«Ուրեմն լսեք. յուրաքանչյուր առավոտ և երեկո գնացեք աղոթեք մեր ընտրողների համար»,-հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ դիմելով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին:
Նա, հիշեցնելով իր գործընկեր ընդդիմադիր պատգամավորների խոսքերը, թե իշխող ուժն ակնկալում է իրենցից քվե, ձայներ կառավարության ծրագիրը կյանքի կոչելու համար, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Հարգելի ընկերներ «Հայաստան» խմբակցությունից, հիշեք, որ «Հայաստան» դաշինքը մի քանի ավել մանդատ ստացել է, բացառապես մեր ընտրողների քվեների արդյունքում: Եվ Դոնթի բանաձևի համաձայն՝ երկու-երեք քվե ավել ձեզ նվեր ենք տվել: Նույնը «Պատիվ ունեմ»-ին է վերաբերում, որը բացարձակ շեմը չէր հատել. միայն Հրայր Թովմասյանի կարած Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի և բախտի քմահաճույքի շնորհիվ մարդիկ հայտնվել են դահլիճի այս կողմում և այսօր խոսում են ու խոսում մեր ընտրողների մասին»:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց՝ վաղը՝ օգոստոսի 26-ին, ՀՀ ԱԺ նիստը կշարունակվի՝ ժամը 10:00-ին: Չորս պատգամավոր ելույթ կունենա, հետո կլինեն ելույթներ խմբակցությունների անունից, այնուհետև ՀՀ վարչապետը հանդես կգա եզրափակիչ ելույթով և տեղի կունենա քվեարկություն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ