Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխավոր բանավեճը հենց սա է՝ կառուցել մաքսակետեր, թե՞ ամրոցներ, թե՞ համատեղել այդ երկուսը»․ Ռուբեն Ռուբինյան

Օգոստոս 25,2021 18:22

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն այսօր ԱԺ նիստում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Ղարաբաղյան հիմնահարցի լուծման քայլերին, ասաց՝ նրանք ասում էին՝ ոչ, չի կարելի հիմա տարածքներ զիջել, թեկուզ փոխզիջման տարբերակով, մենք պետք է գնանք ակտիվ սառեցման։ «Հետո նույն անձինք հաջորդաբար ղեկավարելով Հայաստանի հանրապետությունը, հայտնվել էին մի պատային իրավիճակում՝ նրանք եկել էին իշխանության՝ չընդունելով Լեւոն Տեր-Պետրոսյանի տարածքներ զիջելու թեզը, բայց կամ ստիպված են եղել, կամ ուզեցել են բանակցել տարածքներ զիջելու մասին։ Առանց բացառության բոլոր փաստաթղթերը, որոնք դրված են եղել սեղանին, 1998-ից հետո, պարունակել են կոմպոնենտ, որը ենթադրել է տարածքների զիջում՝ փոխզիջման շրջանակներում։ Բայց միեւնույն ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունների օրոք Հայաստանում չի եղել որեւէ քննարկում դոգմաներից դուրս, եղել է դոգմա՝ ոչ, տարածքներ զիջելու մասին խոսելը նույնիսկ դավաճանություն է եւ անպայման չէ, որ դա պաշտոնյաների շուրթերով հնչած լիներ, հնչել է  հանրային տիրույթում, մամուլում եւ առաջացել է մեծ խզում»,-ասաց  պատգամավորը։

Ըստ Ռուբինյանի՝ 1996-ից սկսած հայ քաղաքական գործիչները ժողովրդին անկեղծ չեն բացատրել, թե ինչ է կատարվում, ինչ պետք է անել, ինչ է խաղաղությունը, որն է խաղաղության գինը, ինչ է պատերազմն ու դրա գինը։

«Հիմա կառավարության ծրագրով ու վարչապետի ելույթով Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ փորձ է արվում անվտանգային խնդիրներին հաղորդակից դարձնել ժողովրդին։ Մենք քարոզարշավի ժամանակ բաց հայտարարել ենք, որ առաջ ենք քաշում խաղաղության դարաշրջան բացելու գաղափարը։ Դա է մեր նպատակը, եւ ժողովուրդը դրան դրական է արձագանքել։ Պարոն Աբրահամյանն ասում է՝ ինչո՞ւ եք գրել, որ այո, մենք պետք է ձգտենք խաղաղության, բայց դա միայն մեզանից կախված չէ, ասում է՝ տպավորություն է, որ գրել եք, որպեսզի հետո չլինի, ասեք՝ դե մեզանից կախված չէր։ Այստեղ մեխը հետեւյալն է՝ այո, մենք տարիներ շարունակ, 30 տարի ասել ենք՝ մենք կողմ ենք խաղաղությանը, բայց ասել ենք՝ դիմացի կողմը չի ուզում և, հետևաբար, մենք որեւէ քայլ չենք արել, երբեւիցե չենք դարձրել խաղաղության հասնելու նպատակը մեր քաղաքականության կիզակետ»,- ասաց Ռուբինյանը։

Ապա` նա մեջբերելով ընդդիմադիր պատգամավորներից մեկի՝ Արթուր Խաչատրյանի խոսքերը՝  դուք ուզում եք կառուցեք մաքսակետեր,  մենք ասում ենք՝ կառուցենք ամրոցներ․ «Պարոն Խաչատրյան, վերջին քսան տարվա պատմությունը, նաեւ այն ժամանակ, երբ Դաշնակցությունը եղել է իշխանություն, ցույց  է տվել՝ երբ պետք էր ամրոց կառուցվեր, չի կառուցվել, այսինքն` այն ուժերը, որոնք եկան իշխանության, եկան բերդ կառուցելու խոստմամբ, բայց չկառուցվեց։  Ես անձամբ համոզված եմ, որ ՀՀ ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, Արցախի ժողովրդի անվտանգությունը պահելու մեզ համար նախընտրելի լավագույն ձեւը տարածաշրջանային կայունություն եւ խաղաղություն հաստատելն է։ Այո, դա միայն մեզնից կախված չէ, այո, մինչ այս պահը հայտարարությունները, որոնք մենք լսում ենք հարեւան երկրներից, հուսադրող անվանել ոչ մի կերպ չի կարելի։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է շարունակաբար մնանք հետեւողի դերում։ Ոչ, մենք պետք է առաջ քաշենք օրակարգ, որը այն օրակարգն է, որին միջազգային հանրություն է աջակցում եւ խաղաղության օրակարգը դրանցից մեկն է, կա նաեւ տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը, մարդու իրավունքների օրակարգը, Արցախյան հակամարտության արդարացի լուծման օրակարգը, Արցախի կարգավիճակի հստակեցման օրակարգը։ Սրանք օրակարգեր են, որոնք ի տարբերություն նախորդ տարիների եւ նախորդ օրակարգերի, հանգամանքների բերումով, ունեն միջազգային հանրության, միջնորդների աջակցությունը։ Եվ մենք պիտի գնանք այս ճանապարհով։ Ես կարծում եմ՝ գլխավոր բանավեճը հենց սա է՝ կառուցել մաքսակետեր, թե՞ ամրոցներ, թե՞ համատեղել այդ երկուսը։ Գուցե դա է ճանապարհը, եկեք խոսենք սրա մասին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031