Հունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ ընտրությունների օրը, ԿԸՀ-ն աննախադեպ հաքերային հարձակման է ենթարկվել: Այս մասին Հայաստանի խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա հանձնաժողովում ներկայացնում էր ԿԸՀ հաղորդումը՝ արտահերթ ընտրությունների մասին:
Ըստ ԿԸՀ նախագահի, հարձակումները սկսվել են, երբ սկսվել էր էլեկտրոնային քվեարկության արդյունքների ամփոփումը, եւ ավարտվել են առավոտյան ժամը 3-ին:
Ընդհանուր առմամբ, ըստ ԿԸՀ նախագահի, արտահերթ ընտրությունները կազմակերպվել են երկրի օրենսդրությանը համապատասխան եւ ԿԸՀ աշխատանքում ձախողումներ չեն եղել՝ չնայած կորոնավիրուսի համավարակի պայմաններում, առաջին անգամն էր ԿԸՀ-ն արտահերթ ընտրություններ կազմակերպում: Այս արտահերթ ընտրությունների մյուս առանձնահատկությունը, Տիգրան Մուկուչյանը համարում է ընտրություններից կարճ ժամանակ առաջ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց արդյունքում, ըստ էության, նոր ընտրակարգ էր կիրառվում՝ հանվել էին տարածքային ընտրական ցուցակները, առաջին անգամ քվեարկություն էր կատարվում առանց գրիչների: Մյուս առանձնահատկությունը առաջադրված թեկնածուների մեծ թիվն էր:
Կարդացեք նաև
Ըստ ԿԸՀ նախագահի, սահմանված ժամկետներում ԿԸՀ-ն կազմակերպել է աշխատանքները՝ ըստ սահմանված ժամանակացույցի:
Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ ընտրությունների անցկացման համար ԿԸՀ-ին հատկացված 3 մլրդ 16 մլն 543 հազար դրամի մոտ 90 տոկոսն ուղղվել է հանձնաժողովների անդամների եւ մասնագետների աշխատավարձերին:
Ի դեպ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ընտրվեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ