«Մենք ինքներս ընդունել ենք, որ Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներն անցնում են Ադրբեջանի տարածքով, հիմա Ադրբեջանն էլ հայտարարում է, որ իրենց տարածքով անցնող ճանապարհը փակել են։ Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք ակնկալում, որ Ռուսաստանը պետք է ստիպի Ադրբեջանին, որ իր տարածքներով անցնող ճանապարհները բացի»,-այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում ադրբեջանցիների՝ Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածի փակելու եւ դրանք բացելու հնարավորությունների շուրջ քննարկման ժամանակ սարկազմով ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
Արդյոք հնարավո՞ր է ՌԴ-ի միջամտությամբ բացել այդ ճանապարհը՝ սա քաղաքագետը անտրամաբանական է համարում։
Պողոսյանը մանրամասնեց՝ ենթադրենք՝ Ադրբեջանը կամ Վրաստանն իր տարածքում վաղը ճանապարհ է փակում, մենք էլի՞ պետք է դիմենք Ռուսաստանին, ասենք՝ քանի որ դրանք մեզ համար շատ կարեւոր ճանապարհներ են, մի փակեք․«Կառավարությունն ընդունել է, որ դա Ադրբեջանի տարածքում է, եւ կառավարությունը հուշում է, որ Ադրբեջանն իրավունք ունի իր տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ ցանկացած գործողություն անել։ Դիվանագիտական հարաբերություններ չկան, Ադրբեջանի հետ սահմանագծում եւ սահմանազատում չկա, այս պայմաններում Ադրբեջանը կարող է ասել՝ լավ, ես սահմանում եմ վիզային ռեժիմ, եթե ՀՀ քաղաքացիներն ուզում են այս ճանապարհից օգտվել, մտնել Ադրբեջան եւ դուրս գալ, ապա ստացեք վիզա, չունենք դիվանագիտական հարաբերություններ, կարող եք ՌԴ-ում կամ Վրաստանում գործող Ադրբեջանի դեսպանատանը ստանալ մուտքի վիզա։ Այս պարագայում դիմել Ռուսաստանին եւ ասել՝ ճնշում գործադրեք Ադրբեջանի վրա, որովհետեւ չի թողնում օգտվենք այդ ճանապարհներից, տրամաբանական չէ»։
Իսկ թե ինչի դիմաց կարող է այդ ճանապարհը բացվել, քաղաքագետը նշեց՝ չի բացառվում, որ եթե մենք հայտարարենք, որ Ադրբեջանից Նախիջեւան անցնող երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհը Սյունիքի մարզով կարող է անցնել՝ երկաթգիծը Խորհրդային տարիներին գործող երկաթգիծն է՝ Արաքսի հովտով, իսկ ադրբեջանցիները շատ են խոսում Բերձոր-Գորիս-Սիսիան-Անգեղակոթ-Նախիջեւան ճանապարհների մասին, ապա. «Հնարավոր է, որ Ադրբեջանն այս ճանապարհը բացի, սակայն մեկ այլ խնդիր կա՝ ճանապարհը փակելով, ադրբեջանցիները ցույց են տալիս, որ ցանկացած ժամանակ իրենք կարող են արգելափակել իրենց տարածքներով անցնող ճանապարհը։ Ի՞նչ երաշխիք կա, որ եթե ապաշրջափակումը տեղի ունենա, Ադրբեջանը որեւէ պատրվակով չի փակի Նախիջեւանով անցնող եւ Հայաստանն Իրանին կապող ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհները»:
Կարդացեք նաև
Ապա մանրամասնեց. «Եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհների անվտանգությունը ապահովելու են ռուսական սահմանապահ զորքերը, այստեղ էլ մենք անհավասար իրավիճակում ենք՝ Ադրբեջանը ցանկացած պահի ինքնուրույն կարող է փակել Նախիջեւանի տարածքով ՀՀ-ից Իրան գնացող երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհները, բայց մենք ինքներս մեր որոշմամբ չենք կարող օրինակ դադարեցնել Սյունիքով անցնող Նախիջեւանն ու Ադրբեջանը կապող ճանապարհները, որովհետեւ դրանց անվտանգությունն ապահովելու է Ռուսաստանը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ