«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում ասվում է․
Օգոստոսի 24-26-ը Ազգային ժողովում քննարկվեց եւ իշխող ուժի կողմից ընդունվեց կառավարության, այսպես կոչված, ծրագիրը, որն առկա ծայրահեղ մարտահրավերների վերաբերյալ կիրառական լուծումներ չէր պարունակում, ավելին՝ պարունակում է լուրջ ռիսկեր:
Քննարկման ընթացքում բարձրացվեցին հանրությանը հուզող մի շարք հարցեր, որոնց հիմնականում տրվեցին իշխանություններին բնորոշ՝ սուտ, մանիպուլյատիվ կամ խուսափողական պատասխաններ: Ավելին՝ օգոստոսի 25-ին, իշխանական խմբի կողմից նախապես ծրագրված ուղղակի խուլիգանական, քրեորեն հետապնդելի արարքներ տեղի ունեցան ընդդիմադիր խմբակցության պատգամավորների նկատմամբ՝ կոնկրետ հարձակվող անձանց դերաբաշխմամբ:
Ընդգծենք, որ նշված արարքի կանխարգելման համար իրավասու մարմնի պարտականությունների կատարումը տեղի ունեցավ դիտավորությամբ ուշացած: Նման արարքը տեղի ունեցավ մտքերի փոխանակության փուլում՝ նպատակ հետապնդելով հերթական անգամ բռնապետական ռեժիմի արմատավորումը անգամ խորհրդարանում:
Կարդացեք նաև
Ծանոթանալով գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը՝ արձանագրում ենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ սույն դեպքում իշխանական խմբի որևէ ներկայացուցչի նկատմամբ մինչ օրս առկա չէ որևէ քրեադատավարական հարկադրանքի միջոցի իրացում:
Տեղին է հիշեցնել, որ իբրև կառավարության ծրագիր հանդիսացող փաստաթղթում բառացի նշված էր, որ դատարանները, դատախազությունը և քննչական մարմինները «պիտի ապահովեն կառավարության՝ ժողովրդից ստացած մանդատի իրագործումը», այլ կերպ ասած՝ արդեն իսկ իրավապահ մարմինների անկախության վերացումը ծրագրային դրույթ է:
Արձանագրում ենք՝ Սյունիքում միջպետական ճանապարհի այսօրվա հերթական խայտառակ վիճակի, ԱԺ-ում տեղի ունեցած լկտի, քրեորեն հետապնդելի արարքի և հնարավոր աղետների ամբողջ պատասխանատվությունը կրում է այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: