Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ազատասեր զավակները հուսավառ նայում են դեպի ձեր կողմը՝ հուսալով, որ դուք, ի տարբերություն Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, չեք ընդունի չարիքի պտուղները»

Օգոստոս 26,2021 19:40

Երեք կուսակցություններ համատեղ բաց նամակ են ուղղել ՀՀ-ում ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԹ դեսպաններին

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների մեծահարգ դեսպաններ,

Խորհրդային օկուպացիայի 70 տարվա ընթացքում Հայաստանի ազատասեր զավակների հայացքն ուղղված է եղել դեպի ձեր երկրները, որոնք մեզ համար եղել են հույսի փարոս, երբևէ ազատագրվելու ուղեցույց, արդարությունը ձեր դաշնակցությամբ վերականգնելու երազանք:

Մենք ոգևորությամբ ու հավատով էինք ընդունել Խորհրդային Միությունը որպես Չարիքի կայսրություն որակելը, իսկ Արևմտյան քաղաքակրթության հիմքերից մեկը կազմող Գրքում ասվում է, որ չար ծառը չի կարող բարի պտուղ տալ: Այդ չար ծառը մերժելով, մեր խորին համոզմամբ, պետք է մերժել նաև նրա չար պտուղները, որի մեջ են չարիքի սերմերը: Չարիքի հայրերը, սկսած ռուս ցարերից մինչև Լենին ու Ստալին, կամայականորեն և բռնությամբ գծել են այնպիսի չար ու անարդար սահմաններ, որոնք Հարավային Կովկասի ժողովուրդներին մշտապես կապված պահեն Չարիքի կայսրությանն ու նրա ժառանգորդին:

Հայաստանի ազատասեր զավակներն այսօր ևս հուսավառ նայում են դեպի ձեր կողմը՝ հուսալով, որ դուք, ի տարբերություն Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, չընդունելով Չարիքի կայսրությունը, չեք ընդունի նաև այդ չարիքի պտուղները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև 1920-ական թվականներին բռնությամբ պարտադրված սահմանները:

Այսօր վտանգված են նույնիսկ բռնությամբ գծված այդ սահմանները, որոնց կարգավորումը ոչ մի դեպքում չի կարելի հերթական անգամ թողնել ռուս-թուրքական հայեցողությանը: Մեր երկրի ազատասեր զավակները կյանքի գնով միայնակ, ռուսական ճնշումների տակ այսքան տասնամյակներ կանգնած պահեցին Արևմտյան քաղաքակրթության ամենաարևելյան սահմանի դրոշը: Այդ դրոշն այսօր երերում է Սյունիքում. և մենք, որպես քաղաքակրթական սահմանապահ, իրավունք ունենք մեր քաղաքակրթական հարազատից՝ ձեզնից, ակնկալելու ամենագործնական միջամտությունը: Հապաղումը կարող է ճակատագրական լինել:

Միքայէլ  Հայրապետեան               ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Դավիթ  Սանասարյան                   «ԻՆՔՆԻՇԽԱՆ  ՀԱՅԱՍՏԱՆ»  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տիգրան  Խզմալյան                       ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԵՎՐՈՊԱԿԱՆ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031