Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի կարծիքով՝ ադրբեջանցիների՝ Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածի փակելը պատրվակ է, եթե չլիներ այս դեպքը, կլիներ այլ դեպք։
Այսօր «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկման ժամանակ քաղաքագետը հիշեցրեց՝ այդ ճանապարհն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել ոչ նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ հայտարարությամբ, այդ հայտարարությունը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին, եւ ըստ այդ հայտարարության, զորքերը պետք է մնային այն դիրքերում, որտեղ գտնվում էին, իսկ հայկական զորքերն այդ հատվածում 50-10 կիլոմետր առաջ էին գտնվում, նրանք հետ քաշվեցին դեկտեմբերի 17-18-ին՝ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, եւ այդ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա ՀՀ զորքերը պետք է գտնվեին բացառապես խորհրդային սահմաններից ներս։
Իսկ թե ինչո՞ւ է Ադրբեջանը նման քայլեր անում, ըստ քաղաքագետի, այդ ամենը կապ ունի Հայաստանում կառավարության ձեւավորման եւ այդ գործընթացի ավարտի հետ․« Ադրբեջանն ուղերձներ է հղում, որ պայմանավորվածությունները, որոնք կան, եւ որոնք վերաբերում են Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհների հատկացմանը՝ երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցություն, արդեն ժամանակն է, որ իրականացվեն, մենք սպասում էինք մինչեւ հունիսի 20-ը եւ այլն։ Հիմա Ադրբեջանն ասում է՝ այլեւս որեւէ հիմք չկա կամ Հայաստանը չի կարող որեւէ ռացիոնալ բացատրություն տալ, թե ինչու ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչվել չեն կարող։ Ինձ թվում է՝ իրենք ստուգում են մեր քաղաքական ուժերի եւ նաեւ հասարակական արձագանքն այս ամենին, եւ դատելով արձագանքից, առանձնապես դիմադրություն չկա, ոչ միայն հասարակության, այլեւ քաղաքականապես ակտիվ բնակչության շրջանում»։
Պարոն Պողոսյանի կարծիքով՝ մի վտանգավոր բան էլ կա՝ երեկ վարչապետը հայտարարեց, որ Սյունիքը կտրված չէ Հայաստանից, կա գրունտային ճանապարհ․«Դա շատ վտանգավոր հայտարարություն է, եւ ես մոտավոր պատկերացնում եմ, թե ինչպիսին կլինի մեր արձագանքը, երբ օրինակ Տիգրանաշենը հանձնենք, որովհետեւ, եթե այս դեպքում ասում են՝ գրունտային ճանապարհ կա, մյուս դեպքում էլ Երասխը կամ Երեւանը Զանգակատանը կապող այլընտրանքային ճանապարհ կա, որը ասֆալտապատ է։ Եթե Սյունիքի դեպքում բացատրություն է տրվում, որ կա գրունտային ճանապարհ, ապա այս դեպքում կա ասֆալտ, ու հասարակությունն էլ նորմալ կընդունի, թե՝ չենք գնա Երեւան- Երասխ-Պարույր Սեւակ-Տիգրանաշեն -Զանգակատուն ճանապարհով, այլ՝ Արարատ չհասած կթեքվենք Վեդի եւ այնտեղի ասֆալտապատ ճանապարհով կգնանք Զանգակատուն ու կշարունակենք»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ