Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական հալչող «սառույցն» ու ռուս-թուրքական շարունակական ջերմացումը

Օգոստոս 26,2021 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Մոսկվա-Անկարա հարաբերությունները նոր բարձունքներ են գրավում

Պուտինի անձնական ներգրավվածությունը՝ հայ-ռուսական հարաբերությունների շարունակական զարգացման գրավականն է, Հայաստանը շարունակելու է ամրապնդել եւ ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները ու ռազմավարական գործընկերությունը, օգոստոսի 24-ին ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վերջին շաբաթներին տարածաշրջանային զարգացումներին հետեւող փորձագիտական, լրագրողական շրջանակները հայ-ռուսական հարաբերություններում ջերմություն են նկատում: Որպես դրա պատճառներ բերվում են տարբեր վարկածներ՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում հնարավոր խնդիրներից մինչեւ «եկել է՝ Ալիեւին պատժելու» ժամանակը կարծիքը:

Իրականում, սակայն, Ռուսաստանը 44-օրյա պատերազմից հետո ստացած «առավելություններից» բացի, բարդ իրադրության մեջ է հայտնվել. Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների հետ Պուտինը ունի բավական ջերմ հարաբերություններ, Ադրբեջանի հետ հարաբերություններն անգամ «ռազմավարական» են գնահատվել:

44-օրյա պատերազմից հետո մի կողմից Հայաստանի ռազմավարական դաշնակիցը ստանձնել է խաղաղապահի առաքելություն, որի ներկայությամբ Լեռնային Ղարաբաղում ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը մեղմ ասած՝ հիացած չեն: Ավելին, մեկ-երկու անգամ Ալիեւը հրապարակային շեշտեց, որ ռուս խաղաղապահները գտնվում են «իրենց հողում», սա հստակ ուղերձ էր Ռուսաստանին, որ ցանկացած՝ իրենց համար ոչ դուրեկան երեւույթների դեպքում, Բաքուն կարող է պահանջել ռուս խաղաղապահներին հեռանալ Լեռնային Ղարաբաղից: Մյուս կողմից, Թուրքիայի հետ համատեղ մոնիթորինգային կենտրոն ստեղծելով էլ Ռուսաստանը փորձեց շահել Անկարայի «սիրտը»: Այլ հարց է, թե այդ կենտրոնի գործունեությունը որքանով է նպաստում Լեռնային Ղարաբաղում հաստատուն կայունության հաստատմանը:
Հիմա Ռուսաստանն այնպիսի իրավիճակում է, որ պետք է փորձի բոլորի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահել: Ի վերջո՝ 44-օրյա պատերազմում զինադադարի կնքումը իր պատվի ու հեղինակության հարցն է, նա չի կարող իր հովանու ներքո կայացած համաձայնության տապալում թույլ տալ: Դա է պատճառը, որ չնայած Հայաստան-Ադրբեջան սահմանային սրացումներին, կրակոցներին, նույնիսկ զոհերի առկայության պայմաններում, Մոսկվան պաշտոնապես արձանագրում է, թե հարաբերական խաղաղություն է հաստատվել եւ հստակ ընդգծում են, որ Հայաստան-Ադրբեջան սահմանային հարցերը կապ չունեն ԼՂ խնդրի հետ:

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն օրերս երկրորդ անգամ էր Ռուսաստան մեկնել, մասնակցելու՝ «Արմիյա 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի եւ Միջազգային բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին:

Երկու շաբաթ առաջ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը նշեց, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին բանակի արդիականացման ու վերակազմավորման հարցում։ «Մենք մեծ կարեւորություն ենք տալիս մեր փոխգործակցության զարգացմանը ռազմական ոլորտում՝ թե՛ երկկողմ ձեւաչափով, թե՛ ՀԱՊԿ շրջանակներում։ Դրա հետ մեկտեղ պատրաստ ենք շարունակել աջակցությունը Հայաստանի Զինված ուժերի բարեփոխման ծրագրի իրագործմանը։ Խնդիրը հեշտ չէ, սակայն, կարծում եմ, Ձեր փորձառությամբ՝ այդ նպատակին հնարավոր կլինի հասնել», – ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, ասել էր Շոյգուն՝ հավաստիացնելով, թե Հայաստանն Անդրկովկասում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է. «Մենք չափազանց շահագրգռված ենք այդ տարածաշրջանում կայունության պահպանմամբ»: Նա հիշեցրել էր, որ Հայաստանում է գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանը, որը «լավ հագեցած է եւ հանդիսանում է անվտանգության երաշխավոր»: ՀՀ ՊՆ-ն իր հերթին այլ մանրամասներ էր ներկայացրել հայ-ռուսական բանակցություններից։ Ըստ այդ՝ Շոյգուն ընդգծել էր, որ ՌԴ-ն շարունակելու է առավելագույն ջանքեր գործադրել Ղարաբաղում խաղաղության ամրապնդման եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։ Արշակ Կարապետյանն իր հերթին ասել էր, թե այսօր հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակ տեղափոխվելու փուլում։ Թե ինչ աննախադեպ մակարդակի ու փուլի մասին է խոսքը՝ չհստակեցվեց։

Դեռ 2 շաբաթ առաջ կայացած հանդիպման վերաբերյալ հաղորդվեց, որ երկու երկրների պաշտպանության նախարարները մի շարք կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցության առաջիկա ծրագրերի շուրջ։ Ապա՝ ՀՀ ՊՆ-ն հրապարակեց հետեւյալ հաղորդագրությունը. «ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին, նվերների հանձնման արարողության ընթացքում, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, դաշույն նվիրելով, ասել է. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»:

Թերեւս, այս հայտարարությունները հիմքեր տվեցին, որպեսզի կարծիքներ շրջանառվեն, որ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի լարվածության «սառույցը» հալչում է:

Ինչ վերաբերում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա դրանք հազիվ թե վերջին շաբաթներին խաթարված լինեն, օրինակ՝ Շոյգուի վերջին հայտարարությունների պատճառով: Ընդհակառակը ռուս-թուրքական հարաբերությունները նոր բարձունքներ են գրավում:

Մոսկվան ու Անկարան ակտիվորեն քննարկում են իրավիճակը Աֆղանստանում: Օրեր առաջ Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «պայմանավորվել են համակարգել հարաբերությունները, որոնք կհաստատվեն առաջիկայում Աֆղանստանում կազմավորվելիք կառավարության հետ»:

Բացի այդ, Ռուսաստանից ազդակներ եղան, որ Մոսկվան պատրաստ է ընդլայնել ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ՝ ինքնաթիռների ու ուղղաթիռների մատակարարման հարցում։ ՏԱՍՍ-ին «Ռոսօբորոնէքսպորտի» պատվիրակության ղեկավար Դենիս Գիզունովը Ստամբուլում միջազգային IDEF-2021 պաշտպանական ցուցահանդեսի ժամանակ ասել է. «Մենք Թուրքիայի հետ որոշակի խորհրդակցություններ ենք անցկացնում նրանց TF-X ծրագրի հետ կապված (թուրքական 5-րդ սերնդի կործանիչների ստեղծման ծրագիր), որ աջակցենք թուրքական կողմին։ Ավելին, մենք պատրաստ ենք ավելի լայն երկխոսության։ Իհարկե, Cy-35 հանդիսանում է պոտենցիալ արտադրանք Թուրքիայում առաջմղման համար, սակայն թուրքական կողմը մինչեւ վերջ չի որոշել, որ ինքնաթիռը կապի համագործակցության ծրագրին։ Բայց մենք պատրաստ ենք համագործակցության նման զարգացման։ Ամեն դեպքում ոչ միայն ՀՕՊ միջոցների, այլեւ ինքնաթիռների ու ուղղաթիռների առաջմղումը մեզ համար լրացուցիչ է թուրքական ուղղության համար»: Գիզունովը նաեւ նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է C-400 զենիթահրթիռային համակարգերից զատ Թուրքիային վաճառել նաեւ նրանց պաշտպանությունն ապահովող տեխնիկա։ Հիշեցնենք, որ այս տարվա մարտին էլ Ռազմատեխնիական համագործակցության դաշնային ծառայության մամուլի խոսնակ Վալերիա Ռեշետնիկովան էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Թուրքիայի հետ Cy-35 եւ Cy-57 կործանիչների հնարավոր մատակարարումների հարցում համապատասխան դիմումի դեպքում։

Օգոստոսի 23-ին ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստվում է Թուրքիայի հետ կնքել S-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակ Թուրքիային մատակարարելու պայմանագիր։ Միխեեւը նաեւ հավելել է, որ Թուրքիայի հետ այս հարցով բանակցություններն արդեն եզրափակիչ փուլ են հասել։

Ի դեպ, օրերս նաեւ տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են բանակցություններ սկսել ռազմական ինքնաթիռների համատեղ արտադրության շուրջ: Այս մասին «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Ռոստեխ» ռուսական պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը: «Մենք միշտ բաց ենք մեր գործընկերների հետ երկխոսության համար: Եթե Թուրքիան հետաքրքրություն ցուցաբերի, մենք պատրաստ ենք համագործակցել այս ուղղությամբ: Ունենալով ավիացիոն համակարգեր եւ դրանց զարգացման եւ արտադրության փորձ, մենք կարող ենք դիտարկել նոր թուրքական կործանիչի ստեղծմանն աջակցելու հնարավորությունը», – հավելել էր նա: Չեմեզովը նաեւ նշել էր, որ Թուրքիան եւ Ռուսաստանը կարող են բանակցություններ սկսել նաեւ ռազմական ուղղաթիռների համատեղ արտադրության շուրջ:

Բացի ռազմական ոլորտից, ռուս-թուրքական համագործակցությունը փայլում է նաեւ այլ ոլորտներում: Անցյալ ամսվա ընթացքում «Գազպրոմը» Թուրքիային ու Գերմանիային է վաճառել 8,5 մլրդ դոլարի գազ: Վերջերս էլ հայտնի դարձավ, որ Թուրքիան պատրաստվում է սառցահատներ կառուցել Ռուսաստանի համար: Թուրքական «Kuzey Star Shipyard» նավաշինարարական գործարանը պայմանագիր է կնքել ռուսական «Ռոսմորպորտ» պետական ընկերության հետ՝ երկու սառցահատի կառուցման համար, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 2,2 միլիարդ թուրքական լիրա:

Չմոռանանք ամենահավակնոտ նախագծի մասին, որն առհասարակ ռուս-թուրքական համագործակցության հզոր շարժիչ ուժը դարձավ: Խոսքը՝ «Ակկույու» ատոմակայանի մասին է: Այս տարի մարտ ամսին Պուտինն ու Էրդողանը մասնակցեցին այդ ատոմակայանի երրորդ բլոկի շինարարության մեկնարկի արարողությանը: «Սա ռուս-թուրքական համագործակցության խորհրդանիշն է»,- նշեց Էրդողանը՝ հայտնելով, որ չորրորդ բլոկի շինարարության մեկնարկը կտրվի եկող տարի:

Հիշեցնենք, որ «Ակկույու»-ն ատոմակայան է, որը «Ռոսատոմը» կառուցում է Թուրքիայի Մերսին նահանգում՝ Միջերկրական ծովի ափին։ Ատոմակայանը պետք է ունենա չորս էներգաբլոկ։ Մոսկվան եւ Անկարան ատոմակայանի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրեցին 2010-ին։ Պուտինը երեք տարի առաջ հույս էր հայտնել, որ ատոմակայանի առաջին բլոկի շինարարությունը կավարտվի 2023-ին, երբ Թուրքիան նշելու է հանրապետության 100-ամյա հոբելյանը։ Հավելենք նաեւ, որ սա ռուսական նախագիծ է եւ ամբողջությամբ կառուցվում է ռուսական ֆինանսավորմամբ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 25.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031