Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիդերլանդների ԱԳ նախարարը վերահաստատել է հայ ռազմագերիների ազատման ուղղությամբ Ադրբեջանի վրա ճնշումը պահպանելու հանձնառությունը

Օգոստոս 27,2021 11:38

Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը ծավալուն նամակով պատասխանել է ս.թ. հուլիսի 14-ին խորհրդարանականների կողմից կառավարությանն ուղված հարցերին, որոնք վերաբերում են հետպատերազմյան շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, Արցախի շուրջ զարգացումներին, գերիների խնդրին, ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին և Հայաստանում ընթացող ներքին բարեփոխումներին։

Հատկանշական է, որ հարցերի հեղինակ պատգամավորները ներկայացնում են բոլոր 4 կոալիցիոն խմբակցությունները (VVD, D66, CDA, Cristian Union) և նախարարի նամակում պատասխաններից բացի տեղ են գտել նաև Ղարաբաղյան հակամարտության, Ադրբեջանում բռնաճնշումների, Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ Նիդերլանդների կոալիցիոն քաղաքական ուժերի և կառավարության կոնկրետ դիրքորոշումներն արտահայտող տարբեր մեկնաբանություններ։

Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի կապակցությամբ նախարար Կաախը նշել է, որ Նիդերլանդները, և՛ երկկողմ մակարդակում և՛ ԵՄ միջոցով, Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլոր գերիներին։ Այդ խնդրի մասին Նիդերլանդները բարձրաձայնել է նաև ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում։ Նախարարն ընդգծել է, որ հարկավոր է շարունակել դիվանագիտական ճնշումը Ադրբեջանի նկատմամբ՝ բոլոր գերիների ազատ արձակմանը հասնելու նպատակով։

Ռազմական հանցագործությունների հետաքննության հարցի առնչությամբ նախարարը հայտնել է, որ Նիդերլանդները շարունակելու է պաշտպանել անկախ հետաքննության իրականացման և պատասխանատվության կարևորությունը։ Նա նաև հայտնել է, որ Հայաստանը դրական է արձագանքել անկախ հետաքննության առաջարկությանը, սակայն Ադրբեջանից արձագանք չի եղել։

Հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի վերաբերյալ Ս. Կաախն ասել է, որ իրավիճակը սահմաններում անկայուն է, հրադադարը փխրուն է և առաջնային խնդիրը մնում է հակամարտության խաղաղ և տևական լուծման տարբերակ գտնելը։

ԱլԳ ձևաչափում վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում և Ադրբեջանում ժողովրդավարության, արդյունավետ կառավարման և օրենքի գերակայության ոլորտներում արձանագրված առաջընթացի մասին իր գնահատականներում նախարարը նշել է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, նշված ուղղություններով Հայաստանի հետ համագործակցությունը բավականին առաջ է գնացել, քանի որ Հայաստանը 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո մեծ հանձնառություն է դրսևորել նշված ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու առումով։

Տարածաշրջան ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու կապակցությամբ նախարարը նշել է, որ այցելությունը նախատեսված էր ընթացիկ տարվա հունիսին, սակայն այն չի կայացել։

Ադրբեջանում Նիդերլանդների դեսպանի Շուշի կատարած այցելությունը նախարարը բացատրել է այն համոզմունքով, որ իրենք կարծում են, թե դա առիթ էր տեղում իրավիճակին սեփական աչքերով ծանոթանալու և ավելի մանրամասն տեղեկատվություն հավաքագրելու համար։

ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զորքերի գտնվելու փաստի վերաբերյալ նախարարն ասել է, որ զորքերը տեղակայված են սահմանամերձ շրջաններում, որոնք, համաձայն խորհրդային քարտեզների, ՀՀ տարածքներ են, սակայն Ադրբեջանն այլ քարտեզներ է ներկայացնում՝ դրանք հերքելու համար։ Ս. Կաախը հաստատել է նաև, որ տեղյակ է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում իրականացնելու ՀՀ վարչապետի առաջարկին, որը մշտապես ստացել է ԵՄ աջակցությունը, սակայն Ադրբեջանը դեռևս չի համաձայնել դրան։ Նախարարը նաև ընդգծել է սահմանային միջադեպերը նույնպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափով քննարկելու կարևորությունը, քանի որ դրանք առաջացել են հակամարտության հետևանքով և մեծ ռիսկեր են պարունակում տարածաշրջանի խաղաղ բնակչության անվտանգության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031