխանատվություն,
  • անբարտավան ու մեծամիտ կեցվածք, հանրային քննարկումների բացակայություն, մասնագիտական տեսակետների նկատմամբ անտարբերություն,
  • պետական կառավարման ապիկարություն և եղած մասնագիտական ներուժի մսխում,
  • ոլորտների պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաններին անաշխատ և ապօրինի պարգևատրումներ։

Ինչպես 2018թ․-ին, այնպես հիմա՝ խոստանում են պետական ծառայողներին արժանապատիվ վարձատրություն, որը պետության համար չպետք է առաջացնի լրացուցիչ ֆինանսական բեռ։ Այսինքն՝ իրականում նպատակադրված են իրականացնել հանրային ծառայողների զանգվածային ազատումներ, ինչը պարբերաբար հետաձգում են իրենց քաղաքական նեղ շահերից դրդված։ Դեռևս փորձել են, սակայն վախեցել են այս գործընթացը սկսել իրենց պլանավորած ողջ ծավալով։

Խոստանում են նաև վերանայել իրենց կողմից արդեն երեք տարի ապօրինաբար կիրառվող՝ յուրայիններին պարգևատրումների արատավոր պրակտիկան։ Պարգևատրումներով ստեղծել են ապօրինի վարձատրության հիմքեր, կիրառել են երեք տարի, իսկ հիմա ուզում են փոխել։

Սակայն հանրային ծառայողների վարձատրության բազային չափի բարձրացման կոնկրետ չափերի մասին խոստում նորից չունեն։

Վկայակոչում են հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թի ռազմավարությունը, որը դեռ պետք է մշակեն։ Նորից խոստանում են, սակայն նորից կոնկրետ ժամկետներ և ակնկալվող չափելի արդյունքներ չեն նշում։

Եզրակացությունը.

այս իշխանությունները մեր երկիրը հասցրել են գոյատևման խնդրի առջև։ Շարունակում և իրավիճակից բխող՝ կատարելագործում են իրենց անպատասխանատու վարքագիծը, պոպուլիստական դրսևորումները։ Դրդվում են իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքով, իրենց նեղ անձնական և քաղաքական շահերով՝ անտեսելով հավաքականը։

Այս ամենը պարզ վկայում է՝ իրենք ի վիճակի չեն դիմակայելու հենց իրենց մեղքով ստեղծված աննախադեպ այս մարտահրավերներին և բարելավելու սոցիալ-տնտեսական իրավիճակը մեր երկրում: Չունեն համարժեք և արդյունքահեն ծրագրային մոտեցումներ: Առաջանցիկ ավելացող խնդիրներին նայում են մատների արանքով, անպատասխանատու կերպով: Հարցերը լուծում են իրավիճակային և մասնակի: Իրենց ակնհայտ ձախողումները մանիպուլացնում ու կոծկում են, դրանց համար անընդհատ փորձում են մտացածին մեղավորներ ու պատճառներ գտնել:

Հետևաբար, այս իշխանությունների կողմից ներկայացված սոցիալ-տնտեսական ցանկացած ծրագիր ձախողված է՝ ի սկզբանե:

Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031