Լրահոս
Օրվա լրահոսը

«Կքայլենք ժամանակակից կրթության պահանջներին համընթաց». Դումանյանը ներկայացրել է ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանին

Օգոստոս 26,2021 17:31

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխատակազմին ներկայացրել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

ՀՊՄՀ նախկին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, իսկ Աշոտ Խոեցյանի նշանակումը կատարվել է ՀՊՄՀ կառավարման ժամանակավոր խորհրդի որոշմամբ: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Միրզախանյանին կատարած աշխատանքի համար և կարևորել նրա ներդրումը բուհի զարգացման գործում:

«Աշոտ Խոեցյանին ներկայացնելու կարիք չկա, նա արդեն երկար տարիներ է՝ աշխատում է ՀՊՄՀ-ում: Ակնկալում եմ, որ Ձեզ նման սկզբունքային մասնագետը կհաջողի այս պատասխանատու պաշտոնում»,- ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Ռեկտորի նոր պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կգործադրի անհրաժեշտ ջանքերը ՀՊՄՀ լավագույն ավանդույթների պահպանման համար. «Չափազանց կարևորում եմ բուհի ներկայիս արդյունքների և բարոյահոգեբանական մթնոլորտի պահպանումը: Սա ինձ համար առաջնահերթ խնդիր եմ համարում: Համոզված եմ՝ աշխատակազմի հետ նվիրված աշխատանքի արդյունքում կպահպանենք ՀՊՄՀ-ի՝ վերջին տարիների լավագույն ավանդույթները և կքայլենք ժամանակակից կրթության պահանջներին համընթաց»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՊՄՀ զարգացման հեռանկարները, բուհական համակարգում առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել