Կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանը այս տարի կդառնար 65 տարեկան. նրա կյանքն ընդհատվեց 45-ում։ Անվանի կոմպոզիտորը կարճատեւ ստեղծագործական կյանքի ընթացքում հասցրեց թողնել բարձրարվեստ գործեր, այդ թվում՝ կամերային սիմֆոնիա, լարային կվարտետ, վոկալ եւ գործիքային մանրանվագներ, թատերական երաժշտություն, երգեր՝ մեր դասականների՝ Վահան Տերյանի, Վահան Թեքեյանի, Ռազմիկ Դավոյանի բանաստեղծություններով եւ այլն։ 1990թ.-ին՝ մեր պետության համար ճակատագրական օրերին, Երեւանի օպերային թատրոնում կայացավ նրա «Ճպուռն ու մրջյունը» մանկական օպերան։ Երիտասարդ արվեստագետը դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, դասախոսություններ է կարդացել Հալլեյի Մ. Լյութերի անվան համալսարանում։ Լուսիկյան մտավորականի մտահոգությունների կենտրոնում միշտ եղել են մշակույթի ոլորտի հարցերը, հատկապես՝ երբ նա 1992-98թթ. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար էր։
Հանրային ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրությունում աշխատածս տարիներին քանիցս զրուցել եմ կոմպոզիտորի հետ եւ մշտապես զարմացել նրա համեստությամբ՝ սեփական ես-ը թողնելով մի կողմ, նա բարձրաձայնում էր ոլորտի առջեւ ծառացած խնդիրների մասին։ Վերջին հարցազրույցներից մեկում, ինչից անցել է շուրջ քառորդ դար, նա դարձյալ անդրադարձել էր ոլորտի խնդիրներին, որոնք այսօր էլ արդիական են։
Մեջբերենք կոմպոզիտորի խոսքից մի հատված, որը կարծես հենց երեկ է ասվել. «Այսօր ունենք սուվերեն պետություն եւ նրա մեջ ծավալվող մշակութային գործունեություն։ Դա նշանակում է, որ կա մարդկանց մի մեծ խումբ, որ գործում է այս բնագավառում։ Բնական է, որ մարդիկ ունեն սպասելիքներ իրենց պետությունից իբրեւ հովանավորություն։ Իմ կարծիքով՝ այսօր մի հիվանդագին իրավիճակ է ստեղծվել, երբ թվում է, թե պետությունը արվեստագետին պարտք է։ Այսինքն՝ արվեստագետը մեծ լավություն է անում պետությանը, որ իր գործով է զբաղվում։ Ես կուզեի, որքան էլ որ դա դժվար լինի, ռեալ դատողությունը տարանջատել տարերային ցանկություններից։ Նախ՝ արվեստագետը պետք է ապացուցի, որ ինքն արժեք ունի։ Իհարկե, դա ենթադրում է նպաստավոր պայմանների առկայություն, հնարավորություն՝ ապացուցելու սեփական ասելիքը, ինչու չէ՝ նաեւ երկրի պատվավոր անունը կրելու իրավունքը։
Տեսեք՝ բոլոր թատրոնները պետական պատվերներ են ստացել, երաժշտական կոլեկտիվները նույնպես հովանավորվում են, բայց ես չեմ գտնում, որ այսօրվա էական պրոբլեմները զուտ սոցիալական են կամ պետք է բխեն դրանից։ Օրինակ՝ ժողովրդական երաժշտության ոլորտը. կան պետական ժողկոլեկտիվներ, որոնք, բնականաբար, ունեն պետական կարգավիճակ։ Բայց արի ու տես, որ ճգնաժամ է ապրում այս ոլորտը, որովհետեւ այսօր նրանց կողքին հանրապետությունում կան բազմաթիվ նույնատիպ խմբեր, որոնք բուռն գործունեություն են ծավալում, հրավերներ ստանում, հյուրախաղերի մեկնում, մասնակցում փառատոների։ Նման կոլեկտիվները ապացուցում են իրենց գոյության իրավունքը, բայց պետությունից աշխատավարձ են ստանում մարդիկ, որոնք ընդհանրապես բեմ դուրս չեն գալիս։ Սխալը հենց այստեղ է, այն մտայնության մեջ, թե արվեստագետը պետությունից պետք է գումար ստանա։ Ուղիղ ասած՝ դա ճիշտ չէ։ Պետությունը կարող է պայման ստեղծել, նույնիսկ ավելի մեծ գումարներ ծախսել այդ նույն պայմաններն ստեղծելու համար, քան տրվող աշխատավարձն է։ Բայց հարցը սկզբունքային է. չէ՞ որ պայմանը ստեղծվում է, որպեսզի արվեստագետը վաստակի կամ ապացուցի, կամ կայանա… Շատ կուզենայի, որպեսզի գիտակցվի այն իրողությունը, որ պետք է աշխատել ծրագրերով, այսինքն՝ ֆինանսավորվելու են ծրագրերը։ Եթե ասենք, թե մեր մշակույթին քիչ գումար է տրամադրվում, դա ուղղակի սուտ կլինի։ Հսկայական գումարներ է տրամադրվում, այն տրամադրվում է հսկայական մի ցանցի, որի օղակներից շատերը պատմության, ժամանակի, ճակատագրի բերումով մշտական գրանցում են ստացել այդ ցանցում։ Ստացվում է, որ այսպես կոչված՝ ցանցի աշխատող արվեստագետը պետք է գումար ստանա անպայման, որովհետեւ ինքն աշխատանքային գրքույկ ունի։ Չգործող օրգանիզմներ այսօր գոյություն ունեն Հայաստանում։ Հարկ չեմ համարում այդ կոլեկտիվների անունները տալ, իրենք շատ լավ գիտեն… Այստեղ արժանապատվորեն դուրս գալու հարցն է, մի նուրբ հարց, որը մեզ մոտ արդեն ճգնաժամ է ապրում, եւ այն տպավորությունն է ստեղծվում, թե մերժված մարդիկ կան։ Փառք Աստծո, մեծերը՝ որ այսօր էլ կան մեր արվեստում, իսկապես գործող մարդիկ են։ Այդ մտավորականների համար արվեստով զբաղվելը, մշակույթ պահպանելը այն է՝ ինչ իրենց երկիրն ու երկրի սահմանները պաշտպանելը։
Կարդացեք նաև
Մեզանում հաճախ շեշտվում է, թե բազմադարյա մշակութային ազգ ենք, առանց մշակույթի մեր ժողովուրդը չկա, որ մենք դրսում կարող ենք միայն մշակույթ ներկայացնել։ Իհարկե, դա այդպես է։ Բայց դա չի կարելի դարձնել այսօրվա անգործության արդարացում, էլ չեմ ասում՝ վարձատրվելու պահանջ։
Կուզենայի, որպեսզի մշակույթում եղած հարցերը միայն սոցիալականի հետ չկապվեին, կեղծն ու շիտակը, մոլորությունն ու սուտը իրարից տարբերելու համար մեծ զգուշություն է պահանջվում։ Կեղծ մտավորականների մի խումբ գոյություն ունի, որը չգիտես ինչից ում է պաշտպանում, իբր մշակույթն ուզում է անպայման փրկի… Դրա կողքին տաղանդավոր երիտասարդների հսկայական մի խումբ կա, որը գումարների «զբաղեցրած» տեղաբաշխման պատճառով պետությունից ֆինանսավորվելու շանսն է կորցնում։ Ասածիս առիթով ընդամենը մի օրինակ. շատ կուզենայի, որ այս տարի ֆինանսավորվեր Գյումրիի երգչախումբը՝ հիանալի մի կոլեկտիվ։ Բայց, ցավոք սրտի, փողերը զբաղված են…»։
Ի դեպ, նման կոմպոզիտորի ու մտավորականի, ցավոք, միակ «հուշարձանը» եղել ու մնում է 2012-ին հրատարակված Դանիել Երաժշտի «Ստեփան Լուսիկյան» մենագրությունը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.08.2021
Համաձայն եմ Լուսիկյանի տեսակետի հետ, բայց, հիշեցնեմ, որ նրա նախարարությունում աշխատած տարիներին հիմնադրվեցին կոլեկտիվներ, որոնք մինչ օրս իրենց չեն արդարացրեկ …