Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրն այնքան խորն է Հայաստանում, որ մանդատ վերցնել-չվերցնելու հարցի հետ բոլորովին կապված չէ». Սամվել Աբրահամյան

Օգոստոս 26,2021 19:07

«Խնդիրն այնքան խորն է Հայաստանում, որ մանդատ վերցնել-չվերցնելու հարցի հետ բոլորովին կապված չէ»,- Aravot.am-ի հարցին՝ հետևելով վերջին օրերին ՀՀ ԱԺ-ում կատարվող խայտառակ իրավիճակին՝  ի՞նչ եք կարծում՝ ճիշտ կլինե՞ր, որ ընդդիմությունը մանդատները չվերցներ, այսպես պատասխանեց ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը:

Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ում քաղաքական, պետական համակարգի խորը ճգնաժամ է: Հիշեցրեց՝ երբ մասնակցում էին արտահերթ խորհրդարանական ընտրություններին և ասում ՝ եթե այս երկու ուժերը կամ երեք, ՀՀ-ում ձևավորում են իշխանություն, ապա այդ խորը պետական ճգնաժամը չի ավարտվելու, այլ ավելի խորանալու է, քանի որ այդ ուժերից որևէ մեկն իրականում իշխանության չէր գալիս պետության խնդիրները լուծելու համար: Նա մանրամասնեց. «Նրանց նպատակները բոլորովին այլ են: Այս ճգնաժամը կարող էր լուծվել ընտրություններով, բայց, ցավոք, չլուծվեց, ճանապարհն էլ էինք ասում, բացատրում  էլ էինք: Իսկ հիմա այդ մանդատ վերցնել-չվերցնելը փոքր հարց է այս ընդհանուր պրոբլեմի մեջ: Դա ոչինչ չէր փոխելու: Մանդատները վերցրել են ճգնաժամ է, չվերցնեին, էլի ճգնաժամ էր: Խնդիրը նորմալ ընտրություններ կազմակերպել և ՀՀ-ում քաղաքական առողջ պետական համակարգ ձևավորելն էր: Արեցին խայտառակ ընտրություններ՝ իրար պաս տալով, ընտրակեղծարարությամբ, փողով, փողի հսկայական ազդեցությամբ և այլն: Արդյունքը սա պիտի լիներ: Հիմա էդ կեղծարարները մանդատները կվերցնեին, չէին վերցնի, կամ այս իշխանությունը դրանից կփոխվեր, թե՝ ոչ, դրա հետ մանդատ վերցնել-չվերցնելը կապ չունի: Խնդիրն այն գլխից էր գալիս, ոչ թե մանդատ վերցնել-չվերցնելով»:

Հիշեցրինք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը օգոստոսի 24-ին ՀՀ ԱԺ-ում, որտեղ մասնավորապես ասում է, որ խնդիրները դեռ 1998-ից են գալիս. «Ճիշտ է, պատմության մասին «եթե»-ներով չեն խոսում, բայց պիտի համարձակվեմ ենթադրել, որ 3-րդ հանրապետության պատմությունը գուցե այլ սցենարով զարգանար, եթե 1998 թվականին 2021 թվականի սցենարով արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորություն լիներ։ 1998 թվականին, երբ գործող նախագահը հրաժարական տվեց, դա դարձավ նրա առաջարկած քաղաքական խոսույթի պարտությունը, եւ ըստ էության, հեռացումը ներքաղաքական կյանքից»:

Սամվել Աբրահամյանն արձագանքեց. «Ես չեմ լսել այդ ելույթը. չեմ ուզում դրա մասին դատողություններ անել: 1998-ի հետ կապված այնքան բան է ասել, այնքան բան են ասում. դա ուրիշ թեմա է: Որ մինչև հիմա 1998-ը մարդիկ չեն հասկացել, դա էլ երկրորդ ողբերգությունն է: Սեփական  ձախողումները բարդել տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների վրա, գիտեք՝ ուր կարելի է հասնել: Ինքը հանգիստ կարող էր ասել՝ 1918-ից են գալիս խնդիրները: Անպատասխանատու իշխանության վարքագիծ է, երբ քո սեփական ձախողումները, պարտության պատճառները ոչ թե քո մեջ, այլ օբյեկտիվ իրավականության մեջ ես փնտրում, անընդհատ փորձում քեզնից վանել: Խաբեություն, մանիպուլյացիա է, ինչքան ասես կանի՝ իրեն ի՞նչ է եղել, որ»:

Հետաքրքրվեցինք՝ իրավիճակից ելքի հարցում ո՞րն է լուծումը, օրինակ՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերի դերակատարությունը, Սամվել Աբրահամյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ աղոտ եմ պատկերացնում, թե հիմա լուծման ինչ ճանապարհ կա: Մենք արդեն հայտնվել ենք փակուղում: Իհարկե, փակուղուց ելք պիտի լինի, բայց այս պահին դա չեմ պատկերացնում: Այն ելքերը, որ կարելի էր միգուցե հիմա առաջարկել, այս իրավիճակի համար իրատեսական չեն: Այդ մարդիկ պատասխանատվություն չեն զգում պետության հանդեպ՝ ոչ  իշխանությունը, ոչ էլ խորհրդարանական ընդդիմությունը, դա ակնհայտ է»:

Զրույցի ավարտին Սամվել Աբրահամյանն ասաց՝ կարող է մի որոշ ժամանակ հետո ավելի պարզ լինել ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031