Այսօր ԱԺ-ում շարունակվում է կառավարության հնգամյա ծրագրի քննարկումը։ Երեկվանից որոշ պատգամավորներ իրենց ելույթները նվիրում էին անցյալին եւ ամենքն, ըստ իր ճաշակի, ՀՀ նորագույն պատմությունից դրվագներ էին պատմում։
Այսօր էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, 90-ականների ՀՀ ԳԽ պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էր իր ելույթում պատմական ակնարկ կատարեց, որպեսզի, ըստ իրեն, ցույց տա, թե առկա խնդիրների արմատները որտեղից են գալիս։
Հիշեցրեց՝ Ազգային ժողովի առաջին ընտրությունները չբերեցին հասարակական համաձայնության, այլ ծնեցին առճակատում, եւ սա չկարեւորվեց, Սահմանադրության ընդունումն էլ չդարձավ համաձայնության մթնոլորտի հաստատում, այլ ավելի շատ դարձավ պառակտման պատճառ եւ շատերը ընկալեցին Սահմանադրությունը՝ որպես իշխանությունը պահելու ձգտում։ «Դրան հետեւած նախագահական ընտրություններում առաջացավ խորը առճակատում, ընդդիմությունն ու իշխանությունը չկարողացան գալ համաձայնության , ավարտվեց ԱԺ-ի գրոհով։ Այդ օրվանից եւս պատերազմը սկսեց թակել մեր դուռը, որովհետեւ թշնամին այս ամենին հետեւում եւ հասկանում էր, որ սրա վերջը իրենց համար շատ լավ է լինելու։ Եվ մենք դա չկարեւորեցինք։ Հետագայում, ընդդիմութան ճանապարհը փակելու համար Ռոբերտ Քոչարյանը բերվեց Հայաստան, մենք պետք է ընդունենք, որ անթույլատրելի բան տեղի ունեցավ եւ որին հաջորդեց պալատական հեղաշրջումը։ Մի գիշերում մեծամասնությունը դարձավ երկրապահ։ Գուրգեն Արսենյանի հետ 97 թվականի հանդիպումը մեր առաջին հանդիպումն էր, մեր ընկերությունը ծնվեց այդ օրվանից, երբ մարդն ասաց՝ Ռոբերտին Հայաստան բերելով՝ մենք կորցնում ենք օրինական իշխանությունը, Լեւոնը թռավ։ Այդպես էլ եղավ։ Այն ժամանակ մենք չէինք հավատում դրան։ Դրան հաջորդեցին անօրինական ընտրությունները, ոտնահարելով Սահմանադրությունն ու օրենքները։ Այն ուժերը, որոնք աջակցում էին Ռոբերտ Քոչարյանին, պիտի իրենց մեղավոր զգային դրա համար։ Անօրինական բանը չի կարող լավ բանի հանգեցնել։ Այլասերման դրսեւորումներ, ազդեցության ոլորտներ․ ժողովրդի հարստահարում, նորանկախ պետությունը բռնազավթվեց մի խումբ մարդկանց կողմից եւ դադարեց ծառայել հասարակությանը։ Սա անելու բան չէր։ Արդյունքում հասարակական, քաղաքական, տնտեսական մթնոլորտը այլասերվեց եւ քրեականացվեց»,-ասաց Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ ոմանք ասում էին՝ Բաքուն գրավելու համար պետք է Երեւանը գրավենք, ու տեսանք ինչ արեց Բաքուն։
Խաչատրյանի կարծիքով՝ 2018-ի հեղափոխությամբ մարդիկ ցնծում էին, որովհետեւ, պատգամավորի խոսքով ասած՝ իրենց հարազատ պետությունը ազատագրվում էր եւ ծառայելու էր իրենց։
Կարդացեք նաև
«Նիկոլ Փաշինյանին այս դահլիճում ընտրել են ՀՀԿ, ՀՅԴ եւ ԲՀԿ կուսակցությունները, այս երեք քաղաքական ուժերը, եթե չուզենային, Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր դառնա։ Ինչո՞ւ էին ընտրել, ճիշտ են արել։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ համաձայնության մթնոլորտի առումով ձեռք մեկնեց։ Մեկնեց եւ կոալիցիոն կառավարություն ստեղծվեց, տեսանք ԱԱԾ-ն ում վստահվեց (նկատի ունի Արթուր Վանեցյանին), մի մարդու, որը ուղղաթիռով Վահե Հակոբյանին ուղղորդել էր մարզպետ դառնալու։ Ընկերն էր, լավ է, մարդկային ընկերություն է, Օսիպյանին վստահվեց ոստիկանությունը։ Ի՞նչ է, համայնքապետերի հետեւից ընկա՞նք։ Մոռացե՞լ եք, որ Սերժ Սարգսյանն ասում էր՝ կոռուպցիան մեր հասարակության քաղցկեղն է, մոռացե՞լ եք, որ Սերժը բռնուցքը խփում էր սեղանին ու ասում էր՝ ատկատները խեղդում են Հայաստանը, ասում էր՝ այլեւս չենք քողարկելու ձեր հանցագործությունները։ Ասում էր եւ չէր անում։ Հիմա նոր քաղաքական իշխանությունն, իհարկե սխալներ ունի»,-ասաց Վիգեն Խաչատրյանը։
Նա իրեն ուղարկված մի նամակ ընթերցեց, որում ասվում է՝ Աժ-ում երկգլխանի վիշապի պոչն է, մի բան է ակնհայտ, պոչը կտրելով սողունին մեծ վնաս չես տա․«Շատ եմ ուզում, որ մեր ընդդիմությունը դադարի երկգլխանի վիշապին սպասարկել, եւ դառնա այլընտրանք գործող իշխանությանը»։
Նելլի Բաբայան