«Երեկ, դուք, պարոն Օհանյան, փաստորեն, խրամատավորվեցիք ձեր աթոռին նստած եւ շիշ նետեցիք ԱԺ ամբիոնից խոսացող ԱԺ պատգամավորի ուղղությամբ»,- այսօր խորհրդարանում, կառավարության ծրագրի քննարկումների՝ խմբակցության անունից իր եզրափակիչ ելույթի ժամանակ դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ նկատի ունենալով երեկ տեղի ունեցած միջադեպը, երբ Սեյրան Օհանյանը շիշ նետեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ :
Հայկ Կոնջորյանի բնութագրմամբ, ԱԺ ամբիոնը ՀՀ ժողովրդի եւ ժողովրդավարության հավաքական հրապարակն է, եւ այդ ամբիոնից խոսող որեւէ մեկը խոսում է ժողովրդի անունից. «Որեւէ ոտնձգություն այս ամբիոնին կանգնած պատգամավորի ուղղությամբ, ոտնձգություն է ոչ թե այս ամբիոնին կանգնած պատգամավորի կամ տվյալ խմբակցության նկատմամբ, այլ ոտնձգություն է ժողովրդի նկատմամբ: Երեկ Դուք, երբ շշով խփեցիք, Դուք չխփեցիք Հայկ Սարգսյանին, Դուք խփեցիք ՀՀ ժողովրդին: Դուք, պարոն Օհանյան, այս ամբիոնին հարվածելով եւս մեկ անգամ ցույց տվեցիք Ձեր քաղաքական ինքնությունը, որը հիմնված է եղել ժողովրդին խփելու տրամաբանության վրա: Սա է ձեր պահվածքի քաղաքական գնահատականը»:
«Դուք ոչ միայն խփում եք, պատեհ պահին նաեւ լքում եք դաշտը»,- շարունակեց Հայկ Կոնջորյանը, քանի որ այդ պահին Սեյրան Օհանյանը լքեց դահլիճը: Սեյրան Օհանյանը դահլիճում մնացել էր Հայկ Կոնջորյանի հորդորով, քանի որ վերջինս ասաց, թե իր ելույթում ասելիք ունի նրան: Մինչ կառավարության ծրագրի քվեարկությունը, ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը եւ լքեցին նիստերի դահլիճը:
Սեյրան Օհանյանի պահվածքը իշխանական պատգամավորը համարում է ամենապերճախոս պատասխանն ընդդիմադիրների հարցերին, թե ինչո՞ւ է ուժեղացվել խորհրդարանի անվտանգությունը:
Կարդացեք նաև
Ապա Հայկ Կոնջորյանը փորձեց հիմնավորել, որ դավաճաններն ու հողատուները ընդդիմադիրներն են. «Այս 20-ամյա դավաճանությունը, աշխարհաքաղաքական ավանտյուրան մի օր պիտի պայթեր ու պայթեց 2020-ին»։ 2020թվականի նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտ ստորագրած իշխանության ներկայացուցիչը դավաճանության մեջ մեղադրեց բոլորին՝ սկսած երկրորդ նախագահից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ