Եթե դուք այն երջանիկների ցանկում չեք, որ նախորդող 3 օրերին կամ այսօր երեկոյան բախտ ունեք դիտելու Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի նոր ներկայացումը՝ լեհ դրամատուրգ Էլժբետա Խովանեցի «Գարդենիան», որն իսկապես նոր շունչ եւ թարմ խոսք էր հայաստանյան մշակութային կյանքում, ապա շտապեք ձեռք բերել տոմսեր՝ սեպտեմբերի 8-ի համար: Դրանից հետո ներկայացումը մեկնելու է Բրեստ՝ փառատոնի: Վերադարձից հետո, եթե եղանակային պայմանները թույլ տան, գուցե հոկտեմբերին էլ մեկ անգամ խաղան, իսկ եթե ոչ՝ ապա մեծ բան բաց կթողնեք: Չէ, այնպես չի, որ ներկայացումը ձմռանը չեն խաղա, բայց հավատացնում եմ, սեզոնը կապ ունի…
Թատրոնի շենքի բակն ու կցակառույցներն վերածվել էին բացօթյա բեմի, ուր դերասանները, հանդիսատեսի հետ նույն հարթության վրա եւ շատ մոտիկից խաղում էին չորս կանանց այնքան իրար նման եւ այնքան իրարից տարբեր, ու գլխավորը՝ շատ կանացի դերեր: Չորս սերունդ, չորս տարբեր ճակատագիր ունեցող, կամ ավելի ճիշտ՝ սեփական ճակատագիրը չորս տարբեր կերպ կերտած կին: Զուր չէ, որ Էլժբետա Խորովիցի այս պիեսը աշխարհի շատ բեմերի համար է դարձել խաղացանկային, սյուժեն հետաքրքիր է եւ դերասանուհիներին ինքնադրսեւորվելու լավ հնարավորություն է տալիս:
Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասանուհիներն այդ հնարավորությունից օգտվեցին լիուլի՝ նրանցից յուրաքանչյուրն իր դերի մեջ հիասքանչ էր՝ Աննա Մանուչարյանը, Հայարփի Զուռնաչյանը, Տաթեւիկ Մելքոնյանն ու Ելենա Վարդանյանը կերտել էին ոչ թե մեկական կերպար, այլ առնվազն՝ կրկնակի, իսկ երբեմն էլ՝ քառակի ու հնգակի, քանի որ նրանցից յուրաքանչյուրի հերոսուհին մեր առջեւ հառնում է իր կյանքի տարբեր էտապներում՝ որպես փոքրիկ երեխա, դեռահաս, երիտասարդ կին, մայր, անգամ՝ տատիկ, իսկ Ելենա Վարդանյանի հերոսուհու պարագայում անգամ՝ որպես մեծ տատիկ եւ հանգուցյալ…Ընդ որում, այդ տարիքային վերամարմնավորումները հաճախ մեկ մենախոսության ընթացքում էին իրականանում…
Ներկայացման հաջողվածության կարեւորագույն գրավականներից էին նաեւ ռեժիսոր եւ երաժտական ձեւավորման հեղինակ Գոռ Մարգարյանի եւ բեմանկարիչ ու զգեստների նկարիչ Նելլի Բարսեղյանի տիտանական աշխատանքները: Այդպես հարմարեցնել թատրոնի հետնամուտքն ու բակը, թատրոնի կուլիսների հետեւում գտնվող շինությունները՝ ներկայացմանը եւ այնպես բեմադրել չորս կանանց կյանքի պատմությունները, որ հանդիսատեսը չհասցնի ոչ մի վայրկյան աչք թարթի, կարող էին միայն բեմի նվիրյալները:
Կարդացեք նաև
Չմոռանանք նաեւ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի եւ տնօրեն Մարիաննա Մխիթարյանի գործուն ջանքերը՝ թատրոնի խաղացանկը հնարավորինս հետաքրքիր ներկայացումներով հարստացնելու եւ թարմ գաղափարներ ներառելու հարցում:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ