Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան․«Վազգեն Սարգսյանի ժամանակ էլ բազմաթիվ մարդիկ ազատվել են զինվորական ծառայությունից»

Օգոստոս 26,2021 11:43

Ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագրի քննարկումը շարունակվում է, այսօր ծրագիրը պետք է քվեարկության դրվի։

«Պատիվ ունեմ» Խմբակցության անունից այսօր ելույթ ունեցավ Արթուր Վանեցյանը։ Նա իր ելույթի բուն մասին անցնելուց առաջ անդրադարձավ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությանը, ըստ որի, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը։

«Մենք քննարկում ենք կառավարության ծրագիր, ունենում ենք բանավեճեր, բանը հասնում է մարտերի, բայց մեր երկրի անվտանգությունը գտնվում է լուրջ սպառնալիքի տակ։ Մեր թշնամի երկիրը փակել է միջպետական ճանապարհ, եւ մենք տեղյակ չենք՝ արդյոք Սյունիքը կտրված է մնացած մարզերից, թե՞ ոչ։ Պաշտպանության նախարարն ասում էր, որ եթե Հայաստանի ինքնիշխան տարածքն անգամ մեկ սանտիմետր խախտեն, կիրառվելու է ուժ, եւ թշնամին դուրս է շպրտվելու։ Պարոն նախարար, խնդրում եմ ձեր մեկնաբանությունը՝ այդ միջպետական ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե՞ ոչ։ Կուզեի նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն ասեր, թե ի վերջո ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը»,- ասաց Վանեցյանը։

Ապա Վանեցյանն անդրադարձավ երեկ եւ այսօր հնչած ելույթներին, որոնցով, ինչպես Վանեցյանն ասաց՝ մեկն ուղղակի , մյուսն՝ անուղղակի սպարապետ Վազգեն Սարգսյանը մեղադրվեց ծանր հանցագործությունների մեջ՝ մեկը պետական հեղաշրջում իրականացնելն էր, մյուսը՝ հայրենիքի դավաճանությունը․«Վազգեն Սարգսյանը եղել է պաշտպանության նախարար, եւ այդ ժամանակահատվածում անձամբ ես ճանաչում եմ բազմաթիվ մարդկանց, որոնք ազատվել են զինվորական ծառայությունից»։

Անցնելով իր ելույթի բուն հատվածին՝ Վանեցյանն ասաց ՝ առաջիկա տարիների համար չափազանց կարեւոր է հայկական աշխարհի միասնականության վերականգնումը․ «Նոյեմբերի 9-ին ձեր ստորագրած ամոթալի փաստաթուղթը մեծ փլուզումներ է առաջացրել հայկական աշխարհում։ Արցախը միշտ եղել է մեր միասնականության եւ ազգային ինքնագիտակցության առանցքներից մեկը։ Ես հասկանում եմ՝ շատ դժվար է համախմբվել պարտության եւ կորստի շուրջ։ Այսօր Արցախն իրեն լքված է զգում, Սփյուռքը՝ օտարված, Հայաստանը՝ մոլորված։ Հենց որ մենք կարողանանք վերականգնել մեր ազգային միասնականությունն ու արժանապատվությունը, շատ ավելի հեշտ կկարողանանք բանակցել մեր դաշնակիցների հետ ու շատ ավելի հեշտ կկարողանանք խաղաղություն հաստատել մեր անմիջական հարևանների հետ։ Իսկ դա պետք է սկսել հասարակական համերաշխությունը ապահովելով, մի բան, որը վերջին երկու օրերին գործող իշխանությունները տապալեցին այս դահլիճում»։ Վանեցյանն իշխանություններին հորդորեց՝ խորհրդարանում չպետք է զորքով հարցեր լուծվեն, քանի որ դա մի օր կհանգեցնի «պահակախումբը հոգնել է, քնել է ուզում» հայտնի պատմական ձեւակերպմանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031