Լրահոս
Օրվա լրահոսը

Միջպետական ճանապարհը հանձնելու մանդատը

Օգոստոս 27,2021 10:00

Ադրբեջանցի զինծառայողները  Սյունիքում փակել են մեր ամենակարեւոր միջպետական ճանապարհը: Այդ առիթով վարչապետ Փաշինյանը խորհրդարանում նշեց, որ հարցի շուրջ գնում են բանակցություններ, բայց  դեպի Կապան սարերով կան այլ ճանապարհներ: Եվ այդ հպանցիկ անդրադարձից հետո քննարկումն ԱԺ-ում գնաց սովորական սցենարով՝ «բա որ ձեր ժամանակ այսինչը արեցիք կամ այնինչը չարեցիք»: Ընդդիմությունն էլ կուլ է գնում այդ օրակարգին, եւ երկու կողմերն էլ շատ արագ շեղվեցին իրենց սիրած թեմաների վրա:

Ամբողջ խնդիրն այն է, որ եթե անգամ 5, 10 կամ 20 տարվա իրադարձություններն են այսօրվա իրավիճակի պատճառը, դա չի չեղարկում այն փաստը, որ Հայաստանի միջպետական ճանապարհը վերահսկվում է հակառակորդի կողմից, ինչը, բնականաբար, լուրջ հարված է թե՛ մեր տնտեսությանը (չմոռանանք նաեւ, որ այդ ճանապարհով Հայաստանը կապվում է Իրանի հետ) եւ թե՛ այնտեղ ապրող մարդկանց շահերին: Դա նաեւ ապացույցն է այն իրողության,  որ Հայաստանի զինված ուժերը, որքան էլ բուռն բարեփոխումների շրջան ապրեն, որեւէ դիմադրություն ցույց չեն տալիս թշնամու ագրեսիվ գործողություններին:

Բայց պետք է արձանագրենք նաեւ, որ այդ արտառոց իրավիճակը չի հուզում մեր քաղաքացիների մեծամասնությանը: Օրինակ, Սյունիքի մարզի բնակիչները, որոնց կյանքը վտանգի տակ է եւ որոնք անմիջապես տուժում են ներքին շրջափակումից, չեն գալիս Երեւան կառավարության շենքի մոտ ու չեն պահանջում լուծել խնդիրը: Գուցե իրոք մտածում են, որ այստեղ մեղքն ամբողջությամբ «նախկին իշխանությանն» է: Գուցե վերջնականապես հիասթափվել են եւ կամաց-կամաց հավաքում են իրենց ճամպրուկները: Թերևս, ճիշտ էլ անում են, որ չեն բողոքում. թե չէ իշխանությունները կկասկածեն որեւէ համայնքապետի՝ ցույցը կազմակերպելու մեջ եւ նրա դեմ գործ կսարքեն:

Եթե այդ մարդիկ (ասենք, Կապանի բնակիչները) չեն բողոքում, ապա մնացած զանգվածից դժվար է ակնկալել, որ նրանք շատ հուզվեն: Չեմ նկատել այդպիսի բան: Դրանից ես կարող եմ եզրակացնել, որ ավելի քան 600 հազար քաղաքացի, հունիսի 20-ին իրենց ընտրությունը կատարելով, իշխանությանը մանդատ է տվել նաեւ այդ միջպետական ճանապարհը ադրբեջանցիներին հանձնելու: Հենց այդ պատճառով է, որ ո՛չ խորհրդարանում, ո՛չ էլ այլ հարթակներում այդ խնդիրը լրջորեն չի քննարկվում: Քաղաքացիներն իրենց ընտրությունը կատարել են:

Ի դեպ, ի՞նչ եղավ պաշտպանության նախարարը, որը հրամայել էր կրակել մեր սահմանն անցնող ադրբեջանցի զինծառայողների վրա:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Armen says:

    Այսինքն սա հասկանանք կոչ Սյունիքի բնակիչներին, որ մենք գա՞նք Երևան, իրո՞ք…

    • Ասֆալտին պառկեցված says:

      Խոսքը վերաբերում է Սյունիքի անվտանգության և ապահովության մասին մտահոգվող սյունեցիներին, իսկ զոմբիները թուրքի հետ քիրվայություն անելուն պատրաստ են, ինչու? ավելորդ մտահոգվեն։

  2. Հայ մարդ says:

    Փաշինյանն արդեն Կապան գնալու այլընտրանքային ճանապարհների մասին է խոսում, պարզ չէ՞, որ ներկայիս գործող ճանապարհները վերջնականապես զիջելու մասին է ակնարկում: Ինքը ընտրությունների ժամանակ չասաց, որ ազերիներին զիջումներ եմ անելու և ինձ դրա համար մանդատ տվեք, այլ ասաց՝ եթե ինձ մանդատ տաք, ապա նախկիններին «շինելու եմ»: Քանի որ մեր ժողովրդը նախկիններից զզված էր, ժողովրդի մի մասը «շինելու» մանդատը նրան տվեց: Հիմա էլ ասում է՝ քանի որ ժողովուրդը ինձ մանդատ է տվել, ապա ինչ էլ որ անում եմ, ժողովրդի համար եմ անում: Եվ ստացվում է, որ Սոթքում, Սև լճի տարածքում, Սյունիքի ճանապարհներին զիջած տարածքներն էլ է ժողովրդի համար արել: Միայն օտար պետությունները կընդունեն, որ հայկական հողերի զիջումը ժողովրդի համար է արվում, քանի որ օտարների համար միևնույնն է՝ թե որ ժողովրդի համար է արվում, հա՞յ ժողովրդի, թե՞ ազերի ժողովրդի համար: Իսկ հայ ժողովրդի համար դա խիստ բախտորոշ հարց է և իր հողերը թշնամուն զիջելու մանդատ նա ոչ մեկին չի տվել:

  3. Հ.Շ. says:

    Բայց, լրջօրէն, այդպէս ալ՝ է: Այդ մանդատը իսկապէս տրուել է, եւ դեռ աւելին, նոյն ուղղութեամբ:

    600000 քաղաքացիներ, որոնց վրայ կարելի է գումարել անոնք որոնք չքուէարկեցին, այս վարչակարգին վստահեցան մի բան՝ խաղաղութեան հաստատում: Ի գին՝ ամէն ինչի: Ի գին՝ ամէն բանի. ո՛րեւէ բանի:

    Իսկապէս կասկած ունի՞ք, որ շատեր կը շարունակել բնակիլ Հայաստանի այն աւաններում, որոնք «սահմանագծման» գործընթացեն ետք, կը յայտնուին՝ Ադրբեջանում:

    Այդպէս չէ՞ր արդէն, Արցախի ազատագրումէն առաջ… Հայեր եւ թուրքեր, գոյակցում էին Հայաստանի եւ Ադրբեջանի մէջ: Բիւրաւոր հայեր – որոնց մի մասն են միայն այդ վեց հարիւր հազարը -, ուզում են պարզապէս վերադառնալ իրենց համար երանելի այդ ժամանակներին: Երանելի՝ կարօտախտի իմաստով, սակայն նաեւ ու մանաւանդ, այս մասնայատուկ նիւթին մէջ՝ որպէս… աշխարահայեացք:

    Միեւնոյն մօտեցումով, ոչ-հայաստանցի բիւրաւոր հայեր խորապէս կը հաւատան թէ, խորքին մէջ, ժողովուրդների մակարդակի վրայ, երբեւիցէ խնդիր չի եղել հայերի եւ թուրքերի միջեւ, Օսմանեան կայսրութեան վախտ: Անոնց այժմու ամենակարկառուն ներկայացուցիչը, սրտագին բարեմաղթումներով դիմաւորեց այս վարչակարգը վերահաստատումը: Ի դէպ, նրա նախորդը… թուրքերը սպաննեցին !

    Նշեմ, որ այդ տիպի «գաղափարներ» բազմիցս կարդացել եմ նաեւ, այս էջին վրայ:

    Հիմա սակայն, տարօրինակ հանդարտութիւն մը կայ, մէջս… Քանզի սիրելիի մը երկարատեւ հոգեվարքը շատ աւելի դժուար է դիտելը, քան թէ նրա վերջին շունչը – որ արդէն, սփոփանք կը պատճառէ – :

    Երբ որ Աղէտը ամբողջանայ, ամէն բան լրանայ, վերջանայ, երեւի գալու է մի օր, որ թերեւս հասկանալու էք թէ ինչո՞ւ իմ նմանները, շատ չէին խօսիր նախկին վարչակարգների դէմ:

    Էական պատճառը այն էր, որ լաւ գիտէինք թէ այս էր, այժմու վիճակն ու դեռ գալիք ապագան էին ՝ միմիակ այլընտրանքը, եթէ «Հայաստան» կոչուող այդ թէական երկրի ճակատագիրը կախեալ լինէր Հայութեան մեծամասնութեան կամքից:

  4. Ruben says:

    Վաղը քայլող հանրության (600 000) ղեկավարը կարող է հայտարարել, որ Տիգրանաշենը Քյարքի է և օտար տարածք ու կհրավիրի իր ընտրողներին երթևեկել Վեդիով:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031