Լրահոս
Օրվա լրահոսը

«Անվտանգության աշխատակիցները մտան, առանց զգուշացնելու, քաշքշեցին ու շպրտեցին դուրս». լրագրողներ Լիլիթ Կասյանը եւ Մարգարիտա Դավթյանը մանրամասնում են

Օգոստոս 25,2021 21:50

«Երեկ դահլիճի դուռը բաց էր, մենք էլ մտանք. ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Ղալումյանը եւ Ալեքսանդր Սանդիկովը մեզ խփեցին, վիրավորեցին՝ թե նկարում եք, որ բոլորը տեսնեն, ծիծաղի առարկա դառնանք»

«Մենք օթյակում մեր աշխատանքն էինք անում, անվտանգության աշխատակիցները մտան, առանց զգուշացնելու, քաշքշեցին ու շպրտեցին դուրս: Գնացինք մյուս օթյակ՝ այնտեղ ավելի կոպիտ խոսեցին, թե էսպես կանենք, էնպես կանենք, հավատարմագրից կզրկենք, շենք ներս չենք թողնի…»,- այսօր խորհրդարանում, լրագրողների համար նախատեսված օթյակում կատարվածի մասին Aravot.am-ի հետ զրույցում պատմեց MegaNews կայքի խմբագիր Մարգարիտա Դավթյանը:

Հիշեցնենք, ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթը դուր չեկավ իշխող ուժի պատգամավորներին: Դահլիճում կրկին քաշքշոց սկսվեց: ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, Հայկ Սարգսյանն ու Վահե Ղալումյանը հարվածեցին Վահե Հակոբյանին։ Հրապարակված կադրերից երեւում է, թե ինչպես է Վահե Ղալումյանը հետեւից հարվածում Վահե Հակոբյանին։ Իրավիճակն ավելի լարվեց, ԱԺ նիստերի դահլիճում խառնաշփոթ սկսվեց: ԱԺ անվտանգության աշխատակիցները մտան դահլիճ եւ պատգամավորներին հերթով դուրս էին բերում նիստեր դահլիճից։ Այդ ընթացքում քաշքշոց է սկսվել նաեւ լրագրողների համար նախատեսված օթյակում: Անվտանգության աշխատակիցները օթյակում գտնվող լրագրողներից պահանջել են չտեսանկարահանել նիստերի դահլիճում կատարվողը, նրանք քաշքշել են լրագրողներին, տեսախցիկները եւ բռնի ուժ գործադրելով`արգելել լրագրողներին աշխատել:

Ըստ Մարգարիտա Դավթյանի, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանն է եկել լրագրողների համար նախատեսված օթյակ եւ անվտանգության աշխատակիցներին հրահանգել՝ «հանեք, փակեք ու վերջ»:

Լրագրողների համար նախատեսված օթյակում են եղել Factor.TV-ի, Para.TV-ի, 24news.am կայքի, Հ2 եւ Հ1 հեռուստաընկերությունների մեր գործընկերները:

Երեկ եւս միջադեպ էր եղել՝ նաեւ լրագրողների եւ պատգամավորների միջեւ: Մարգարիտա Դավթյանը պատմեց, որ իրեն եւ Factor.TV-ի լրագրող Մերի Մարտիրոսյանին իշխող ուժը ներկայացնող պատգամավորները հարվածել են եւ վիրավորել. «Երեկ դահլիճի դուռը բաց էր, մենք էլ մտանք. ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Ղալումյանը եւ Ալեքսանդր Սանդիկովը մեզ խփեցին, վիրավորեցին՝ թե նկարում եք, որ բոլորը տեսնեն, ծիծաղի առարկա դառնանք»:

Հ2 հեռուստաընկերության լրագրող Լիլիթ Կասյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ անվտանգության աշխատակիցները, կոնկրետ իր նկատմամբ, երեկ առավել կոպիտ են եղել:

Երեկ, երբ ԱԺ նիստերի դահլիճում քաշքշոց սկսվեց, նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը հրահանգեց՝ անջատել ուղիղ եթերները, թույլ չտալ տեսա եւ լուսանկարահանումները: Անվտանգության աշխատակիցները կրկին ներխուժեցին լրագրողների համար նախատեսված օթյակ եւ ուժ կիրառելով՝ սահմանափակեցին լրագրողների աշխատանքը:

«Երեկ, որ ամեն ինչը սկսվեց, անվտանգությունը միանգամից մտավ ու մեզ հրահանգեց դուրս գալ ու չսպասելով մեր դուրս գալուն՝ լրագրողներին եւ օպերատորներին սկսեցին տանել: Ես ասեցի, որ նկարահանող սարք չկա մոտս: Մի կին էր, ենթադրում եմ, աշխատակազմից, ասաց՝ միեւնույն է, չեք կարող օթյակում մնալ եւ հետեւել դահլիճում կատարվողին ու սկսեց քաշել տեխնիկան: Ես բարկացա ու բղավեցի՝ ասելով, որ այդ տեխնիկան 40 հազար դոլար արժե: Ասեց, բայց ոչինչ չեմ անում՝ միայն քաշում եմ: Ապա՝ անվտանգության աշխատակիցն ուսերիցս բռնեց ու դեպի դուրս քաշեց: Այսօր էլ նույնը եղավ. ես ասացի՝ ինձ հանկարծ չկպնեք ու դուրս եկա»,- պատմեց Լիլիթ Կասյանը:

Հիշեցնենք նաեւ, որ այսօր, լրագրողների հետ զրույցում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ դատապարտում է բռնությունները, այդ թվում նաեւ լրագրողների նկատմամբ եւ տեղեկացրեց, որ հարցը քննարկման առարկա է՝ փորձում եմ լուծումներ գտնել՝ լրագրողների աշխատանքը չխոչընդոտելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031