Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստում ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճշտող հարցին՝ արդյոք պատվաստումների հետ կապված խնդիրներ կա՞ն, պատասխանեց. «Երկու պատվաստանյութերի հետ կապված՝ չինական եւ «ԱստրաԶենեկայի»-ի հետ կապված խնդիր չունենք, պաշարները համալրված են, «Սպուտնիկ Վ»-ի մատակարարման որոշակի հապաղումներ կային, բայց հուսով ենք, որ հաջորդ շաբաթ կստանանք երկրորդ խմբաքանակը։ Չկա որեւէ պոլիկլինիկա, որ գոնե երկու պատվաստանյութ իր մոտ առկա չունենա»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է այս իրավիճակի նկատմամբ հատուկ ուշադրություն դարձնել. «Ոստիկանությունը, տեսչական մարմինները պետք է վերահսկողական աշխատանքները շարունակեն, խստացնեն։ Ինչքան էլ մեր քաղաքացիների համար դա հաճելի չէ, բայց կարծում եմ՝ շատ ավելի հաճելի է, քան վերակենդանացման բաժնում հայտնվելը»։
Ըստ Փաշինյանի՝ պատվաստումների տեմպը պետք է շարունակվի. «Մեր նախնական պլանավորածից շատ ավելի մեծ ծավալներով ենք իրականացնում պատվաստումը»։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ