Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրեցի ճանաչված բժիշկը՝ գերմանա-ամերիկյան գրողի՝ «Իմ հայ երեխաները» գրքի հերոս

Օգոստոս 25,2021 20:30

Այսօր Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ գերմանա-ամերիկյան գրող, լրագրող Լոիզ ֆիշեր-Ռուգեի «Իմ հայ երեխաները» փաստավավերագրական գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

Գիրքը 1988 թվականի ավերիչ երկրաշարժից տուժած ու Մոսկվայի «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» տեղափոխված մի խումբ հայ երեխաների բուժման հուզիչ պատմությունն է։

Հեղինակը Գերմանիայից մեկնել էր Մոսկվա՝ երկրաշարժը լուսաբանելու, սակայն անտարբեր չմնալով հայ երեխաների նկատմամբ՝ մտերմացել էր նրանց հետ, հնարավոր ամեն բան արել նրանց հաշմանդամությունից փրկելու։ Նա դարձել էր հայ երեխաների սիրելի «մորաքույր Լոիզին»։ Նա այդ ընթացքում տպավորություններն էր գրի առել, որոնք վերածել էր գրքի՝ առանձին դրվագներով ներկայացնելով հուզիչ պատմությունները։

Գիրքը հրատարակվել էր երկրաշարժից մեկ տարի անց՝ 1989 թվականին Գերմանիայում՝ գերմաներենով։

Այսօր գրքի հայերեն շնորհանդեսին մասնակցում էին հեղինակն ու նրա ամուսինը, Մոսկվայում այդ ժամանակ հայ երեխաներին բուժող բժիշկներ Օլգա Լայշևան և Գուդրուն Միկը ու նաև գրքի հերոսները։

33 տարի անց Մոսկվայի «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց»-ում բուժվող երեխաները, որոնք այսօր հասուն մարդիկ են, նորից հանդիպեցին իրար ու նաև իրենց կյանքում ճակատագրական դեր կատարած, ջերմ, սրտացավ կնոջը, որն իր ձեռքով կերակրում էր իրենց, խաղալիքներ բերում, ժամերով անցկացնում երեխաների կողքին։

«Իմ հայ երեխաները» հիշում են, որ «մորաքույր Լոիզը» Գերմանիայից պարբերաբար այցելում էր իրենց։

Թարգմանչուհին բանասիրական գիտությունների թեկնածու Վանուհի Բաղմանյանն է, որը և այս շնորհանդեսի նախաձեռնողն էր։ Գրքի հերոսներից Ազնիվ Նասլյանը վեց տարի առաջ խնդրել է Վանուհի Բաղմանյանին իր մասին գրված հատվածը թարգմանել, թարգմանչուհին այնպես է կլանվել, որ մեկնելով Գերմանիա՝ փնտրել էր հեղինակին, թարգմանության թույլտվություն ստացել։

«Իմ հայ երեխաները» գրքի հերոսներից մեկն էլ Գյումրիում ճանաչված բժիշկ, Գյումրիի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն է։ Բժիշկը 14 տարեկան է եղել, երբ տեղի է ունեցել դաժան երկրաշարժը, իրեն Գյումրի թիվ 2-րդ դպրոցից տեղափոխել են Երևան, այնուհետ Մոսկվայի մանկական հիվանդանոց, որտեղ և երկար բուժում է ստացել։

«Լոիզ ֆիշեր-Ռուգեն ամբողջ օրը մեր հետ էր և ինքը ոչ թե հյուր կամ գրող էր մեզ համար, այլ մեր բոլորի տան անդամն էր: Հեղինակը շատ լուսանկարներ էր արել, բայց, երբ գիրքը տվել է հրատարակչության, գերմանացի հրատարակիչները լուսանկարներ չեն տեղադրել՝ պատճառաբանելով, որ գիրքն՝ առանց նկարների, շատ խոսուն է»,- ասում է Արմեն Խաչատրյանը։

Հուզիչ տեսարան էր․ Լոիզ ֆիշեր-Ռուգենը իրեն երջանիկ էր զգում՝ տեսնելով գրքի հերոսներին՝ առողջ, մեծացած։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031