Լրահոս
Օրվա լրահոսը

Բեւեռացված հասարակության արտացոլումը

Օգոստոս 26,2021 10:00

Ի՞նչ է տեղի ունենում, երբ երկու մարդ (ասենք, ամուսիններ կամ ընկերներ) բուռն վեճի մեջ են: Ի՞նչ է, նրանք փորձում են իրար համոզել, թե որ գաղափարն է ավելի ճիշտ: Իհարկե, ոչ: Նրանք պարզապես իրար վրա գոռում են, եւ փորձում են դա անել որքան հնարավոր է բարձր, որպեսզի դիմացինի ձայնը չլսվի: Նրանք վիճում են ոչ թե իրար լսելու, այլ ճիշտ հակառակը՝ իրար Չլսելու համար: Ես հիշեցի, երբ 2012 թվականին «նախընտրական հեռուստաբանավեճի» մեջ էին Վլադիմիր Կարապետյանը (ՀԱԿ) եւ Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ). ինչ-որ մի պահից նրանք միաժամանակ բարձրաձայն խոսում էին՝ այնպես, որ նրանց ասածներից ոչ մի բառ չէր հասկացվում: Մինչեւ որ բանավիճող կողմերից յուրաքանչյուրը  չընկալի, որ նա Բացարձակ Ճշմարտության կամ, որ տվյալ դեպքում նույնն է՝ Ժողովրդի մարմնավորումը չէ, նրանք իրար լսելու ոչ հնարավորություն չեն ունենա:

Բայց մինչեւ 2021 թվականի խորհրդարանի ձեւավորումը՝ այդ ամենը տեղավորվում էր համընդհանուր հոգեբանական օրինաչափությունների մեջ, որոնք դրսեւորվում են ամենուր եւ բոլոր ոլորտներում՝ կենցաղից սկսած: Այդ ամենին գումարվում են մեր երկրին հատուկ հասարակական-քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունեցել վերջին 10-12 տարիների ընթացքում: Եթե կարճ բնութագրենք, թե ինչումն է այդ յուրահատկության արմատը, ապա դա, անշուշտ, կարելի է ձեւակերպել որպես հասարակության ծայրահեղ բեւեռացում: Ընդ որում, ենթադրում եմ, որ այն տեղի է ունեցել ոչ թե տարերայնորեն, այլ՝ որպես քաղաքական ուժերի նպատակաուղղված ջանքերի արդյունք:

«Ով մեզ հետ չէ, նա տականք է»՝ այսպիսին էր, ըստ էության, 2008 թվականի նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի կարգախոսը: Այնպես որ՝ «սեւի» եւ «սպիտակի» բաժանման «հեղինակային իրավունքը» ոչ Հայկ Մարությանինն է, ոչ էլ Նիկոլ Փաշինյանինը: Ուրիշ հարց, որ այդ կարգախոսը դուր էր եկել ՀԱԿ-ի այն թեւին, որն այնուհետեւ առանձնացավ Փաշինյանի ղեկավարությամբ, եւ հենց այդ մոտեցումը դարձավ հետագա տարիների նրանց քաղաքականության «կրեդոն»: «Իմ քայլի» կամ «ՔՊ»-ի հաջողության գրավականն  է ատելությունն ու թշնամանքը, որը նպատակասլաց կերպով հրահրվում էր բնակչության մեջ: Իհարկե, դրա հիմքը նախորդ տասնամյակներում այդ նույն բնակչության «լյումպենացումն» էր՝ ոչ միայն նյութական, այլեւ հոգեւոր, կասեի անգամ՝ մտավոր, եւ այդ ամենի պատասխանատուն իսկապես նախորդ իշխանություններն են: Բայց դա առանձին թեմա է:

Եվ ահա այս մակարդակն ու տրամադրություններն ունեցող հասարակությանն առաջարկվել է հունիսի 20-ին ընտրություն կատարել «սեւի» եւ «սպիտակի» միջեւ: (Կային այլ գույներ, որոնց վրա, սակայն, քչերն ուշադրություն դարձրեցին):  «ՔՊ»-ն ասում էր՝ «մենք գնում ենք խորհրդարան՝ «նախկինների» հերն անիծելու համար»: «Նախկիններն» ասում էին՝ «մենք գնում ենք ԱԺ՝ դավաճանին հեռացնելու համար»: Մնացած բոլոր խոստումները ձեւական էին, ոչ մի ընտրողի չէին հետաքրքրում: Արդյո՞ք նման մտադրություններով, ընտրողների նման մանդատ ստացած, բզկտված, բեւեռացված հասարակությունն արտացոլող քաղաքական ուժերից դուք ակնկալում եք, որ նրանք կզբաղվեն օրենսդիր գործունեությամբ եւ կքննարկեն մեր պետությանը հուզող հարցեր:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արամ Սերժիկյան says:

    Գերազանց վերլուծություն։ «Իմ քայլի կամ ՔՊ-ի հաջողության գրավականն է ատելությունն ու թշնամանքը, որը նպատակասլաց կերպով հրահրվում էր բնակչության մեջ:» Ատելւթյունը այս իշխանության հոմանիշն է։ Նախկին համակարգը բավական ուշադրություն չդարձրեց այս քաղցկեղին, երբ այն դեռ ձևավորման փուլում էր, արմատախիլ չարեց։ Մեր ժողովուրդը չգնահատեց այն կուռ ու կայուն համակարգը, որը ձևավորել էր Սերժ Սարգսյանը։ Իր թերություններով հանդերձ, այն ապահովում էր կայուն վարձատրություն ու ապահով կյանք բոլոր այն մտավորականներին, որոնք բացահայտ կամ իմ պես քողարկված ձևով Սերժ Ազատիչի գովքն էին երգում։ Կարոտից արտասվում եմ այս տողերը գրելիս։ Լավ ժամանակներ էին։ Այսօրվա բևեռացված հասարակությունը դեռ շատ է ափսոսալու անցած գնացած կյանքը Սերժ Ազատիչի օրոք։ Չգնահատեցիք, դե հիմա վայելեք։

  2. Հայ մարդ says:

    Բևեռացված հասարակության արտացոլումը վառ կերպով դրսևորվում է մեր երկրի խորհրդարանում: Այս մի քանի օրվա այնտեղի տղայական «ռազբոռկաները» ցույց տվեցին, որ պառլամենտարիզմի նշաձողը ԱԺ-ում գտնվում է ամենաստորին մակարդակում և գաղափարական բանավեճերի փոխարեն այնտեղ ընթանում են և ընթանալու են ցածրամակարդակ հաշվեհարդարներ:
    Խորհրդարանի ՔՊ-ական մեծամասնության դեմ պայքարի միայն մի ձև կարող է ավելի արդյունավետ լինել: Քանի որ ԱԺ-ի փոքրաթիվ ընդդիմությունն իր քվեարկությամբ և բողոքի տարբեր դրսևորումներով ոչ մի կերպ չի կարող ազդել խորհրդարանում ընդունվող որոշումների վրա, ապա երկու ընդդիմադիր ֆրակցիաների բոլոր պատգամավորներն էլ իրենց մանդատները վայր դնելու դեպքում (և իրենց համամասնական ցուցակի մյուս անդամների կողմից այդ մանդատներից շարունակաբար հրաժարվելու դեպքում) կստեղծեն խորհրդարանական ճգնաժամ: Այդ դեպքում թափուր մանդատների ձեռք բերելու խնդիրը կտեղափոխվի իրավաբանական քննարկումների դաշտ, որի հանգուցալուծումը կարող է տեղափոխվել ՍԴ-ի տիրույթ, որտեղ քննարկումները բավականին ժամանակատար են լինում: Այս դեպքում ՔՊ-ական պատգամավորները երկար ժամանակ չեն կարող «ժողովրդի» մանդատով իրենց վերապահված «խաղաղասիրական» զիջումների վերաբերյալ քվեակություններ կատարել, մինչև հարցի ավելի լավ լուծում գտնվի:
    Իսկ եթե մեր ընդդիմադիրները մտածեն միայն իրենց պատգամավորական աթոռները պահպանելու մասին և շարունակեն այս խայտառակ խորհրդարանում տեղի ունեցող կռիվների մասնակիցները դառնալ, ուրեմն կեղծ կհամարվեն նրանց հայրենասիրական բոլոր ճառերը և իշխանական ֆրակցիայից նրանք ոչնչով չեն տարբերվի:

  3. Հ.Շ. says:

    դարձեալ գրառում մը ներշնչեցիք ինծի… մերսի… ՝
    https://www.facebook.com/permalink.php?story_fbid=966429264202962&id=368796210632940

  4. Լավատես says:

    Թող քաղաքական բալիկները ինքնահաստատվեն, պարզապես ավանդական պետությունը քաղաքական խաղալիք չէ, երեխայի ձեռքը լուցկի չեն տա’ ինքն իրեն էլ կվնասի, տունն էլ հրդեհ կգցի: Կարծում եմ, այդքանը գիտակցում են մեր քաղաքական բալիկները եւ չարություն չեն անի:
    Իրական խնդիրը այլ է’ մենք արտապետական կառույցները’ համայնքներն ու ընտանիքները պետք է սուբյեկտացնենք, նրանց դարձնենք պահանջատեր, սովորեցնենք, որ նրա՛նց պետք է ծառայի պետությունը, իսկ պետությունը պետք է ձեւավորվի լավագույն համայնքների ներկայացուցիչներից: Արցախն էլ մեր համայնքներից մեկն է, Վանի համայնքն էլ մեր ժամանակավորապես հայրենազրկված համայնքներից մեկն է: Մենք այսօր քաղաքական կամավորների բանակ պետք է ստեղծենք, որ գնան համայնքներ սուբյեկտայնության դասեր տան տեղի ընտանիքներին: Միայն գիտակից համայնքները գիտակից պետության պահանջ կարող են դնել: Շտապել է պետք, ավանդական պետությունները փլուզվում են, կմնան միայն առողջ ազգ պետությունները:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031