Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թվին, եւ ասաց․«Ես տեղյակ եմ, որ Գլխավոր շտաբի պետի տեղակալը խմբակցությունների հետ հանդիպումում այլ թիվ է ներկայացրել։ Ցավալի է այս թեման, բայց մենք որեւէ թիվ թաքցնելու միտում չենք կարող ունենալ»։
Նա ասաց, որ նախորդ անգամ իր հնչեցրած թվից փոփոխություն կա, քանի որ այս ընթացքում ԴՆԹ նույնականացումներ են եղել։ Ըստ Փաշինյանի այսօր հայտարարած թվի՝ այս պահին պատերազմում մեր զոհերի թիվը 3777 է, որոնցից 3702-ը զինվորականներ են, իսկ 75-ը՝ քաղաքացիական անձինք, 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է:
«Ես հրապարակում եմ այն թվերը, որոնք հաստատված են մահվան վկայականներով»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում օգոստոսի 24-ին հայտարարել էր , որ պատերազմում ունենք 3773 զոհ։
Կարդացեք նաև
Նաեւ նկատենք, որ պաշտոնապես հայտարարված զոհերի թիվը շատ ավելի պակաս է, քան իրենց ասած թվերը, իսկ վերջին անգամ զոհված զինվորների նոր անուններ հրապարակել են 2021թ. մայիսի 25-ին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ