Լրահոս
Օրվա լրահոսը

Սանահին վանական համալիրում կշարունակվեն վերականգնման աշխատանքները

Օգոստոս 26,2021 13:13

Դեռևս անցած տարի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհային ծրագրի (ֆինանսավորման) շրջանակում պատվիրակվել էին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող Սանահին վանական համալիրի հարավարևելյան հուշարձանախմբի՝ Սբ. Հարություն, Սբ. Հակոբ եկեղեցիների և Տուտեորդու խաչքարի ուսումնասիրման, նախագծային և վերականգնողական աշխատանքները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանի ուղեկցությամբ այցելել են Սանահին վանական համալիր՝ ազդարարելու վանական համալիրի հյուսիսային հուշարձանախմբի՝ Զաքարյանների դամբարան-մատուռի և Արղության-Երկայնաբազուկների դամբարանի ամրակայման, նորոգման ու վերականգնման նախատեսվող աշխատանքների մասին:

Մշակութային պահպանության աշխատանքներն ամբողջականացնելու նպատակով ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից հավելյալ հատկացվել է 192.000 ԱՄՆ դոլար: Հարավարևելյան հուշարձանախմբի աշխատանքներն իրականացնելու համար 2019 թ. հատկացվել էր 100.000 ԱՄՆ դոլար:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ասել է. «Մեզ համար մեծ պատիվ է մասնակցել համամարդկային հուշարձաններից մեկի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահին վանական համալիրի պահպանմանն ուղղված միջոցառմանը: Նմանատիպ ծրագրերի իրականացումն ու մշակութային կոթողների վերականգնումը լավ դրսևորում է հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդման համար»: Փոխնախարարը հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի ոչ միայն մշակութային, այլև կընդլայնվի նաև գիտակրթական ոլորտում:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսիի մեկնաբանմամբ՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակում ընտրվել է Սանահինը՝ որպես մշակութային առանձնահատուկ հուշարձանախումբ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը համագործակցության համար և հավելել. «Նմանօրինակ ծրագրերն օգնում են, որ սերունդները իմանան հայ ժողովրդի հարուստ պատմությունը, և ամրապնդում են բարեկամությունն ու գործընկերությունը մեր երկրների միջև»:

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 2005 թ.-ից 1 մլն դոլար է հատկացրել՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում իրականացնելու մշակութային պահպանության ծրագրեր, այդ թվում՝ Դաշտադեմի միջնադարյան ամրոցի, Մեղրու Սբ. Հովհաննես եկեղեցու, Արենի 1 քարանձավի, Գառնու միջնադարյան կամրջի և այլ հուշարձանների վերականգնման աշխատանքների համար:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ևս շնորհակալություն է հայտնել ներդրումների համար և նշել. «Հայրենիքի սրբավայրերի պահպանությունը նվիրական գործ է. հետևողականորեն պահպանելու ենք վերականգնված հուշարձանը»:

Միջոցառումից հետո դեսպան Թրեյսին այցելել է Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան՝ ծանոթանալու մեծանուն գրողի կյանքին և գործունեությանը:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031