Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Ադրբեջանի հայտարարությունները տարածաշրջանային խաղաղության օրակարգին հարվածելու եւ մեզ տարածաշրջանային օրակարգից շեղելու նպատակ ունեն»

Օգոստոս 26,2021 13:59

«Այո, մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնած, մենք երբեք չենք թաքցրել: Դրա համար էլ ընդդիմության մեր գործընկերներին քանի-քանի անգամ կոչ ենք անում կառուցողական դաշտում միասին աշխատել եւ դիմագրավել մարտահրավերներին»,-այսօր խորհրդարանում կառավարության հնգամյա ծրագրի քննարկման ժամանակ իր եզրափակիչ  ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց՝ մի քանի սցենար կա. փախչել պատասխանատվությունից, ուժ կիրառել կամ դիմել միջնորդներին ներքին հանրությանը համախմբելու համար. «Մենք մեր ժողովրդին ենք դիմել, եւ մեր ժողովուրդը տվել է մանդատ այս հարցերը լուծելու: Մենք չենք փախչում պատասխանատվությունից»:

Ապա, անդրադառնալով ընդդիմությանը, որի ներկայացուցիչներից եւ ոչ մեկը դահլիճում չէր, ասաց․«Դուք բոլոր հնարավոր ստերը տարածել եք: Ադրբեջանի նախագահը նո՞ր է հայտարարություններ անում, այդ հայտարարությունները եղել են 2012, 2014, 15, 16 թվականներին, չե՞ն եղել»:

Փաշինյանի խոսքով՝ այսօր ընդդիմադիրներն ասում են՝ վայ, Ադրբեջանն այս ինչ հայտարարություններ է անում, բայց դրանք նոր չեն եւ ոչ էլ դրանց բովանդակությունն է նոր, դրանք շատ վաղուց են հնչում։ Նա ասաց, որ Ադրբեջանից հնչող հայտարարությունները մեր առաջ քաշած տարածաշրջանային խաղաղության օրակարգին հարվածելու եւ մեզ տարածաշրջանային օրակարգից շեղելու նպատակ ունեն․«Հարգելի գործընկերներ, հեշտ չէ, այո, մենք երբ իրար հետ խոսում ենք, ասում ենք՝ դժոխքի միջով ենք անցել։ Մեզ շատ պինդ նյարդեր են պետք։ Մենք չպետք է հույս ունենանք, որ մի օրում, վեց կամ յոթ ամսում մեզ հաջողվելու է ստեղծել լիարժեք կայուն միջավայր, դրա համար էլ կառավարության ծրագրում գրված է, որ առաջնային խնդիրը Հայաստանի եւ Արցախի շուրջ իրավիճակը կայունացնել է, դա նշանակում է ահազանգ մարտահրավերների մասին, եւ այստեղ որեւէ բանին չհավասարակշռված որեւէ արձագանք անթույլատրելի է։ Մենք պետք է հստակ առաջ գնանք խաղաղության օրակարգով, որովհետեւ սադրանքները նաեւ արվում են Հայաստանի ներսում այդ օրակարգի նկատմամբ դիմադրություն ձեւավորելու եւ Հայաստանին այլ սադրանքների մեջ ներքաշելու համար։ Մեր ռազմավարական գծից պետք է չշեղվենք՝ Հայաստանի հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելու, պաշտպանելու բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելով»։

Փաշինյանը մեջբերեց Սամվել Նիկոյանի հայտարարությունը, ըստ որի․«Այլեւս գոնե շատ տեւական ժամանակ մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»։ Վարչապետի խոսքով․«Հիմա եկել, ասում են՝ բա խի՞ չեք կանխել պատերազմը։ Այսինքն, իրենք ասում են, որ մենք պետք է գնայինք Ադրբեջանի անընդունելի եւ անիրատեսական պայմաններն ընդունեինք, մի հատ էլ ասում են՝ հայրենիքի 70%-ը։ Ադրբեջանն առաջին օրից ասել է պատերազմը կանգնելու գինը։ Ասել է՝ հայկական կողմը թող ասի այն ամսաթիվը՝ որ օրը դուրս է գալու իրենց ձեւակերպմամբ՝ մեր տարածքներից եւ մենք կհամաձայնվենք պատերազմը կանգնեցնել։ Ես այս ամբիոնից այդ մասին ասել եմ սեպտեմբերի 27-ին։ Բա ինչո՞ւ չէին ասում՝ կանգնեցրեք, այսինքն՝ հայրենիքի 70%-ը տայիք՝ կանգնեցնեիք։ Իսկ այն ժամանակ, երբ հայրենիքի իրենց ասած՝ 70%-ը կորսված է եղել, կամ 70%-ը չէ, դրա ավելի շատ մասը, պատերազմը կանգնեցնելը իրենք համարում էին դավաճանություն»։

Նշենք, որ Խորհրդարանը, վարչապետի այս ելույթից հետո քվեարկեց եւ ընդունեց կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը։ Ծրագրին կողմ քվեարկեց 70 պատգամավոր, իսկ ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը։ Ընդդիմադիրները մինչ այդ լքել էին դահլիճը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031