Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստում իր եզրափակիչ ելույթն ամփոփեց քաղաքական ուժերի հետ համագործակցության կոչով։
«Ակնհայտ է, որ մեր երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, եւ այդ մարտահրավերները ներքին չեն: Մենք ոչ մի ներքին մարտահրավեր չունենք, մեր բոլոր մարտահրավերները արտաքին են։ Մենք պետք է մեր հանրությանը կոնսոլիդացնենք խաղաղության օրակարգի շուրջ, պետք է զարգացնենք այդ օրակարգը, պետք է կարողանալ պաշտպանել այդ օրակարգը։ Եվ այս օրակարգի տրամաբանությամբ պետք է ապահովենք ՀՀ կայուն զարգացումը, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգությունը եւ քաղաքացիների երջանկությունը: Սա այն մանդատն է, որ ժողովուրդը տվել է մեզ, եւ մենք պարտավոր ենք իրագործել այս մանդատը: Ես ուզում եմ երկրորդել այն խոսքերը, որոնք արել են ԱԺ նախագահը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը եւ ինչի մասին խոսել ենք կառավարության ծրագրում՝ ատելության խոսքից, արժանապատվությունը նվաստացնող եւ վիրավորական խոսույթից զերծ միջավայրի ձեւավորումը եւ այդ միջավայրում ՀՀ զարգացման օրակարգը սպասարկելը, այդ օրակարգի շուրջ ազգային միասնություն ձեւավորելն ու լավագույն ներուժը մեր ժողովրդի եւ պետության այս օրակարգի շուրջ համախմբելը մեզ համար կարեւոր առաջնայնություն է, եւ ես կրկին այս օրակարգի սպասարկման շուրջ ուզում եմ համագործակցության ձեռք մեկնել խորհրդարանական եւ արտախորհրդարանական բոլոր ուժերին: Մենք պատրաստ ենք գործել ըստ այսմ, եւ մենք պատրաստ ենք ամենուր լինել համարժեք։ Մենք կլինենք համագործակցային այնտեղ, որտեղ կա համագործակցության հնարավորություն, կլինենք ծայրահեղ համբերատար բոլոր այն կետերում, որտեղ չկա համագործակցության հնարավորություն, մենք կլինենք ծայրահեղ համբերատար սադրանքի միջավայրում եւ մթնոլորտում, բայց մենք չենք կարող թույլ տալ, որ որեւէ մեկը փորձի ժողովրդի կողմից մեզ տրված մանդատը անարգել, եւ դա անթույլատրելի է եւ սա ժողովուրդը մեզ չի ների»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ