Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատասխանող ԱԺ-ի կարծիքով՝ «Ցանկացած տարբերակված մոտեցում չէ, որ հանգեցնում է խտրականության»

Օգոստոս 27,2021 13:30

Օգոստոսի 2-ին Սահմանադրական դատարանը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը ճանաչել է Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող: Ի՞նչ է տեղի ունեցել դռնբաց, բայց գրավոր ընթացակարգով քննված գործի շրջանակներոմ:

ՍԴ որոշումը պաշտոնական կայքում տպագրվելուց հետո փորձենք անդրադառնալ դիմող եւ պատասխանող կողմերի առավել հետաքրքիր փաստարկներին ու հակափաստարկներին:

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասը նախատեսում է, որ գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին: Օրենքի 37-րդ հոդվածի 17-րդ մասը սահմանում է, որ 70 տարին լրացած անձը բուհում ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությանը չի մասնակցում: Այդ անձի հետ բուհի ռեկտորն ամբիոնի առաջարկությամբ կարող է կնքել ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքային պայմանագիր մեկ ուսումնական տարի ժամկետով՝ տարեկան երկարաձգման իրավունքով, իսկ 37-րդ հոդվածի 18-րդ մասը սահմանում է, որ բուհում (մասնաճյուղում)  վարչական պաշտոնում նշանակված կամ ընտրության միջոցով վարչական պաշտոնում նշանակված (ընտրված) անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա 70 տարին:

Այս պահին բուհերում հիմնականում ժամանակավոր պաշտոնակատարներ են, եւ սպասվում են ռեկտորի ընտրություններ, ու չի բացառվում, որ գործող օրենքը արգելք դառնա նրանցից շատերի համար՝ առաջադրման ժամանակ:

2021 թվականի ապրիլի 22-ից Սահմանադրական դատարանում մուտքագրվել էր ՀՀ նախագահի դիմումը: Այն վերաբերում էր «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքին եւ հարակից 22 օրենքներին, որոնք ԱԺ կողմից ընդունվել են 2021 թվականի մարտի 24-ին: Ըստ դիմողի՝ օրենքով նախատեսված տարիքային հիմքով սահմանափակումների մեջ չի տեսնում իրավաչափ նպատակը, ինչպես նաեւ դրան հասնելու համար ընտրված միջոցի համաչափություն. «Եթե «առաջարկվող տարբերակված մոտեցման հիմքում ընկած է որոշակի տարիքով անձանց առողջական կամ ֆիզիկական վիճակի առանձնահատկությունների վերաբերյալ կանխավարկածը, ապա կարծում ենք, որ այդպիսի հիմքով ապրիորի տարբերակում սահմանելն ինքնին օբյեկտիվ եւ իրավաչափ հիմք չի կարող հանդիսանալ, իսկ բոլոր բնագավառներում տեղի ունեցող սրընթաց զարգացումների համատեքստում, ժամանակակից աշխարհում տարիքը per se չի կարող դիտարկվել որպես սահմանափակ արդյունավետությամբ աշխատանքի պատճառ, հատկապես՝ գիտակրթական ոլորտում»:

Դիմողը բարձրացնում է օրենքի դրույթների սահմանադրականության հետ կապված խնդիրներ երեք ուղղությամբ.

1) Հիմք ընդունելով Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթը՝ դիմողը գտնում է, որ բուհական ինքնավարությունը ներառում է կազմակերպական, ակադեմիական, մարդկային եւ ֆինանսական ռեսուսների կառավարման ինքնավարություն: Ընդ որում՝ բուհական ինքնավարության այդ իրավունքը սահմանված է նաեւ Օրենքի 6-րդ հոդվածով: Սակայն, դիմողի կարծիքով, բուհն օժտված է ինքնավարությամբ, «երբ այն ունի իրավասությունն ու փաստացի հնարավորությունը ինքնուրույն՝ առանց պետության կողմից անհարկի միջամտության, որոշելու իր գործունեության ուղղությունը»: Դիմողն իր այս փաստարկները ներկայացնելիս վկայակոչում է վերաբերելի միջազգային իրավական փաստաթղթերի դրույթներ:

Վկայակոչելով օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված բուհի կառավարման խորհրդի (ներառյալ բուհի գործադիր մարմնի) լիազորությունների լայն շրջանակը, պնդում է, որ բուհի կառավարման խորհրդի ձեւավորման այնպիսի համամասնությունը, որով «խորհրդի անդամների բացարձակ մեծամասնությանը նշանակում է համապատասխան պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարը, խեղաթյուրում է բուհերի ինքնակառավարման սահմանադրական» հայեցակարգն ու փաստացի անհնարին է դարձնում բուհական ինքնավարության կենսագործումը: Հետեւաբար. «Բուհի ինքնակառավարման սահմանադրական երաշխիքը տրամաբանորեն ենթադրում է բուհական ինքնավարությանը եւ ակադեմիական ազատությանն առնչվող լայն լիազորություններով օժտված կառավարման մարմինների ձեւավորման գործընթացում բուհի որոշիչ դերի կամ առնվազն հավասար դերակատարության սահմանում»:

Այս եզրակացության հիման վրա դիմողը գտնում է, որ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերն առերեւույթ չեն համապատասխանում Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին:

2) Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք…»:Սահմանադրական այս դրույթը դիմողը մեկնաբանում է այն իմաստով, որ «ինքնակառավարման շրջանակը, հետեւաբար նաեւ այդպիսի ինքնակառավարման սահմանափակումներն ու պայմանները կարող են նախատեսվել միայն օրենքներով»: Ելնելով դրանից՝ դիմող կողմը օրենքի 6-րդ հոդվածի («Բուհական ինքնավարությունը եւ հաշվետվողականությունը») 2-րդ մասը, համաձայն որի՝ «Բուհը, սույն օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան» ունի ակադեմիական ու կազմակերպական գործունեության, մարդկային ու ֆինանսական ռեսուրսների կառավարման ինքնավարություն, դիտարկում է առերեւույթ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող այն իմաստով, որ «ինքնակառավարման սահմանները (սահմանափակումները), կարող են նախատեսվել ոչ միայն օրենքներով, այլ նաեւ այլ նորմատիվ իրավական ակտերով»:

3) Օրենքի՝ Սահմանադրությանն անհամապատասխանություն է դիտարկում դրա մի շարք դրույթներում ամրագրված՝ բուհական կամ գիտական կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու տարիքային սահմանափակումները կամ այդ պաշտոններում ընտրված անձանց լիազորությունների դադարումը՝ որոշակի տարիքից:

Գործով որպես պատասխանող կողմ ներգրավված էին Ազգային ժողովի ներկայացուցիչներ` ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետ Գ. Աթանեսյանը, ԱԺ աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Մ. Մոսինյանը:

Պատասխանող կողմի դիտարկմամբ. «Գիտական կազմակերպության տնօրենի համար որպես սահմանային տարիք 65 տարեկանը, իսկ բուհում վարչական պաշտոնում նշանակված անձի համար՝ 70 տարեկանը նախատեսելը արդարացված է՝ հաշվի առնելով նրանց կողմից կատարվող աշխատանքի բնույթը եւ առանձնահատկությունները: Մասնավորապես, օրենսդրի կողմից նման կարգավորում նախատեսելիս հաշվի է առնվել այդ տարիքում անձանց ֆիզիկական ու առողջական վիճակի եւ նրանց համար սահմանված աշխատանքային պարտականությունների ծավալի հարաբերակցությունը: Պատահական չէ, որ գիտական կազմակերպության տնօրենի համար որպես սահմանային տարիք նախատեսվել է ավելի ցածր տարիքային շեմ, քանի որ նա իրականացնում է գիտական կազմակերպության ողջ ընթացիկ գործունեության ղեկավարումը, ինչն իրենից ենթադրում է ավելի մեծ ծանրաբեռնվածություն»:

Ինչ վերաբերում է 70 տարին լրացած անձի կողմից ակադեմիական պաշտոն զբաղեցնելուն՝ ըստ նրանց վկայակոչած օրենքով նախատեսված առանձնահատկության, այս դեպքում օրենսդիրը, ելնելով նույն տրամաբանությունից, սահմանել է, որ վերջինս կարող է կնքել ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքային պայմանագիր: Նման մոտեցումը միանգամայն արդարացված է՝ հաշվի առնելով ակադեմիական պաշտոն զբաղեցնող անձի կողմից իրականացվող աշխատանքի բնույթը:

ՍԴ-ի գնահատմամբ՝ Բարձրագույն կրթության ուսումնական կազմի բոլոր անդամները պետք է իրավունք ունենան կատարելու իրենց գործառույթներն առանց որեւէ խտրականության եւ պետության կամ այլ որեւէ այլ աղբյուրի կողմից ճնշումներից վախենալու: Ու թեեւ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով բուհերի ինքնակառավարման իրավունքի շրջանակի որոշումը վերապահված է օրենսդրին, սակայն ելնելով նույն հոդվածում 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների  արդյունքում տեղ գտած այն շեշտադրումից, որ բուհերի ինքնակառավարման իրավունքը ներառում է ակադեմիական եւ հետազոտությունների ազատությունը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի հայեցողությունը բուհի ինքնակառավարման շրջանակը սահմանելիս սահմանափակված է, եւ օրենսդիրն իրավասու չէ  այդ շրջանակն այնչափ «նեղացնել», որ ինքնաբերաբար հանգեցնի բուհերում՝ գիտակրթական գործընթացի սուբյեկտների ակադեմիական եւ հետազոտական ազատության իրավունքի սահմանափակմանը՝ այն վերջիններիս համար վերածելով առավելապես վերացական եւ պատրանքային իրավունքի:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ գիտական կազմակերպության 65 տարին լրացած տնօրենների, ակադեմիական ոլորտի 70 տարին լրացած բուհական աշխատողների, ինչպես նաեւ բուհական համակարգում վարչական պաշտոններ զբաղեցնող եւ 65 տարին լրացած անձանց նկատմամբ նշված պաշտոններում պաշտոնավարման սահմանափակումների տեսքով տարբերակված վերաբերմունքը համապատասխանում է աշխատանքային իրավունքում պետության որդեգրած աշխատանքային եւ կենսաթոշակային տարիքի ընդհանուր հայեցակարգին։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031