Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հողի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղաքապետարանի աշխատողի որդին՝ ոչ թե «սեփականաշնորհման որոշման», այլ ուժը կորցրած դատարանի վճռի հետևանքով. «Ֆիզգորոդոկի» բնակիչներ

Օգոստոս 26,2021 10:54

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՖԻԶԻԿԱՅԻ ԳԻՏԱՎԱՆԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանի կողմից ս․թ. օգոստոսի 24-ին Ֆեյսբուք սոցիալական հարթակում տարածվել է հաղորդագրություն, որով, կա՛մ դիտավորյալ, կա՛մ անբարեխղճության արդյունքում, խեղաթյուրվում է իրական պատկերը։

Այդպես, հաղորդակցության մեջ նշված է, թե.

  • Հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին.
  • Երևանի քաղաքապետարանը իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը:

Իրականում, հողի նկատմամբ վարձակալության և, այնուհետ, սեփականության իրավունքը ձեռք է բերել Երևանի քաղաքապետարանի աշխատող Ազատ Աղաջանյանի որդին՝ Տիգրան Աղաջանյանը ոչ թե 2004թ.-ին, այլ 2005 թ.-ին, և ոչ թե «սեփականաշնորհման որոշման», այլ ակնհայտ ապօրինի և ուժը կորցրած դատարանի վճռի հետևանքով:

Չարաբաստիկ վճիռը կայացվել է.

  • պաշտոնեական կեղծիքի արդյունքում ստեղծված կեղծ ապացույցների հիման վրա, մասնավորապես՝ Կադաստրի կողմից տրված կեղծ հատակագծի հիման վրա, որի վրա պատկերվել է, իբր պարսպապատված մոտ 2000ք.մ. չ՛պարսպապատված հող և գոյություն չունեցող մոտ 50ք.մ. նկուղ,
  • հողի «սեփականաշնորհումը» տեղի է ունեցել հանցավոր անգործության և գործողությունների արդյունքում (այդ թվում, կադաստրի և քաղաքապետարանի կողմից թերի դատական պաշտպանության արդյունքում):

Վճիռն ակնհայտ ապօրինի է, քանի որ այն կայացվել է օրենքի ամենաակնհայտ և կոպիտ խախտումներով, քանի որ.

  • «օրինականացվել» է 50%-ից ցածր ավարտվածություն ունեցող ենթադրյալ ինքնակամ կառույցը (իբր կառուցված անավարտ տան նկուղը), մինչդեռ օրինականացման համար ավարտվածության աստիճանը պետք է լիներ 50%-ից ոչ պակաս,
  • դատարան ներկայացված չի եղել հողի ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ենթակա չլինելու տեղեկանք:

Վճիռն ուժ չունի և չպիտի կատարվեր, քանի որ.

  • վճռի կատարման պահին կադաստրը ներկայացրել է վերաքննիչ բողոքը և պարտավոր էր պահանջել կատարման կասեցում,
  • գործի վերաքննության հետևանքով Տիգրան Աղաջանյանի հայցը թողնվել է առանց քննության և վճիռը կորցրել է իր ուժը, սակայն ո՛չ կադաստրի, ո՛չ էլ Երևանի քաղաքապետարանի կողմից քայլ չի ձեռնարկվել ուժը կորցրած վճռի շրջադարձ պահանջելու ուղղությամբ:

Ներկայիս Երևանի քաղաքապետարանը, որպես շահագրգիռ մարմին, այսօր ևս իրավասու է պահանջել վճռի շրջադարձ և փաստացի հափշտակված հողի վերադարձ՝ Հայաստանի Հանրապետությանը, քանի որ.

  • եթե հողը ապօրինի օտարված չլիներ, այն կփոխանցվեր Երևան համայնքին ի սեփականություն նույն կերպ, ինչպես և այն շրջապատող այլ ընդհանուր օգտագործման և կանաչապատ տարածքները,
  • ներկայումս վճռի շրջադարձի դիմում կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ, այդ թվում, ընդհանուր օգտագործման տարածքից ազատ օգտվելու իրավունք ունեցող ցանկացած քաղաքացի, առավել ևս, այդ քաղաքացիներին միավորող Երևան համայնքը (հարկավոր է ընդամենը համայնքի և քաղաքացիների շահերի նկատմամբ շահագրգիռ մոտեցում ցուցաբերել):

Ընդ որում, բնակիչները դիմել են կադաստրի կոմիտեին և Երևանի քաղաքապետարանին՝ պահանջելով քայլեր ձեռնարկել ուժը կորցրած վճռի շրջադարձի ուղղությամբ, սակայն ո՛չ կադաստրի կոմիտեի, ո՛չ էլ քաղաքապետարանի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել վճռի շրջադարձի ուղղությամբ: Փոխարենը, Երևանի քաղաքապետն ակնհայտ ապօրինի հիմքերով ձեռքբերված վիճելի տարածքում 12-հարկանի շենքի շինարարության թույլտվություն է տրամադրել:

Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանը շարունակաբար խուսափում է քաղաքացիներին և վերջիններիս փաստաբանին քաղաքացիների իրավունքներին անմիջապես առնչվող տեղեկատվություն տրամադրելուց: Մասնավորապես.

  • Լինելով Երևանի վարչական սահմաններում գտնվող հողերի վերաբերյալ համապատասխան տեղեկանք տրամադրող միակ իրավասու մարմինը, Երևանի քաղաքապետարանը շարունակաբար խուսափում է բնակիչների և վերջինիս փաստաբանի բազմաթիվ դիմումներով ՀՀ հողային օրենսգրքի 60րդ հոդվածի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք տրամադրել՝ ակնհայտ անհիմն հիմնավորումներով,
  • ի պատասխան 29.07.2021թ. փաստաբանական հարցման, որով պահանջվել է առձեռն տրամադրել հողին վերաբերող քաղաքաշինական փաստաթղթերը, 19.08.2021 թ.-ին. (այսինքն, 18.08.2021 թ.-ին շինարարությունը մեկնարկելուց մեկ օր հետո) փոստով ուղարկված 09.08.2021 թ.-ով թվագրված գրությամբ ներկայացվել է միայն նախկին շինարարության թույլտվությունը՝ թաքցնելով իբր 29.07.2021 թ.-ին տրված նոր շինարարության թույլտվության առկայության փաստը:

Արդյունքում, թաղամասի բնակիչները զրկվել են իրազեկված լինելու, արդյունավետ իրավական պաշտպանություն իրականացնելու, օր առաջ 29.07.2021թ. շինարարության թույլտվությունը դատական կարգով վիճարկելու և հայցի ապահովման միջոցի կիրառում պահանջելու հնարավորությունից:

Մինչդեռ նշված տեղեկություններն առ այսօր շարունակում են չտրամադրվել, ակնհայտ է, որ հողի վրա տարածվում են ՀՀ հողային օրենսգրքի 60րդ հոդվածի սահմանափակումները և հողի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումները, օրենքի ուժով, հանդիսանում են առոչինչ վարչական ակտեր, քանի որ դրանց հասցեատերերին (Տիգրան Աղաջանյանին և, հետագայում, «Ռատկո» ՍՊԸին) տրամադրված է եղել ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, այն է՝ սեփականության իրավունք այնպիսի հողի վրա, որը բաղկացած է ընդհանուր օգտագործման տարածքից (հանրային սպորտային հրապարակ) և այգուց (կանաչապատ գոտի), որոնց նկատմամբ սեփականության իրավունքը՝ ՀՀ հողային օրենսգրքի 60րդ հոդվածի համաձայն, չէր կարող փոխանցվել մասնավոր անձանց:

Այդպիսով, հողի նկատմամբ թե՛ Տիգրան Աղաջանյանի, թե՛ «Ռատկո» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի գրանցումները, որպես առոչինչ վարչական ակտեր, ընդունման պահից օրենքի ուժով իրավաբանական ուժ չունեն, և ենթակա չեն կատարման կամ կիրառման:

Ուստի, առոչինչ են նաև «Ռատկո» ՍՊԸ-ին Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված բոլոր քաղաքաշինական փաստաթղթերը և որևէ պետական մարմին (ներառյալ ոստիկանություն), իրավունք չունի առաջնորդվել դրանցով:

Օրենքի համաձայն, առոչինչ վարչական ակտը չկատարելը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն, իսկ առոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Ավելին, առոչինչ վարչական ակտն ընդունած վարչական մարմինը պարտավոր է իր նախաձեռնությամբ կամ արդարացված շահ ունեցող ցանկացած անձի դիմումի հիման վրա անհապաղ հաստատել այդ ակտի առոչինչ լինելը:

Քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանի տարածված հաղորդագրության մեջ պարունակվում են նաև այլ սխալ տեղեկություններ առ այն, թե իբր.

  • Բնակիչները դիմել են դատարան՝ վիճարկելու կառուցապատումը, դատարանը վարույթ է ընդունել գործը, բայց չի կասեցրել շինարարությունը.
  • Միակ մարմինը, որը կարող է կասեցնել շինարարությունը, դատարանն է, քաղաքապետարանը տվյալ պայմաններում այդպիսի լիազորություն չունի:

Իրականում.

  • ըստ դատական համակարգի պաշտոնական կայքի, շինարարության թույլտվությունը վիճարկող հայցը առ այս պահը դեռևս վարույթ ընդունված չէ, և հայցի ապահովման մասին միջնորդությունը դեռևս լուծված չէ (ըստ ամենայնի, 29.07.2021թ. շինարարության թույլտվության չտրամադրելը հենց հայց ներկայացնելու անհնարինություն ստեղծելու նպատակ էր հետապնդում, իսկ կատարված հայտարարությունն ուղղված է դատարանի գործողությունների կանխորոշմանը).
  • սեփականության իրավունքի գրանցման առոչնչության պարագայում առոչինչ է և ընդունման պահից իրավաբանական ուժ չունի նաև շինարարության թույլտվությունը և Երևանի քաղաքապետը, օրենքի համաձայն, որպես առոչինչ վարչական ակտն ընդունած վարչական մարմին, պարտավոր է իր նախաձեռնությամբ անհապաղ հաստատել այդ ակտի առոչինչ լինելը, ինչը պահանջում ենք:

Եւ վերջապես, պահանջում ենք նաև ժողովրդավարական ընտրությունների արդյունքում հանրային իշխանություն ստանձնած անձանցից բարձր պատասխանատվություն, խնդիրների ավելի խորը ուսումնասիրություն և ընկալում, հանրային շահի ադեկվատ գնահատում և հանրության պատշաճ իրազեկում։

Այս նվազագույն չափանիշներին չհամապատասխանող պաշտոնյաները պետք է հեռանան իրենց զբաղեցրած պաշտոններից։

Որպես քաղաքապետարանի անպատասխանատու և անփույթ խոսափող, հերթում առաջինը՝ Հակոբ Կարապետյանն է։

Հաջորդը այն պաշտոնյաններն են լինելու, ովքեր հանրային շահին ուղիղ առնչվող այս հարցի կապակցությամբ կհրաժարվեն իրենց լիազորությունների իրականացումից՝ դրանց բուն էությանը համապատասխան։

ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԻՏԱՎԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031