Առավոտյան ժամը 10:00-ին Ֆիզիկայի ինստիտուտի գիտավան էին այցելել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներն ու ուսուցիչները` Աշոտ Բլեյանի հետ: Նրանք 80 տարեկան չինարի ծառի շուրջ շուրջպար բռնեցին եւ ազգագրական երգեր երգեցին: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչներն ասացին, որ իրենց կրթահամալիրի սաները միշտ քայլքի մեջ են, այսօր էլ որոշել են գիտամշակութային էքսկուրսիա ունենալ Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանում: Բնակիչները Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի բնակիչ, քաղաքացիական ակտիվիստ Սեդա Գրիգորյանին տեղեկացրին, որ ոստիկանները տարածքից քաղաքացու են բերման են ենթարկել:
Սեդա Գրիգորյանը ոստիկաններից հետաքրքրվեց. «Ինչո՞ւ եք առեւանգել քաղաքացուն եւ ո՞ւր եք տարել»: Ոստիկաններն ասացին, որ բոլոր հարցերն ուղղեն իրենց լրատվականին:
Սեդա Գրիգորյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ կոչ արեց քաղաքացիներին գալ «ֆիզգորոդոկ», որովհետեւ իր ձեւակերպմամբ, ոստիկանությունը ստանձնել է կառուցապատողի փաստաբանի եւ անձնական թիկնազորի պարտականությունները:« Պետք է վերջ դնել ապօրինի աշխատանքներին, իսկ մարդուն առեւանգել են, ինչ է թե ասել է` մի աշխատեք»,- ասաց նա:
Ոստիկաններից մեկը նշեց, որ իրենք տարածքում հասարակական կարգն են պաշտպանում: Սեդա Գրիգորյանն ի պատասխան ասաց, որ ինքն էլ իր տունն է պաշտպանում, իսկ ոստիկանները անհատի բիզնես շահն են պաշտպանում, իսկ կառուցապատողը ոստիկանության աշխատակից է եղել:
Կարդացեք նաև
Ավելի ուշ Սեդա Գրիգորյանն իր էջում գրառում կատարեց , որ ոստիկաններն առեւանգել են գիտությունների թեկնածու, Կոսմոլոգիայի եւ ասղաֆիզիկայի կենտրոնի գիտաշխատող Հարություն Խաչատրյանին. «Քանի դեռ մենք Գորոդոկի այլ հատվածում զբոսնում էինք Սեբաստացիների հետ, ոստիկանությունը եկավ, նորից ստանձնեց կառուցապատողի անձնական թիկնազորի պարտականությունը, արտոնող ապօրինի շինաշխատանքների շարունակումն ու առեւանգեց քաղաքացու…Սա ա ձեր դեմքը` նախահարձակ լինել խաղաղ բնակիչներին ու ահաբեկել։ Այս բեսպրեդելը մեր գլխին բերողներին հերթով պատասխանատվության ենք ենթարկելու»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` Սեդա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից