Լրահոս
Օրվա լրահոսը

Հայհոյանքի քրեականացումը քաղաքացիներից հաշվեհարդար տեսնելու նպատակ է հետապնդում

Օգոստոս 26,2021 13:30

Ազգային ժողովի կողմից հայհոյանքը քրեականացնելու մասին օրենքի նախագծի ընդունումը բուռն քննարկումների տեղիք տվեց: Հայ հանրությունն ընդգծված բացասական դիրքորոշում է արտահայտում այդ առնչությամբ. թերեւս այս մասին են փաստում սոցհարթակներում բազմաթիվ գրառումները: Ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունն օրենքի ընդունմամբ, օրենքի կիրառման արդյունավետ ուղիների եւ հնարավոր բացասական հետեւանքների մասին խոսել ենք Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Միքայել Ահարոնյանի հետ:

– Պարոն Ահարոնյան, առաջին հայացքից թվում է, թե օրենքի ընդունումը բացասական ասոցիացիաներ չպետք է առաջացներ, եւ, այո, անպարկեշտ եղանակով անձի արժանապատվությունը վիրավորած մարդը պետք է պատասխանատվության ենթարկվի: Այս պարագայում ինչո՞ւ նման բացասական արձագանքներ եղան, հնարավոր չէ՞ քննադատական խոսք կամ որեւէ էմոցիա արտահայտել առանց հայհոյախառն բառամթերքի:

– Այս նախաձեռնությունն ինքնանպատակ չէ, կարծում եմ, որ այն գործող իշխանության կողմից հերթական հաշվեհարդարը տեսնելու նպատակի հետապնդմանն ուղղված նախաձեռնություն է։ Վերջին շրջանում շատ է հայհոյանքը։ Հատկապես այն առավել արտահայտվում է համացանցի միջոցով։ Այստեղ իսկապես տեսնում եմ խնդիր, բայց հանուն արդարության ասեմ, որ ներկայացված նախագծով հիմնավորումները շատ թույլ են։ Միաժամանակ, նախագծի հեղինակներին չի հաջողվել հիմնավորել ծանր վիրավորանք հասցնելը քրեականացնելու անհրաժեշտությունը։ Այսօր առավել, քան երբեւէ դատարանները ծանրաբեռնված են վիրավորանքի եւ զրպարտության վերաբերյալ գործերի քննությամբ։ Այսինքն՝ անձը հնարավորություն ունի լիարժեք պաշտպանելու իր իրավունքները։ Մինչդեռ, այս նախաձեռնությամբ թվում է, թե իրավունքի զարգացումը ինչ-որ տեղ նահանջում է։ Մենք գնում ենք տասնամյակներ առաջ, երբ հիշում եք՝ զրպարտությունն ու վիրավորանքը քրեականացվեց, հետագայում այն ապաքրեականացվեց ու անձը հնարավորություն ունեցավ դատարանի միջոցով պաշտպանել իր իրավունքներն ու իրավաչափ շահերը։

Անդրադառնալով հարցի բուն էությանը՝ նշեմ, որ հասարակությունը պետք է բացասական տրամադրություն ունենար, քանի որ սա առաջին մեծ հարվածն է քաղաքացիական հասարակությանը։ Մարդը ունի համոզմունքների ազատության եւ դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք, այդ իրավունքը ներառում է իր համոզմունքներին հավատարիմ մնալու ազատությունը։ Այլ կերպ ասած՝ խոսքի եւ արտահայտման ազատությունը բացարձակ իրավունք չէ, եւ կարող է սահմանափակվել, սակայն այդ սահմանափակումները պետք է լինեն օրենքով եւ անհրաժեշտ՝ նպատակ հետապնդելով պաշտպանելու այլ անձանց իրավունքներն ու հեղինակությունը: Մինչդեռ շրջանառվող նախագծից պարզ չէ, թե որտեղ է ավարտվում ծանր վիրավորանք հասցնելու սահմանը։

Ինչ վերաբերում է ձեր դիտարկմանն՝ առանց հայհոյանքի բառամթերքին, ապա հայերենը շատ հարուստ լեզու է, եւ լայն հնարավորություն է ընձեռում, թե՛ քննադատությունը, եւ թե՛ էմոցիաներն արտահայտելու առանց հայհոյանքի:

– Անդրադառնանք օրենքի սանկցիաներին՝ որպես ծայրահեղ պատասխանատվության միջոց նույնիսկ կալանք է նախատեսվում, որտեղ է այդ համարժեքության սահմանագիծը՝ որ դեպքում տուգանք, որ դեպքում կալանք:

– Նախագծով որպես հասարակ հանցակազմ դիտարկվում է անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը։ Հոդվածի առաջին մասը պատասխանատվություն է սահմանում տուգանքի ձեւով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Ինչ վերաբերում է հոդվածի որակյալ հատկանիշներին, ապա նշեմ, որ որպես ծանրացնող հանգամանք դիտարկվում է նույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, ինչպես նաեւ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված։ Այս դեպքում եւս նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով: Հոդվածի երրորդ մասը, որը հղում է կատարում հոդվածի առաջին եւ երկրորդ մասով նախատեսված արարքին, որը, ի դեպ, պետք է կատարվի միեւնույն անձի նկատմամբ ու պարբերաբար, պատասխանատվություն է նախատեսում տուգանք կամ կալանք՝ որպես պատժատեսակ՝ մեկից երեք ամիս ժամկետով:

– Այս հոդվածով նախատեսված գործերը հարուցվելու են քաղաքացու հաղորդմա՞ն հիման վրա, թե՞, օրինակ, ոստիկանությունը կամ իրավապահ մարմինը կարող է իր նախաձեռնությամբ հարուցել քրեական գործ։

– Այս գործերը հանդիսանալու են մասնավոր մեղադրանքի գործեր, մասնավորեցնելով նշեմ, որ շրջանառության մեջ է դրվել նաեւ «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ նախագծով նախատեսված ծանր վիրավորանքի հասարակ հանցակազմով, այսինքն՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու վերաբերյալ գործերը կարող են հարուցվել եւ հետագայում քննվեն բացառապես տուժողի հաղորդման հիման վրա։ Ասեմ ավելին, տուժողի հետ կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի հաշտության հիմքով այդ գործերը ենթակա են կարճման, բայց ոչ արդարացնող հիմքով։ Նախագծով նախատեսված որակյալ հանցակազմերով նախատեսված հանցագործություններն օրինակ՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված կամ հիշատակված արարքները կատարվել են միեւնույն անձի նկատմամբ եւ պարբերաբար, ապա այս դեպքում քրեական գործ կարող է հարուցվել անկախ տուժողի բողոքի առկայությունից։

– Օրենքի ընդունման արդյունավետության տեսանկյունից գուցե պետությունն այս կերպ փորձո՞ւմ է անձին պաշտպանել՝ այս դեպքում պետական ծառայողներին տարաբնույթ հարձակումներից:

– Որեւէ եվրոպական երկիր այսքան ծայրահեղ հարցին չի անդրադարձել, որքան մենք։ Գտնում եմ, որ այս հոդվածը կարող էր տեղ գտնել ոչ թե Քրեական օրենսգրքում, այլ վարչական օրենսդրության մեջ՝ որպես հասարակական կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտում։ Եթե անդրադառնանք պատասխանատվությանն, ապա նախագծով ըստ էության սահմանվում է տուգանքի նշանակում, միայն երրորդ մասով է առաջարկվում նաեւ կալանքի նշանակում՝ այն էլ մեկից երեք ամիս ժամկետով:

Ավելին, մի քանի ամիս առաջ անգամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախաձեռնություն եղավ եւ նախատեսվում էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը լրացնել։ Նախագծի հեղինակներն առաջարկում էին վարչական պատասխանատվություն սահմանել հրապարակային հայհոյելու համար։ Ըստ այդ նախագծի՝ վարչական պատասխանատվություն էր նախատեսվելու հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով, այդ թվում՝ սոցիալական ցանցերով, խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ ցանկացած ձեւով անպարկեշտ վիրավորանքը, եթե այդ արարքը չի պարունակում արդեն Քրեական օրենսգրքի խուլիգանության հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Ըստ նախագծի, առաջարկվում էր հրապարակային հայհոյելու համար նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսունապատիկի չափով, սակայն վարչական տույժը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում արարքը կրկին կատարելու դեպքում նախատեսվում էր տուգանքի նշանակումը սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունմեկապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

Այնուամենայնիվ, ցանկանում եմ ընդգծել, որ ինչպես հրապարակային հայհոյանքը որպես վարչական իրավախախտում եւ ծանր վիրավորանքը որպես հանցագործություն որակած նախագծի հեղինակները չեն անդրադարձել մի շարք հարցերի, որոնք կապված են արարքը որակելու հետ։ Օրինակ, ո՞ր արտահայտություններն են համարվում հայհոյանք, հայհոյանքը պետք է լինի սեռական բնույթի, թե դա պարտադիր նախապայման չէ, անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու տակ մենք ի՞նչ պետք է հասկանանք եւ այլն։

– Օրենքի կիրառման մեխանիզմներից խոսենք, եթե անպարկեշտ արտահայտություն արած անձի ինքնությունը հայտնի է, թերեւս դյուրին է այս առումով նրան պատասխանատվության ենթարկել, իսկ եթե հայտնի չէ: Գաղտնի չէ, որ հայհոյանք հնչեցնող անձինք գրեթե միշտ որեւէ կեղծանվան տակ են թաքնվում: Մասնավորապես, այս արատավոր երեւույթը շատ ավելի լայն կիրառում գտավ ինտերնետ հասանելիության տարածման հետ:

– Բազմաթիվ նրբություններ կան, որոնք պետք էր հաշվի առնել։ Ըստ էության ենթադրյալ հանցագործությունը բացահայտելու պարտավորությունը իրավապահներինն է եւ օրենքի կիրարկումից հետո ավելի պարզ կլինի այս հանցագործությունների քննության մեթոդիկայի ընտրությունը, քննչական մարտավարությունը։ Ինչ վերաբերում է կեղծանվան տակ թաքնվող անձանց բացահայտմանը, հիշո՞ւմ եք երեւի վերջին շրջանում բավական հանրային հնչեղություն ունեցող քրեական գործը, որի առանցքում էր քաղաքացու կեղծանվան տվյալներով իրական քաղաքացիների որոնումները։ Այդ քրեական գործի մանրամասները հայտնի չեն։ Ի վերջո, գտնվե՞ց կեղծ օգտատերը, թե՞ ոչ։

– Վերահսկողության մեխանիզմները փոքր-ինչ անիրատեսական են, ո՞վ եւ ի՞նչ եղանակով պետք է դա իրականացնի:

– Քրեական գործող օրենսգրքի 176-րդ հոդվածը սահմանում է քրեական գործ հարուցելու առիթները, որոնցից մեկն է նաեւ հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները։ Ինչպես ԶԼՄ-ների հաղորդումները, այնպես էլ՝ սոցիալական ցանցերում գրառումները պետք է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում լինեն։ Առանձին դեպքերում օգտատերերի գրառումները տեղ են գտնում հենց ԶԼՄ-ներում՝ որպես առանձին հրապարակում, օգտատիրոջ կարծիք կամ դիրքորոշում ինչ-որ հարցի կամ խնդրի վերաբերյալ։

– Համաձայն նախագծի՝ ավելի խիստ պատիժ է կիրառվելու, եթե անպարկեշտ ձեւով անձի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ կատարվել է «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով» եւ եթե դա պայմանավորված է «անձի հանրային գործունեությամբ»։

– Այո, որպես ծանրացնող հանգամանք դիտարկվում է այն, որ եթե անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ նշված արարքները կատարվել են միեւնույն անձի նկատմամբ եւ պարբերաբար, ապա նախատեսված պատասխանատվությունը տուգանքի կամ ազատազրկման ձեւով է։

– Կխնդրեմ նաեւ անդրադառնալ միջազգային փորձին եւ դատական պրակտիկային:

– Արտասահմանյան, հատկապես եվրոպական պետությունների վերաբերելի օրենսդրությունն ուսումնասիրելիս կարելի է հանդիպել վիրավորանքը կամ զրպարտությունը քրեականացնող նորմեր։ Որոշ երկրներ, օրինակ՝ Միացյալ Թագավորությունը, Կիպրոսը, Էստոնիան, Վրաստանը, Իռլանդիան, Ղրղըզստանը, Ռումինիան, Նորվեգիան, մեր երկիրը եւ մի շարք այլ երկրներ ապաքրեականացրել են վիրավորանքն ու զրպարտությունը։

Անգլոսաքսոնական իրավական համակարգի երկրներում, օրինակ՝ Դանիայում քրեականացված է վիրավորանքը եւ զրպարտությունը։ Այս հանցագործության համար որպես պատիժ նախատեսված է ինչպես տուգանքը, այնպես էլ՝ ազատազրկումը։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Դանիայում այս հանցագործությամբ հարուցված գործերի քանակը շատ չնչին է, իսկ պատասխանատվությունը հիմնականում սահմանվում է տուգանքի նշանակմամբ։

Վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն են նախատեսել նաեւ Գերմանիան, Իսլանդիան, Հունաստանը։ Այս երկրներում եւս պատիժը սահմանվում է տուգանքի կամ ազատազրկման ձեւով։

Հարցազրույցը վարեց

Էլեն ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031