Սյունիքի մարզի որոշ գյուղեր ադրբեջանական կողմի պատճառով հայտնվել են շրջափակման մեջ։ Դրանցից մեկը Բարձրավան գյուղն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում վարչակազմի ղեկավար Օնիկ Ավագյանը տեղեկացրեց, որ այս պահին էլ փակ է Շուռնուխին մոտ գտնվող Չայզամի գյուղի, նաև Որոտան և Դավիթ Բեկ գյուղերի ճանապարհները։ Գորիսից Կապան և հակառակ ուղղությամբ գնալ այս պահին հնարավոր չէ։
«Շրջափակման մեջ ենք հայտնվել։ Այս կարգավիճակն ունենք փաստորեն»,- ասաց Օնիկ Ավագյանը։
Կեսգիշերից, երբ փակվել է Գորիս–Կապան միջպետական ճանապարհը, գյուղի ղեկավարը անձամբ եղել է Շուռնուխի ճանապարհին։ Երկու ժամից ավելի ճանապարհին է մնացել։ Փորձել է հասկանալ՝ ինչ է կտարվում, սակայն չի հաջողվել, մնացել են կանգնած այնքան ժամանակ, մինչև տարհանվել են։
«Շուռնուխի մոտակայքում ճանապարհները փակված էին։ Մեծ քանակությամբ բեռնատար, մարդատար մեքենաներ էին կուտակված։ Անհանգստանում էինք, որ հասկանանք ինչի՞ համար են փակել, հետո ուշացումով բացեցին ճանապարհը, առավոտը նորից փակեցին։ Այս պահի դրությամբ Դավիթ Բեկի կողմից էլ է փակ, դեպի Գորիս տանող Որոտանի կողմից էլ է փակված»։
Կարդացեք նաև
Ճանապարհների փակվելը մի շարք խնդիրներ է առաջացրել գյուղում։ Գորիսից հենց այդ ճանապարհով էին մատակարարում հացը։ Բնակիչներին բժշկական օգնությունն էլ երկու ժամ ուշացումով է հասնելու։
«Լուրջ խնդիրներ կան։ Այսօր, եթե շտապօգնության մեքենա կանչենք, մինիմում երկու ժամում կհասնի։ Տաթևի կողմով ճանապարհները շատ վատն են։ Երկու ժամ էլ եթե գնան՝ չորս, հինգ ժամ կտևի, ուրեմն անիմաստ է։ Սննդի հետ կապված էլ, դե գյուղացիներ են, ամեն դեպքում իրենց տանը պահեստավորված սննդամթերքն ունեն։ Հացի խնդիր է այստեղ, որ Գորիսից են միշտ բերել, անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանի հետ կապը պահպանում ենք, եթե անհրաժեշտ լինի, սնունդ կհասցնեն»։
Վերջինս նշեց, որ այս պահին միակ այլընտրանքային ճանապարհով սովորական մեքենայով հնարավոր չէ երթևեկել, դրանք հարմար են միայն ամենագնացների համար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: