Ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Երեւան-Կապան միջպետական ավտոճանապարհի Չայզամիի հատվածը։ Հիշեցնենք, որ ճանապարհը հակառակորդը փակել էր երեկ՝ օգոստոսի 25-ի ուշ երեկոյան, ժամը 23.15–ի սահմաններում։ Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչները ռուս սահմանապահների հետ միասին բանակցում են ադրբեջանցիների հետ՝ փորձելով բացել ճանապարհը։ Ըստ տեղեկությունների, ադրբեջանցիները նման քայլի դիմել են, իբր հայ զինծառայողները դանակահարել են իրենց ծառայակցին։ Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց այդ տեղեկատվությունը՝ համարելով հերթական կեղծիք։
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ կապը մայրաքաղաքի հետ չի կտրվել, կան այլընտրանքային ճանապարհներ։ «Կապան–Տաթեւ ճանապարհն այս պահին արագ տեմպերով նորոգվում է, Շուռնուխից Որոտան, Որոտանից Խոտ այլընտրանքային ճանապարհները եւս գործում են։ Սյունիքի մարզը, մասնավորապես Կապանը, կտրված չէ արտաքին աշխարհից»,–ասաց Նարեկ Բաբայանը։
Ստեղծված միջադեպը անհանգստացրել է նաեւ մարզի Բարձրավան գյուղի բնակիչներին։ Ճանապարհը չբացվելու դեպքում՝ Բարձրավանը, Շուռնուխը, Որոտանը, ըստ բարձրավանցիների, հայտնվում են շրջափակման մեջ։ Սակայն նրանք փորձում են ինչ-որ ելքեր փնտրել. «Գյուղն ունի այլընտրանքային լեռնային ճանապարհ, որը գյուղը կապում է Կապանի հետ՝ Տաթեւ–Աղվանի ճանապարհով։ Դիմում ենք պատկան մարմիներին նորոգելու այդ ճանապարհը»,–նշում են բարձրավանցիները։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ