Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Հակոբյան․«Եթե մենք ուզում ենք, որ Ադրբեջանը մեզանից չուզի Զանգեզուրի միջանցք, մենք պետք է շատ արագ կառուցենք մեր ճանապարհները»

Օգոստոս 27,2021 14:05

Ադրբեջանցիների կողմից Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածի փակելն, ըստ «Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն»-ի համակարգող Թաթուլ Հակոբյանի, նոր իրավիճակ չէ, 1990-1992 թվականներն այդ ճանապարհը գրեթե չի օգտագործվել, այդ ճանապարհի վրա տասնյակ մարդիկ են անհետացել, սպանվել, վիրավորվել, որովհետեւ այդ ճանապարհը խորհրդային ժամանակներում անցնում էր Խորհրդային Ադրբեջանի տարածքով։

Այսօր «Հոդված 3» ակումբում Սյունիքի ճանապարհների փակման վերաբերյալ քննարկման  ժամանակ Թաթուլ Հակոբյանն ասաց՝ 1990-1992 թվականներին Երեւանից Կապան հասնելու համար ճանապարհը մեկ օր էր տեւում, մարդիկ անցնում էին Տաթեւի քանդուքարափ ներքին ճանապարհով։

«1993 թվականի օգոստոս-սեպտեմբերին, երբ հայկական ուժերը դուրս եկան արդեն Կուբաթլուի շրջան, ադրբեջանցիները հեռացան եւ այդ ճանապարհը սկսեց բնականոն գործել։ Այսինքն, սա նոր իրավիճակ չէ։ Նորությունն այն է, որ ՀՀ իշխանությունները չգիտակցեցին, որ պետք է ժամանակը ճիշտ օգտագործել եւ ներքին ճանապարհը հնարավորինս շուտ եւ արագ շահագործել, որովհետեւ այս իրավիճակներին մենք միշտ հանդիպելու ենք։ Ավելին, ՀՀ-ին պետք է այլընտրանքային ճանապարհ, ով ինչ ուզում է ասել, պետք է սթափ դատել»,-ասաց պարոն Հակոբյանը:

Նրա ներկայացմամբ՝ Գորիսից մինչեւ Կապան, ապա մինչեւ Ճակատեն գյուղ, ճանապարհն անցնում է բազմաթիվ հատվածներում կամ Խորհրդային Ադրբեջանի, որն այդ սահմանները վերականգնել է մեր պարտությունից հետո, սահմաններով կամ ճանապարհը մտնում է Ադրբեջանի տարածք․«Եվ եթե չկառուցենք, օգտվենք գործող ճանապարհից, ապա Ադրբեջանն անընդհատ պահանջելու է Զանգեզուրի միջանցքը։ 91-93 թվականներին հայկական զինված ուժերը կարողացան վերահսկողություն հաստատել այս տարածքների վրա, երթեւեկությունը վերականգնվեց։ 2020 թվականին, երբ մենք պարտվեցինք, ստորագրեցինք փաստաթուղթն ու խոստացանք Ադրբեջանին վերադարձնել բոլոր տարածքները, ճիշտ է, զինված ուժերը պետք է կանգնեին այն հատվածներում, որտեղ կանգնած էին հրադադարի օրը, բայց հայկական կողմը նաեւ զիջեց այս հատվածը, որովհետեւ դեկտեմբեր ամսին Որոտանում, Շուռնուխում, Չայզանի կոչվող հատվածում Կարմրաքարի մոտ, որը հիմա փակ է, այդտեղ ադրբեջանցիներ չկային, նրանք եկան դեկտեմբեր- հունվարին։ 8 ամիսների ընթացքում պետք էր շատ արագ ներքին ճանապարհը կառուցեինք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031