Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կո՞ղմ եք քվեարկել ձերբակալված պատգամավորների անձեռմխելիությունը հաղթահարելուն. Աղվան Վարդանյանը՝ Տիգրան Մուկուչյանին

Օգոստոս 27,2021 14:38

«Ո՞ր կարգավորումով է ԿԸՀ-ն պատգամավորության թեկնածուների անձեռնմխելիությունը հաղթահարելու նորմ կիրառում: Այդ հաղթահարելուց հետո ձեր կողմից մանդատ ստացած պատգամավորները կալանավորվեցին, այսօր էլ կալանքի տակ են. ինչպե՞ս եք մեկնաբանում այս իրավիճակը»,- հարցն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ընդգծելով, որ հարցերն ուղղում է՝ հաշվի առնելով նաեւ ԿԸՀ-ի բացարձակ անկախությունը:

Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց՝ նման կանոնակարգում ԸՕ-ում կա, միշտ է եղել, բայց դրա կիրառումը հանձնաժողովի կողմից առաջին անգամն էր: Իսկ նորմի կիրառման մասով այսօր խոսվում է նոր նախագծի շրջանառության մասին, քանի որ, ըստ Տիգրան Մուկուչյանի, նորմի կիրառումը խնդիրներ է առաջադրել: Ուստի, այն հստակեցման եւ կատարելագործման անհրաժեշտություն ունի, քանի որ ԿԸՀ-ն միշտ վարչական վարույթ է իրականացրել, իսկ այս պարագայում գործ ունի մի վարույթի հետ, որն էականորեն տարբեր առանձ էականորեն տարբերվող առանձնահատկություններ ուներ:

«Ավելին, հանձնաժողովը չուներ իրավական ակտ, որը կողմերից որեւէ մեկի կողմից բողոքարկման առարկա չի կարող հանդիսանալ եւ այս պարագայում անորոշ իրավիճակ էր առաջացել եւ մենք չէինք պատկերացնում՝ թույլ տալ կամ թույլ չտալը կարո՞ղ կողմերը վիճարկել կամ չվիճարկել»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

Հիշեցնենք, խոսքը կալանքի տակ գտնվող ընդդիմադիր պատգամավորներ Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի , Առուշ Առուշանյանի եւ Արմեն Չարչյանի  մասին է:

Ըստ ԿԸՀ նախագահի` ամենախրթին հարցն էր միջնորդության բովանդակային քննարկում-չքննարկումը՝ պայմանավորված միջնորդության ինչպիսի՞ խորությամբ քննարկելու հետ:

Տիգրան Մուկուչյանը ձեռնպահ մնաց հարցի վերաբերյալ իր անձնական տեսակետը ներկայացնել, քանզի տվյալ պարագայում, ինքը ներկայացնում է պետական մարմին:

Աղվան Վարդանյանն այսպես արձագանքեց. «Բոլոր դեպքերում, եւ Մխիթար Զաքարյանի, եւ Արթուր Սարգսյանի, եւ Առուշ Առուշանյանի եւ պրոֆեսոր Արմեն Չարչյանի պարագայում հանձնաժողովն այդ որոշումը կայացրեց, ենթադրում եմ, քվեարկությամբ: Այս նորմի այդքան ոչ հստակության պարագայում, թույլ տվեք ասել, որ նման որոշումը բոլոր պարագաներում… բառը միասին կորոշենք հետո: Ուղղակի ուզում եմ հարցնել՝ Դուք, որպես հանձնաժողովի նախագահ, կո՞ղմ եք քվեարկել իմ նշած մարդկանց պարագայում անձեռնմխելիությունը հաղթահարելուն»:

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ բացի Արմեն Չարչյանի միջնորդության քննարկումից, մնացյալ երեքին չի մասնակցել՝ առողջական խնդիրների պատճառով, բայց դա չի նշանակում, որ չի կրում ԿԸՀ որոշման պատասխանատվությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031