Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտակցե՞լ եք, որ ձայն տալով այդ քաղաքական խունտային, 2-րդ անգամ սպանել եք 5 հազար հոգուն». Աշոտյանը՝ Փաշինյանի ընտրողներին

Օգոստոս 26,2021 16:02

«Պատմության մեջ առաջին անգամ իր ազգը կործանման տարած ղեկավարը վերընտրվել է, եւ այս հանգամանքը մեզ երեսով է տալիս երկու մարդ՝ Ալիեւն ու ինքը: Եվ ցանկացած մեղք, որն ընդդիմությունը դնում էր նրա առջեւ, ինքը փորձում էր մեջբերել այդ քվեները, որը ստացել է հունիսի 20-ին»,-այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հիշեցնելով, որ նույն միտքն արտահայտել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն՝ ասելով, որ հայ ժողովուրդը համակերպվել է պարտության հետ:

Ըստ պարոն Աշոտյանի, կառավարության ծրագիրը չէր կարող քննարկվել, քանի որ գոյություն ունեցող կառավարությունն այսօրվա ամենամեծ սպառնալիքն է Հայաստանի համար. «Հայաստանի թիվ մեկ սպառնալիքը Նիկոլ Փաշինյանի եւ իր խունտայի քաղաքական գոյությունն է պետական ապարատում, հետեւաբար կապ չունի, թե ինչ փաստաթուղթ են բերել այն մարդիկ, որոնք սպառնում են մեր անվտանգությանը: Իրենք շատ կուզեն, որ խնդիրը տեղափոխվի փաստաթղթերի քննարկումների, նախագծերի դաշտ, որպեսզի կարողանան կեղծ կոնստրուկտիվիզմի քողի ներքո փչացնեն ընդդիմությանը»:

Անդրադառնալով կառավարության հնգամյա ծրագրին՝ ասաց՝ արտաքին բլոկն ամբողջությամբ խայտառակություն է. «Արցախի Հանրապետություն եզրույթն, առհասարակ, գոյություն չունի: Բայց նա Ազգային ժողովի ամբիոնից ասաց Արցախի Հանրապետություն: Եթե այդքան «դուխ» ունես դա ասելու ամբիոնից, «դուխ» ունեցի դա գրել կառավարության ծրագրում: Երկրորդ՝ կառավարության ծրագրում չկա գեթ մեկ նախադասություն, որ Ադրբեջանին եւ Թուրքիային պետք է պատժել վերջին պատերազմի համար: Խոսքը չի գնում այս պահին ռազմական ռեւանշի մասին, խոսքը գնում է դիվանագիտական պատժամիջոցների մասին: Քաղաքացիական անձանց սպանելը, դպրոցների, ծննդատան ռմբակոծումը, գերիներին գլխատելը, ֆոսֆորային ռումբեր օգտագործելը, Մերձավոր արեւելքից վարձկաններ բերելը այս կառավարությունը ոչ մի կերպ չի ուզում Ալիեւի եւ Էրդողանի դեմը դնի»:

Արմեն Աշոտյանը դիմեց Նիկոլ Փաշինյանի ընտրողներին՝ հարց ուղղելով՝ դուք գիտակցե՞լ եք, որ ձայն տալով այդ քաղաքական խունտային, երկրորդ անգամ սպանել եք 5 հազար հոգուն. «Հիմա գոնե մեր, ձեր աչքերը կարո՞ղ են բացվել: Մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը դիվանագիտական հարթակներում չի հետապնդելո՞ւ Ալիեւին եւ Էրդողանին պատժելու խնդիրը: Դրա համար կան ստեղծված հիմքեր: Կան Եվրոպական խորհրդարանի զեկույցներ՝ պաշտոնապես ընդունված, որտեղ գրված է, որ պատերազմի հանգամանքները պետք է ուսումնասիրել միջազգային անկախ փորձաքննության արդյունքում: Դրա նախադեպերը պատմության մեջ կա՝ ռուս-վրացական՝ 2008 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրվել են եւ այդ զեկույցով, ի դեպ, Ռուսաստանն արդարացվել է որպես ոչ ագրեսոր: Մինչ այդ արեւմտյան լրատվամիջոցները պնդում էին, որ Ռուսաստանն է սկսել պատերազմը, այսինքն՝ այդ գործիքը ձեւական չէ»:

Արմեն Աշոտյանի խոսքով, ծրագրի՝ արտաքին քաղաքականության հատվածում չկա Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի հարցը. «Գոնե բանակցային գործընթացի մեջ՝ Մինսկի խմբին վերաբերող հատվածում դա պետք չէ՞ր գրել»:

Ըստ Արմեն Աշոտյանի, Չինաստանի նման գերտերության վերաբերյալ, որն այսօր խոշոր խաղացող է, մեկ տողով գրված է, որ Չինաստանի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի հետ պետք է հարաբերությունները կարգավորել: Իսկ ԱՄՆ-ի մասով էլ նշել են՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները դուրս են եկել ռազմավարական երկխոսության մակարդակի. «Ինձ հայտնի միակ բանը, որ ԱՄՆ-ի հետ եղել է, Լիլիթ Մակունցի նշանակումն է: Լիլիթ Մակունցը հանել է հարաբերությունները ռազմավարական երկխոսության մակարդակի: Բա որ հանել եք, ԱՄՆ-ն մի քանի օր առաջ միլիոնավոր դոզաներ Փայզերի անվճար բաժանել է 65 երկրի, բայց դուք կառավարության ծրագրից միլիոններ հատկացրիք Ֆայզերը գնելու համար: Բա որ 65 երկրների մեջ չկանք, բա որտե՞ղ կանք մենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031