«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն իր ելույթի ժամանակ ՀՀ ԱԺ-ում հիշողությունների գիրկն ընկավ ու ասաց, որ երբ 1997-ին Մոսկվայում էր, ընկերական հանդիպում էր ունեցել ԱԺ պատվիրակության հետ, ՀՀ-ից եկավ մի լուր, որ Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է ՀՀ վարչապետ: Նա, դիմելով ՀՀ ԱԺ-ում նստած Վիգեն Խաչատրյանին, խնդրեց հիշեցնել՝ ինչ է ինքն ասել: Գուրգեն Արսենյանը հիշեցրեց՝ ասել եմ ՝ Տեր-Պետրոսյանը թռավ: Դա հաստատեց Վիգեն Խաչատրյանը:
Ըստ նրա՝ հենց 1998-ի պետական հեղաշրջման արդյունքում փոխվեց ՀՀ ուղեծիրը, որին հետևեց հոկտեմբերի 27-ը, և նորից ՀՀ-ն հայտնվեց մի շրջապտույտի մեջ, որը տևեց քսան տարի: Գուրգեն Արսենյանը նաև հիշեց այն, որ 2013-ին իր խոսքով՝ «ՀՀ ժողովրդի շլինքին երեք հարյուր միլիոն դոլար պարտք կախվեց իբր թե պարտք ենք Գազպրոմին»:
Նա նաև հիշեց, որ 2013-ին Սերժ Սարգսյանը փոխեց ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը և գնաց դեպի ԵԱՏՄ: Այս առիթով Գուրգեն Արսենյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանին քննադատելու առիթով ինչ զանգ է ստացել. «Հունիսին ես ելույթ ունեցա ՀՀ ռադիոներից մեկում ու կոշտ դիրքորոշում հայտնեցի այդ մասով: Այդ ելույթի հաջորդ օրը իմ ծանոթներից մեկը զանգեց, ասաց, արի հանդիպենք: Նա ինձ հարցրեց՝ ինչո՞ւ ես քննադատում, ի՞նչն է պրոբլեմը: Էդ ընկերն ասաց՝ մի անհանգստացիր, մենք գնալու ենք ստորագրելու, մենք ԵԱՏՄ մեջ մտնելու պայմանագիր ենք ստորագրելու: Էս մարդու անունը Արամ Վարդանյան էր կամ Վստրեչի ապեր: Նա գիտեր, որ մենք գնում էինք ԵԱՏՄ, ես՝ քաղաքական գործիչ լինելով, տեղյակ չէի, որ մենք գնալու էինք հայտնվելու այն համակարգում, որի կողմնակիցը ես էի: ՀՀ քաղաքական օրակարգերի մասին բավական տեղեկացված մարդիկ կան ՀՀ-ում, որոնք քաղաքականությամբ չեն զբաղվում: Որ մեղադրանքները հնչում են այս ամբիոնից այն անցյալի մասին, որ եղել է, այդ անցյալի մասին մեղադրանքները հիմնավորված են: Հարգելի′ պարոնայք, ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է: Ձեզնից ոչ մեկ մեզ չդիմեց հարգելի գործընկերներ անունով: Բոլորդ գալիս, լրիվ ուրիշ բան եք ասում: Փորձեք ավելի ճիշտ դրսևորել ձեր վերաբերմունքը, սա ամենալեգիտիմ խորհրդարաններից մեկն է, որը տեսել եմ և որ գործելու է ՀՀ շահերի պաշտպանության և ՀՀ ժողովրդի բարեկեցության բարձրացման ուղղությամբ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ