Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սեփականության իրավունքը, որ տրամադրված է այս տարածքի նկատմամբ, առոչինչ է». «ֆիզգորոդոկի» հացադուլավոր բնակիչ

Օգոստոս 27,2021 14:21

Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանում կրքերը չեն դադարել, եւ բնակիչների պնդմամբ, ապօրինի շինարարությունը շարունակվում է, իսկ երկու բնակիչ՝ Հայկ Հարությունյանը  եւ Կարեն Ամիրխանյանը հացադուլ են հայտարարել: «Շինարարությունն այստեղ է կատարվում, հենց հուշարձանային համալիրի մեջ, այստեղ է աղճատվում: Մեր քաղաքապետարանի աշխատակիցները չեն գիտակցում, որ սա Հայաստանում արժեք ներկայացնող թաղամաս է, պատկանում է բոլորին, ոչ թե միայն բնակիչներին: Ու ԿԳՄՍ նախարարության փորձագիտական խումբը չունի փաստաթուղթ, որ այն հանված է հուշարձանների ցանկից», – լրագրողների հետ զրույցում ասաց Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի բնակչներից մեկը, որը Ասատրյան ներկայացավ:

Նրա խոսքով, կատարվածն ապօրինություն է. «Ոստիկանները մեզ ձերբակալում էին, բայց մենք պաշտպանում ենք հուշարձանային տարածքը, ու ձերբակալությունն ապօրինություն էր, որովհետեւ օրենքով տրված մեր լիազորություններն էինք կատարում»: Պարոն Ասատրյանը կարդաց նաեւ ԿԳՄՍ նախարարությունից իր նամակին տրված պատասխանը, որին կցված էին համապատասխան քարտեզ եւ արձանագրություն, որտեղ ասվում էր, որ Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանում գտնվող շինություններին տրվել է տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ: Այս համատեքսում է, որ բնակիչները պահանջում են փաստաթղթեր համապատասխան գերատեսչությունների կողմից, որ թույլատրվում է հուշարձանի տարածքում կառուցապատում իրականացնելը:

«Ժողովրդի ընդվզումը հենց ոչ լիարժեք փաստաթղթերի հետ է կապված… Բոլոր խորհրդարանական ուժերը՝ ընդդիմադիր, թե դիմադիր, երբ գալիս ժողովրդից քվե էին ուզում, թող հասկանան, որ սա նաեւ իրենց տարածքն է ու վեր կենան, գան պաշտպանեն», – ասաց գիտավանի բնակիչը:

Գիտավանի մեկ այլ բնակիչ, մասնագիտությամբ իրավաբան Հայկ Հարությունյանը, որ հացադուլ է հայտարարել, լրագրողների հետ զրույցում ասաց, որ շինարարությունն իրականացվում է պետական հողի վրա. «Մենք չենք ընդունում, որ սրա սեփականության իրավունքը պատկանում է որեւէ մասնավոր անձի: Գոյություն ունի հողային օրենսգրքի 60-րդ հոդված, որտեղ ամրագրված է, որ բնակավայրերի հողամասերի, այգիների, ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ, որոնք գտնվում են բնակավայրերում եւ հանդիսանում են համայնքային կամ պետական սեփականություն, չի կարող ճանաչվել մասնավոր անձանց սեփականության իրավունքը:

Այսինքն, սեփականության իրավունքը, որ տրամադրված է այս տարածքի նկատմամբ, առոչինչ է, որովհետեւ ակնհայտ ոչ իրավաչափ վարչական ակտի հետեւանք է հանդիսանում: Երեկ քաղաքապետարանում հանդիպեցինք Երեւանի քաղաքապետի խորհրդական պարոն Դավիթ Ճգնավորյանի հետ, 3 օր առաջ էլ էինք հանդիպել: Առաջին հանդիպման ժամանակ պահանջեցինք, որպեսզի մեզ տրամադրվեն թաքցվող փաստաթղթերը: Մասնավորապես բազմաթիվ հարցումներ են կատարվել, որոնցով քաղաքապետարանից պահանջել ենք տրամադրել հողային օրենսգիրք 60 հոդվածի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքը: Քաղաքապետարանը չի տրամադրել այն  պատճառաբանությամբ, որ իր մոտ տեղեկատվությունն առկա չէ: Մինչդեռ քաղաքապետարանը միակ մարմինն է, որ կարող է տրամադրել այդ տեղեկանքը:

Երեկ հանդիպման ժամանակ էլ պարոն Ճգնավորյանին տվել ենք գլխավոր հատակագիծը, որը տրամադրված է եղել Տիգրան Աղաջանյանին (Երևանի քաղաքապետարանի աշխատակից Ազատ Աղաջանյանի որդուն-Գ.Հ.) 2005 թ., որտեղ հստակ երեւում է, որ այս տարածքում գտնվում է սպորտային հրապարակ, կանաչապատ տարածք եւ շինությունը, որը կոչվել է նկուղ, նկուղ չէ, այլ  բետոն…

Հունիսի 29-ին էլ փաստաբանական հարցում էր ուղարկվել, որով պահանջվել էր տրամադրել բոլոր քաղաքաշինական փաստաթղթերը այս տարածքի վերաբերյալ եւ դրանց հիմքերը: Օգոստոսի 9-ին ստորագրված նամակով եւ օգոստոսի 19-ին փոստին հանձնված նամակով մեզ պատասխանել են, որ առկա է միայն նախորդ շինթույլտվությունը, որը վաղուց ուժը կորցրած է ճանաչվել, իսկ նոր շինթույլտվության մասին որեւէ խոսք չկա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031