Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ով եւ ինչ է շահելու խաղաղությունից

Օգոստոս 27,2021 12:00

Արցախի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգ պետք է բերվի

«Եթե ժամանակին պատժամիջոցներ կիրառվեին Հայաստանի նկատմամբ, եթե Մինսկի խմբի համանախագահներն օգտագործեին աշխարհի երեք առաջատար երկրների ներուժի 5% -ը` համոզելու կամ ստիպելու Հայաստանին դուրս բերել իր օկուպացիոն ուժերը, պատերազմ չէր սկսվի», նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիեւը 44-օրյա պատերազմը սկսելու, դրա արդյունքների վերաբերյալ սկսել է ուշագրավ խոստովանություններ անել:

Նոյեմբերի 9-ից հետո նա փորձում էր համոզել, որ ադրբեջանական բանակը «հաղթել է», «ԼՂ-ի խնդիրը լուծել է»՝ առանց կողմնակի աջակցության: Սակայն օրեր առաջ նա հանդես է եկել մեկ այլ ուշագրավ արձանագրմամբ: Ալիեւը CNN Turk-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ ԼՂ-ի պատերազմում Թուրքիայի դերին՝ նշելով, որ պատերազմում կարեւոր օգնություն էր ոչ միայն անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Անկարայի կողմից, այլ նաեւ Թուրքիայի ղեկավարի, նախարարների, բանակի անվերապահ աջակցությունը. «Առանց Թուրքիայի աջակցության Ադրբեջանը մեծ խնդիրներ կունենար։ Թուրքիան մեզ համար հայրենիք է, Ադրբեջանը ձեզ համար հայրենիք է: Թուրքիան ոչ միայն «Բայրաքթար»-ներ էր մատակարարում, այլ նաեւ այլ զինատեսակներ, այդ թվում՝ «Կոբրա» տեսակի ռազմական մեքենաներ։ Եվ այդ պրոցեսը շարունակվում է։ Մաշալլահ, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը զարգանում է շատ արագ, եւ մենք, իհարկե, օգտվում ենք դրանից»։

Մեզ համար, իհարկե, նորություն չի Ալիեւի ասածը, սակայն դրանք շատ կարեւոր հայտարարություններ են պաշտոնական Երեւանի համար՝ անգամ, եթե մեր իշխանությունները ցանկանում են խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ:

Ադրբեջանն էլ պարբերաբար հայտարարում է, թե՝ «ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ»: Բայց խնդիրն այն է, որ Ալիեւը ցանկանում է իր պատկերացրած պայմաններով խաղաղության հաստատում՝ «Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, եւ սկսվի սահմանազատման, այսինքն՝ սահմանների հաստատման գործընթաց»։

Ի՞նչ է թաքնված՝ «թող Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» պահանջի տակ, հրաժարում Լեռնային Ղարաբաղից: Մինչդեռ մինչեւ 2018թ. ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններն իրենց համատեղ հայտարարություններում հստակ ընդգծում էին: Այսօր այդ թեման առհասարակ դուրս է եկել «բանավեճի» օրակարգից: Այսինքն, պատերազմի արդյունքով՝ Ալիեւը վերացրեց ինքնորոշման սկզբունքը՝ որպես պարտադիր պահանջ ներկայացնելը:

1994թ. զինադադարի կնքումից հետո Հայաստանի բոլոր ղեկավարները ադրբեջանական «գրավյալ տարածքների» շուրջ բանակցություններ, այո՛, վարել են, այս առումով, Փաշինյանը ճիշտ է ասում: Սակայն ամենագլխավորն այն է, որ դրանք եղել են Բաքվի հետ բանակցությունների, կոպիտ ասած՝ «առեւտրի» թեմաներ, այսինքն, եթե մենք վերադարձնում ենք «ադրբեջանական գրավյալ այս, կամ այն տարածքը, ուրեմն, պետք է ստանանք՝ սա, կամ նա»: Իսկ ԼՂ-ի ինքնորոշման սկզբունքի ընդունումն, իսկապես, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին բավական սուր դրվել է Ալիեւի առջեւ, Ալիեւն այդ մասին խոստովանել է հրապարակային, որ միջազգային հանրությունը փակ դռների հետեւում իրեն ստիպում է ճանաչել ԼՂ անկախությունը: Հետեւաբար, Փաշինյանը ճիշտ չէ, երբ այս ոճով է արդարացնում 44-օրյա պատերազմի ելքը՝ «նախկինները վաղուց գնացել, բանակցել, հանձնել էին»:

Իսկ հիմա մենք չգիտենք, երբ Հայաստանի իշխանությունները կարեւորում, շեշտում են Արցախի ժողովրդի իրավունքները ու խոսում են նրանց անվտանգության մասին, ինչպե՞ս են պատկերացնում հայկական մնացած Արցախի կարգավիճակը: Պաշտոնական Երեւանին հաջողվո՞ւմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների միջոցով ձեւավորել այդ օրակարգը ու Ալիեւի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Առհասարակ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պաշտոնական Երեւանը խնդի՞ր է դրել դարձնել միջազգային օրակարգային հարց:

Ալիեւն, օրինակ, արդեն «գլուխ է գովում», որ «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը դարձրել է միջազգային տերմին, ու տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատումը պատկերացնում է այլ ձեւով, նա խոստանում է՝ «ճանապարհների բացում», «Զանգեզուրի միջանցքի ստեղծում»։ Պաշտոնական Երեւանը շարունակում է պնդել, վստահեցնել, որ «միջանցքի ստեղծման» հասկացողության շուրջ չի բանակցել ու չի բանակցելու:

Օգոստոսի 24-ին ԱԺ-ում ունեցած իր ելույթում Փաշինյանը նշեց. «Ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի ճանապարհ ստանա Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության հետ տրանսպորտային հաղորդակցության համար, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պետք է ճանապարհ ստանա իր արեւմտյան շրջանների՝ Նախիջեւանի հետ տրանսպորտային կոմունիկացիոն հաղորդակցության համար, եւ այս մասին մի քանի անգամ խոսելու առիթ ունեցել եմ: Բայց, միեւնույն ժամանակ, մենք չենք հերքել եւ չենք հերքում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման որոշակի ռիսկեր պարունակում է Հայաստանի պետական շահերի համար, եւ սա է պատճառը, որ Կառավարության ծրագրում նշել ենք, որ ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային եւ կենսական շահերի հաշվին»:

Եթե պատկերացնենք հաջողվում է Ալիեւին համոզել՝ ետ կանգնել «միջանցքի» ստեղծման գաղափարից (ինչը, իհարկե, խիստ անհավանական է), պաշտոնական Երեւանը պատկերացնո՞ւմ է, թե ինչու պետք է ՀՀ քաղաքացիները Վրաստանով Ռուսաստան մեկնելուց ավելի նախընտրեն օգտվել Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան ճանապարհից, առավելեւս, եթե խոսքը վերաբերելու է բեռնափոխադրողներին:

Իսկ թե ինչ նշանակություն ունի «Զանգեզուրի միջանցք» ասվածը Բաքվի ու Անկարայի համար՝ նրանք դա հստակ ներկայացնում են: Նույն հարցազրույցում Ալիեւը նշեց դրանք. «Ադրբեջանը կմիանա Թուրքիային նոր տրանսպորտային նախագծով… Ադրբեջանը երկաթուղային ճանապարհով կմիանա իր անբաժան մասին` Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Միաժամանակ, մենք պահանջում ենք, որ ավտոճանապարհ բացվի Հայաստանի վերահսկողության տակ գտնվող արեւմտյան Զանգեզուրով։ Դժբախտաբար, Հայաստանն առարկում է դրա դեմ։ Մինչեւ վերջին օրերս առարկում էր Զանգեզուրի միջանցքի բացման դեմ։ Մի քանի օր առաջ այնտեղ դրական կարծիք եղավ, որ նրանք նույնպես դեմ չեն», – ասել էր Ադրբեջանի նախագահը։ «Զանգեզուրի միջանցքը», ըստ նրա, նաեւ հնարավորություն կտա Թուրքիային տրանսպորտային կապ հաստատել Միջին Ասիայի երկրների հետ, եւ «Զանգեզուրի միջանցքի լիակատար գործառնության համար» պետք է լինի թե՛ երկաթուղի, թե՛ ավտոճանապարհ: «Այսինքն՝ դա նոր հնարավորություն կլինի թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի եւ թե՛ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի համար»,- նշել էր Ալիեւը։

Փաշինյանն ԱԺ-ում ունեցած իր ելույթում հստակ խոստովանեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման «որոշակի ռիսկեր պարունակում է Հայաստանի պետական շահերի համար», հետեւաբար, մեր հասարակությանը պետք է ներկայացվի, թե ինչ գործիքներ է բանեցնում պաշտոնական Երեւանը, որպեսզի պաշտպանի պետական շահը, որպեսզի Հայաստանից զիջումներ չակնկալեն, չպահանջեն, եւ որ ամենակարեւորն է՝ «խաղաղության հաստատման» կողմնակից Ալիեւը կրկին պատերազմ չսանձազերծի, որը դատելով նրա հայտարարություններից՝ Բաքվի համար մնում է որպես՝ հնարավոր վերջին տարբերակ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 26.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031