Աֆղանստանում իշխանության եկած Թալիբան շարժումն առաջարկել է Թուրքիային՝ իր վրա վերցնել Քաբուլի քաղաքացիական օդանավակայանի կառավարումը, իսկ անվտանգության հարցերով իրենք կզբաղվեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:
«Թալիբներն առաջարկել են զբաղվել Քաբուլի օդանավակայանի կառավարմամբ: Ու՞մ են առաջարկել: Մեզ: Ասում են, որ կապահովեն անվտանգությունը, բայց վարչական աշխատանքները մեզ են առաջարկել: Մենք առայժմ պատասխան չենք տվել, որոշում չենք կայացրել»,- ասել է նա՝ հավելելով, որ որոշում չեն կայացրել հենց օդային տարածքի անվտանգության նկատառումներից ելնելով:
Էրդողանը նշել է, որ Անկարայի կապերը շարժման հետ հնարավոր են միայն ցանկության և առիթի դեպքում: «Ոչ մեկն իրավունք չունի մեզ ցույց տալ՝ ում հետ խոսենք, ում հետ՝ ոչ: Մենք թույլտվություն չենք խնդրելու»,- ասել է Էրդողանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ