«Կառավարության ծրագիրը պետք է լինի հստակ, կոնկրետ խնդիրներով, կոնկրետ լուծումներով, կոնկրետ ժամկետներով եւ արդիական»,-այսօր այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը: Նրա կարծիքով, դրան հասնելու համար պետք է կառավարության ճիշտ «ֆունկցիոնալ կառուցվածք եւ ոլորտային հստակ ծրագրեր՝ իրենց տեխնիկա-տնտեսական բնութագրերով»:
«Մենք պետք է գտնենք կառավարության այն օպտիմալ կառուցվածքը, որը ֆունկցիոնալ առումով ամենաճիշտն է այս պահի խնդիրների լուծման համար եւ տեսանելի ռիսկերը կառավարելի պահելու համար»,-ասաց Իշխան Զաքարյանը՝ նշելով որ գյուղատնտեսության ոլորտում գործում են 250-300 հազար տնտեսություն, բայց չունենք գյուղատնտեսության նախարարություն, մշակույթի նախարարություն: Ասաց, որ, եթե ի վիճակի ենք պահելու 5 նախարարություն, ապա, իր համոզմամբ, պաշտպանության նախարարությունից հետո պետք է լինի մշակույթի նախարարությունը:
Իշխան Զաքարյանի խոսքով, Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, ժամ առ ժամ փոխվող աշխարհաքաղաքական մարտահրավերներն ուղղակի պարտադրում են անցնելու կառավարման խորքային բարեփոխումների կառավարման ճանապարհով: Ըստ նրա, չի կարելի անտեսել լավ մասնագետների կարծիքը: Ասաց նաեւ, որ պետական բյուջեն պետք է ուղղել երկրի առավել հրատապ ու արդյունավետ ծրագրերին: Պարոն Զաքարյանի խոսքով, նաեւ պետք է կոռուպցիայի դեմ գրագետ ու համակարգային պայքար մղել:
Իշխան Զաքարյանի խոսքով, տարբեր գնահատականներով եւ վերլուծություններով Հայաստանի հողային ֆոնդի գրեթե 60 տոկոսը չի մշակվում. «Այս 60 տոկոսի մեջ վստահ եմ, որ կեսից ավելին այն դեպքերն են, երբ տարբեր ժամանակներում պետական չինովնիկները գնել են այդ հողերը, ոչինչ չեն արել եւ սպասում են հարմար գնորդի»:
Կարդացեք նաև
Նա առաջարկեց, որպեսզի բոլոր համայնքապետերը մեկ ամսյա ժամկետում ներկայացնեն սեփականատեր ունեցող եւ չմշակվող խոշոր հողակտորների ցանկը: Սեփականատերերը մեկ ամսյա ժամկետում ներկայացնում են բիզնես ծրագիր: Այն չներկայացնելու կամ չիրագործելու դեպքում պետությունը հողը հանձնում է ավելի բարեխիղճ ներդրողի:
Գնումների ոլորտում, ըստ Իշխան Զաքարյանի, պետությունը պետք է հստակ արձանագրի՝ առաջին՝ գին. «Արդյոք շուկային մոտ է տվյալ ապրանքի, ծառայության կամ աշխատանքի արժեքը, արդյոք գինն իրատեսական է: Երկրորդը՝ որակ: Արդյոք ստացված արդյունքը համապատասխանում է տեխնիկական բնութագրերին եւ սահմանված պահանջներին: Երրորդ՝ արդյունավետություն: Հիմնավորված է արդյոք տվյալ գնման անհրաժեշտությունը: Չորրորդ՝ հասցեականությունը: Պետությունն արդյոք հասել է իր առջեւ դրված նպատակին»:
Միտքն ամփոփելով Իշխան Զաքարյանն առաջարկեց փոխել կառավարության կառուցվածքը եւ ձեւավորել գյուղատնտեսության եւ մշակույթի նախարարություններ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ