Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետո մենք ընկերություն արե՞լ ենք, իսկ Սերժ Սարգսյանի կենացները խմո՞ւմ էիր, իսկ Նիկոլին փնովո՞ւմ էիր այդ ժամանակ». Արմեն Աշոտյանը` Խաչատուր Սուքիասյանին

Օգոստոս 26,2021 17:00

Խաչատուր Սուքիասյանն իր ասածների համար պատասխան կտա դատարանում: Այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ նախօրեին եւ այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից հնչեցված հայտարարություններին:

Ըստ Արմեն Աշոտյանի, Սերժ Սարգսյանի պաշտպանները հայց են նախապատրաստում զրպարտող հայտարարությունների համար:

Արմեն Աշոտյանն ասաց, որ ինքն էլ Սուքիասյանին հարցեր ունի, որը երեք տարի է` չի հնչեցրել. «Որ Սուքիասյանին տեսնեք՝ հարցրեք՝ դիմե՞լ է Սերժ Սարգսյանին խնդրանքով, հետո քեզ ուղարկե՞լ են Արմեն Աշոտյանի մոտ, որ այդ խնդրով զբաղվի, հետո Արմեն Աշոտյանն օրենքի շրջանակներում օգնե՞լ է քեզ այդ հարցում, հետո դու շնորհակալ եղե՞լ ես, հրավիրե՞լ ես ինձ ձեր տուն հաց ուտելու: Հետո ինձ նվեր տվե՞լ ես՝ մեծ լավ նկար, որն, ի դեպ վերանվիրել եմ Վեհափառին, եկեղեցուն: Հետո մենք ընկերություն արե՞լ ենք, իսկ Սերժ Սարգսյանի կենացները խմո՞ւմ էիր, իսկ Նիկոլին փնովո՞ւմ էիր, այդ հարցերի պատասխանները իրենից ստացեք: Իսկ Ալեն Սիմոնյանին ծննդյանս օրով նվերով իմ «պադյեզդի» մոտ ուղարկո՞ւմ էիր: Ու այսքանից հետո, ձեզ թույլ եք տալիս բարձրանալ բեմ ու Սերժ Սարգսյանին փնովել»:

Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ վարչապետը նշել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհը նախագծելիս, ճանապարհը Երասխով չի շարունակվել դեպի Տիգրանաշեն, Զանգակատուն եւ չի անցել Որոտան-Շուռնուխ հատվածով:

Ըստ Աշոտյանի Հյուսիս-հարավը, ոչ թե վերանորոգման ծրագիր էր, այլ՝ նոր ճանապարհ բացելու. «Նոր ճանապարհ բացելու իմաստն այն էր, որ ավելի կարճ լինի եւ տնտեսական առումով բեռնափոխադրումների համար ավելի շահեկան լինի: Բնական է չէ՞, որ Հյուսիս-հարավը չէր կարող անցնել այսօրվա ճանապարհով, չէր կարող անցնել Շուռնուխով, Որոտանով: Բնական է չէ՞, որ այդ հսկայական ներդրումները պետք է պաշտպանված լինեին ադրբեջանական ագրեսիայից, դրա համար չի անցել Երասխով, որովհետեւ դա ամենախոցելի տեղերից մեկն է եղել: Որպեսզի ոչ ոք Երասխի դիրքերից չկարողանա ձեռքը դնել այդ զարկերակի վրա՝ ինչպես այսօր են արել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031