Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիի ռեալական դպրոցի երաժշտական հանդեսը

Օգոստոս 26,2021 12:30

Շուշին 1902թ. դեկտեմբերին, Ա մաս

Դեկտեմբերի 8-ի գիշերը Շուշիում սաստիկ քամի է եղել, որը տեւել է մինչեւ առավոտյան ժամը 9-ը. «Քամին խարխուլ շինութիւններին բաւական վնաս է տուել: Մեր քաղաքային կլուբը իւր պահեստի փողերը երեւի չկարողանալով մի որեւէ բարենպաստ գործի յատկացնել, այս ամառ քաղաքային այգիներում ամառային կլուբ է շինել տալիս: Անցեալ գիշերուայ քամին այդ շինութիւնն ամբողջովին պոկել եւ շպրտել է մի կողմ»:

Միաժամանակ նշվել է, որ «թոյլ կերպով ամրացրած սիւների վրա կանգնեցնել ահագին ծանրութիւն, ծածկել շինութիւնը դեռ պատերը չը շինած՝ կարող է մի ամենաթեթեւ քամու, հաւասարակշռութեան մի աննշան շեղման զոհ լինել: Ուրեմն պէտք է պահանջել դրա վնասը – կլուբի 7-8 հազար րուբլին. – ահա հարց»:

Շուշիից ստացված մեկ ուրիշ թղթակցությունում հաղորդվել է. «Ահա ամբողջ շաբաթ է ինչ Ղարաբաղի մայրաքաղաքը ենթարկված է խիստ պատժին. օր չէ անցնում, որ բուքը մի նիւթական վնաս չը բերէ շուշեցուն. գիժ քամին կամ հրդէհ է առաջացնում, կամ փշրում է պատուհանի ապակիները, տանիքից պոկում է կտուրները: Անցեալ գիշեր, առաւօտեան երեք ժամին, քամին մի մեծ վնաս հասցրեց քաղաքին: Մեր քաղաքի հասարակաց ժողովարանը վերջապէս այս տարի սկսել էր կառուցանել քաղաքի զբօսարանում ամարային կլուբ բեմով: Շինութիւնը համարեա պատրաստ էր, բացի ապակիներից եւ ներսի զարդարանքից, որը նստել էր ութ հազարից աւել. քամին մի ակնթարթում վերցնում է մի կողմն է նետում եւ այնպէս փշրում ու անպէտքացնում, որ նայողը խղճահարվում է: Ակմբանոցի կապալառու Մէլիք-Գարագեօզեան կամեցել է մաստակով կանգնեցնել այդ ահագին շինութիւնը եւ բայց դեռ գործի կիսում յետ է կանգնել շարունակելու ստանձնած գործը, ինչպէս սովորաբար անում են մեր հեռատես կապալառուները: Չը նայած, որ շինութեան վրա միշտ հսկում էին ինժեներ Ա. Ջանումեան, նոյնպէս եւ յանձնաժողովի հինգ անդամները, բայց կարծես այդ արել են ձեւականութեան համար: Աղէտից դեռ երկու օր առաջ զգուշացրել են, որ շէնքը դէպի մի կողմն է ծռվել քամուց: Ջանումեան գալիս եւ հրամայում է, որ մի քանի նեցուկներ տան, եւ ահա նրա հրամանի արդիւնքը»:

Հասարակական ժողովարանի շենքը

Հասարակական ժողովարանի շենքի (ակումբ) կառուցող Կարապետ Մելիք-Ղարագյոզյանցը ծնվել է 1831թ. եւ մահացել 1906թ.՝ 75 տարեկանում: Նրա տապանաքարը Շուշիի Երեւանյան դարպասների հարավարեւմտյան մասի գերեզմանոցում է: Կարապետի տապանաքարի կողքին, նրա կնոջ՝ Մանիշակի տապանաքարն է, որը մահացել է 1891թ.՝ 68 տարեկանում: Այդ նույն գերեզմանոցում է ամփոփված նաեւ ինժեներ՝ «Շուշւա քաղաքացի», Աբրահամ Սարգսի Ջանումյանցի մարմինը: Նա ծնվել է 1824թ. եւ մահացել՝ 1909թ.: Տապանաքարին գրառված է նաեւ ռուսերեն:

Դեկտեմբերի 15-ին Խանդամիրյանի թատրոնի դահլիճում կայացել է ռեալական դպրոցի գրական-երաժշտական հանդեսը. «Դպրոցի վարչութիւնը նախորօք առանձին տոմսակներով հրաւիրել էր պատուաւոր հիւրերին: Հանդէսի ծրագիրը բաւական ճոխ էր կազմված: Հանդէսը սկսվեց ժամի 12-ին: Ուսուցիչներից մէկը համառօտակի կարդաց րէալական դպրոցի պատմութիւնը: Այնուհետեւ աշակերտները կարդացին զանազան ոտանաւորներ: Պլեվնայի առման 25-ամյակի առիթով 7-րդ դասարանի աշակերտ Աղամալեան կարդաց սլաւօն ազգերի ազատման առիթով իր գրած շարադրութիւնը: Հիանալի կերպով երգում էր ուսուցիչ պ. Պրօկօֆեվի կազմած երգեցիկ խումբը, իսկ ուսուցիչ պ. Լիւնբերգ սովորեցրել էր աշակերտներին ջութակների վրա նուագել զանազան օպերաներից կտորներ: Հասարակութեան ուշադրութիւնը գրաւեց 7-րդ դասարանի աշակերտ Նաջարեանի առաջնորդութեամբ նուագող ասիական օրկեստրը. նրանք երգեցին «Մեր հայրենիք» եւ մի հայ ժողովրդական երգ: Հանդէսի վերջում աշակերտները ստացան ուսման առաջադիմութեան համար գովասանական թերթեր: Այնուհետեւ խումբը երգեց ռուսական հիմնը: Հանդէսը վերջացաւ ժամի 2 1/2-ին, ժողովուրդը ցրվեց ուրախ տրամադրութեան տակ»: Նույն օրը, երեկոյան, նույն դահլիճում, եղել է ռեալական դպրոցի աշակերտական ներկայացում:

Այդ օրվա ռեալական դպրոցի հանդեսի մասին գրվել է նաեւ հաջորդ թղթակցությունում. «Կիրակի, պ. Խանդամիրեանի թատրօնական դահլիճում տեղի ունեցաւ գրական-երաժշտական առաւօտ, իսկ երեկոյեան ներկայացումն եւ պարեր, որ տուեցին տեղիս րէալական դպրոցի ուսուցչական խումբը եւ նոյն դպրոցի աշակերտները: Թէ առաւօտը, թէ ներկայացումը անցան լաւ, հասարակութիւնը գոհ մնաց: «Առաւօտի» վերջում աշակերտները՝ թւով 22, ստացան գովասանական թերթեր»:

Դեկտեմբերի 21-ին Ղազանչեցոց եկեղեցում հոգեհանգիստ է կատարվել Գրիգոր Արծրունու մահվան 10-ամյա տարեդարձի առիթով, որին ներկա են եղել թեմի առաջնորդը, քաղաքի հոգեւորականությունը եւ բազմաթիվ հարգողներ: Պատարագին երգել է թեմական դպրոցի քառաձայն խումբը՝ ուսուցիչ Ստեփան Դեմուրյանի ղեկավարությամբ: Թեմի առաջնորդ Գրիգորիս եպս. Գառնակերյանը դամբանականով ներկայացրել է Գրիգոր Արծրունու բուռն գործունեությունը, եռանդը, գրական արժանավորությունը եւ գաղափարները: Նա բարեմաղթել է նաեւ նրա «Մշակը» շարունակողներին»:

Նույն օրը, երեկոյան, Թիֆլիսում, Առաջին իգական գիմնազիայի դահլիճում, «Վարժուհիների փոխադարձ օգնութեան ընկերութեան» մեջ դասախոսել է շուշեցի հանրահայտ Համբարձում Առաքելյանը, թեմա ընտրելով՝ «Խաղաղասիրական շարժման մասին»:
Դեկտեմբերի 29-ին Շուշիի հայ հասարակությունը վերջին հրաժեշտն է տվել եւ հողին հանձնել 25-ամյա երիտասարդ Արտաշես Գալստյանի մարմինը: Եկեղեցում խուռն բազմության ներկայությամբ պատարագիչ՝ Արցախի թեմի առաջնորդ Գրիգորիս եպիսկոպոսը դամբանական է խոսել, դրվատել հանգուցյալին եւ հայտնել, որ նրա եղբայրը՝ Ք. Գալստյանը, եղբոր հիշատակին համար 100ռ. գրքեր է նվիրել թեմական դպրոցի գրադարանին եւ 100ռ. էլ Ժամհարյան հիվանդանոցին:

Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոցի շենքը

Իսկ դեկտեմբերի 30-ին, Բաքվում, մեծ բազմությամբ հողին է հանձնվել Մելիք Ալեքսանի Սափարյանցի մարմինը: Հանգուցյալը 30 տարեկան էր եւ Շուշիի շրջակա գյուղերից մեկի մի համեստ ընտանիքի որդին: Նա կարճ միջոցում կարողացել էր ազնիվ եւ արդար վաստակով ձեռք բերել մի համեստ գումար եւ մտնել պատվավոր վաճառականների շարքը: Նշվել է, որ «հանգուցեալի սգաւոր եղբայրները, ի յիշատակ հանգուցեալի, բարեգործական նպատակով նուիրեցին 300 ր., իսկ նրա քեռին՝ պ. Իսրայէլ Բէգլարեանցը, ի յիշատակ նրան, հետեւեալ նուիրաբերութիւններն արաւ.-Շուշու հայոց թեմական դպրոցին՝ 1000ր., որի տոկոսով պէտք է ուսանեն աղքատ աշակերտներ, Շուշու քաղաքային վարչութեան 1000ր., որի տոկոսով պէտք է րէալական դպրոցում որդեգիրներ պահվեն, Թաւրիզի նոր բացվելիք կենտրօնական դպրոցին 1000ր., 500ր.՝ «Հայոց դիւան» գրքի հրատարակութեան համար, Շուշու Ղազանչեցոց եկեղեցուն, որի ծխական ժողովուրդ են իրանք, 100ր. եւ Շուշու Կուսանաց մենաստանին 100ր.»:

Դեկտեմբերին Շուշիի քաղաքային վարչությունում դարձյալ քննարկվել է քաղաքում իգական գիմնազիա բացելու խնդիրը, որի համար պահանջվող սկզբնական 40,000ռ. գումարից 30,000-ը խոստացել է տալ Բաքվի նավթարդյունաբերող Դ. Յուզբաշյանը, իսկ շինությունը՝ նկատի է առնվել Հ. Ղուկասյանի հոյակապ բնակարանը: Թղթակիցը մտահոգվելով գրել է. «Մեր քաղաքը օրէց օր դատարկվում է, շնորհիւ նրան, որ շուշեցի օրիորդն է պահանջ զգում շարունակելու իր ուսումը: Այդ տեսակ օրիորդներին, ի հարկէ, ուրիշների խնամքին չէ կարելի յանձնել, ընտանիքները ստիպված են թողնելով տուն, տեղ եւ հայրենական օջախ, տեղափոխվել լուսաւորութեան կենտրօնները, կրկնակի եւ եռապատիկ ծախքեր աւելացնելով: Ցանկալի է, որ օրիորդական գիմնազիայի հարցը շուտ իրագործվի մեզանում»:

Քյաթուկի կիսավեր եկեղեցին

Դեկտեմբերին ավարտվել է Քյաթուկ գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու վերանորոգումը, որը կատարվել է տեղի ծնունդ, մեծահարուստ Միքայել Արամյանցի միջոցներով. «Քեաթուկ գիւղի եկեղեցին, որ շինված է մօտ 30 տարի սրանից առաջ, մինչեւ այս տարվայ յունվարի 30-ը երկրաշարժը խարխուլ վիճակի մէջ էր գտնվում. վաղուց սպասվում էր, որ այսօր կամ վաղը կը փլվի. երկրաշարժը բոլորովին ճեղքեց եկեղեցու պատերը, իսկ խորաները փլվել էին վերեւից. եկեղեցին փակվում է հոգեւոր կառավարութեան հրամանով: Պ. Միքայէլ Արամեանցը, տեղեկանալով մեզնից եկեղեցու փլվելու մասին, շտապեց իր վրա առնել նորոգութեան բոլոր ծախսերը, յատկացնելով միանգամայն 3200ր.: Եկեղեցու նորոգութիւնը սկսված է սեպտեմբեր ամսից եւ այժմ վերջանալու վրա է»:


Քյաթուկ գյուղը գտնվում է Ասկերանի 3 կմ հարավ, Կարկառ գետի աջափնյակում: Հարկ է նշել, որ դեռեւս 1895թ. Միքայել Արամյանցը Քյաթուկի եկեղեցուն նվիրել էր մի հատ մեծ զանգակ եւ մի ձեռք ժամարարի զգեստ 200ռ. արժողությամբ: «Փողերը վերջանում են, փառքը՝ նույնպես: Սակայն Հայաստանը մեր միակն է: Մի մոռացեք այդ մասին: Արարեք հանուն ձեր երկրի ու նրա ժողովրդի երջանկության», – ասել է Միքայել Արամյանցը:

ԱՐՄԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող

Գլխավոր լուսանկարում՝ Ռեալական դպրոցի շենքը՝ թուրքական ավերածությունից հետո

«Առավոտ» օրաթերթ
25.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031