Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ «Ինչո՞ւ Հյուսիս-Հարավ ճանապարհը նախագծելիս ճանապարհը Երասխով չի շարունակվել դեպի Տիգրանաշեն, Զանգակատուն, ինչո՞ւ չէր անցնում Որոտան-Շուռնուխ հատվածով»

Օգոստոս 26,2021 13:09

Ազգային ժողովում այսօր կառավարության հնգամյա գործունեության ծրագրի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գորիս-Կապան ճանապարհի խնդրին։

Նա ասաց, որ փորձ է արվում ներկայացնել, թե ՀՀ կառավարությունը ժողովրդի թիկունքում որեւէ բան է արել․ «Ես ուզում եմ այս հարցը մեկընդմիշտ փակել եւ ձեր ուշադրությանը հրավիրել հետեւյալին՝ դեկտեմբերի 19-ին ես ուղերձով եմ հանդես եկել եւ խոսել եմ Գորիս-Կապան հատվածում խնդիրների մասին։ Ասել եմ, որ այնտեղ մենք խնդիր ունենք եւ ասել եմ, որ՝ այո, մենք քաղաքական որոշում ենք կայացրել, եւ ես ամբողջությամբ այդ որոշման պատասխանատվությունը կրում եմ եւ մեջբերում եմ՝ «այսօր արդեն ՌԴ -ի սահմանապահ զորքեր եւ այլ ուժեր լիարժեք ներկայացված են Սյունիքում, խոսքը Գորիս-Որոտան-Շուռնուխ հատվածի մասին է, եւ սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է։ Իհարկե, այս ամենի արդյունքում կարող են ծագել տրանսպորտային լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի են դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով»։ Սա ես եթերում եմ հայտարարել, հիմա հարց՝ մենք արդյունքում ունեցա՞նք եռակողմ փաստաթուղթ, ոչ, չունեցանք եռակողմ փաստաթուղթը։ Փոխարենը Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 19-ին հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածում երթեւեկության անխափան կազմակերպման նկատառումով կազմակերպվում են ռուս սահմանապահ ուժեր։ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ Այս թեմայի հետ կապված այս ամբիոնից փոխվարչապետ Ավինյանն է պատասխանել, պաշտպանության նախարարն է մի քանի անգամ հայտարարություն արել, տեղի ունեցածի հանգամանքների վերաբերյալ մենք տվել ենք ամբողջական տեղեկատվություն։ Չենք տվել տեղեկատվություն միայն այն հատվածների մասին, որոնք կարող էին հավելյալ ռիսկեր առաջացնել մեր ազգային անվտանգության հետ, այդ թվում՝ այսօրվա նման իրավիճակից խուսափելու համար»։

Փաշինյանի խոսքով․ «Հիմա, որ գրել են՝ վիճարկելի, այդ վիճարկելին մե՞նք ենք դարձրել»։ Նա կրկին հիշատակեց Վարչատարածքային բաժանման մասին օրենքը եւ ասաց, եթե անգամ այդ օրենքն էլ մի կողմ դնեն, 2010 թվականից եղել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի նախագիծ․ «Հիմա ասում են՝ վայ, էդ ինչ անկլավների հարց է բարձրանում, էդ ինչ Տիգրանաշենի հարց է բարձրանում։ Բա պատասխանեիք՝ ինչի՞ Հյուսիս-Հարավ ճանապարհը նախագծելիս այդ ճանապարհը Երասխով չի շարունակվել Տիգրանաշեն, հետո Զանգակատուն։ Պատասխանեք՝ ինչի՞։ Որովհետեւ այդ հարցերը մենք չենք բերել օրակարգ։ Հյուսիս-Հարավը, երբ կազմում էիք, ինչո՞ւ այդ ճանապարհը չէր անցնում Որոտան-Շուռնուխ հատվածով, այլ նախագծված է այնպես, որ պետք է թունելներ կառուցվեն, որը նախագիծը թանկացնում է ե՛ւ տեխնիկապես ե՛ւ ֆինանսապես։ Մե՞նք ենք վիճարկելի դարձրել, ոչ»։

Փաշինյանի ներկայացմամբ՝ երեկ տեղի է ունեցել հետեւյալը՝ այն հատվածներում, 21 կիլոմետրանոց հատվածի մասին է խոսքը, որը Խորհրդային Միության քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս է եղել, այդ տեղերում եկել են ադրբեջանցիները փակել են՝ որպես պատճառ բերելով, թե նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել, հայկական կողմից մարդիկ են մտել ու դանակահարել են ադրբեջանցի սահմանապահներին․ «Մենք պաշտոնապես ասում ենք, որ այդ տեղեկությունը՝ դանակահարության վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում, եւ կոչ ենք անում, եթե ադրբեջանական կողմն այդպիսի հիմնավորումներ ունի, որ այդպիսի բան եղել է, կոչ ենք անում, որ փոխանցեն մեզ, որպեսզի մենք էլ հետաքննենք, հասկանանք, ինչ է եղել։ Բայց այն, ինչ տեղի է ունեցել, հակասում է, ինչպես գրված է ՊՆ-ի 2020-ի դեկտեմբերի 19-ի հայտարարությունում, պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, եւ ամրագրվել է այդ պայմանավորվածությունը։ Էլի եմ ասում՝ եռակողմ հայտարարություն չի ստորագրվել։ Սա է ամբողջ խնդիրը»։

Վարչապետի վստահեցմամբ՝ ակտիվ աշխատանքներ են տարվում․ «Այնտեղ կա այլ ճանապարհ՝ Կապան-Աղվանի ճանապարհը, որը մեծ տեմպերով ասֆալտապատվում է։ Ես նկատի ունեմ՝ Սյունիքի մարզը, իհարկե, Հայաստանից կտրված չէ։ Եվ մենք, անկախ այս իրավիճակներից, կանխատեսել ենք, որ այսպիսի իրավիճակներ կարող են լինել, եւ այնպես ենք պլանավորել մեր աշխատանքները, որ տրանսպորտային երթեւեկությունը կազմակերպենք եւ երաշխավորենք։ Ռազմավարական առումով Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումն է լուծելու այդ հարցը, բայց ոչ ամբողջապես, նաե Շուռնուխ-Որոտան համայնքների ճանապարհների լավարկման հետ կապված աշխատանք է սկսված, որը հիմա մենք կարագացնենք»։

Փաշինյանն ասաց՝ մեր երկրի առաջ լրջագույն մարտահրավերներ կան, եւ քանի-քանի անգամ ընդդիմության գործընկերներին կոչ են անում միասնական աշխատել եւ միասնաբար դիմակայեն մարտահրավերներին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031