«Ես նորմալ չեմ համարում, երբ ձեր ասած Արցախի հերոսը փաստացի մեղայականով հանդես է գալիս եւ իրեն թույլ է տալիս ՀՀ ԱԺ պատգամավորին, անկախ նրանից, որ մեկը կարող է նրան սիրում է, մյուսը՝ ոչ, բայց շշով հարվածել: Դա սպային եւ ձեր ասած հերոսին ոչ վայել է»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը`պատասխանելով հարցին` նորմա՞լ է, երբ իշխանական պատգամավորը Արցախի հերոս Սեյրան Օհանյանին դիմում է «արա»-ով:
Լրագրողի դիտարկմանը` Սեյրան Օհանյանը Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ է նետել, երբ ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորը նրան դիմել է «արա»-ով, Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Գիտեք ինչ, այն իրավիճակում, երբ սկսվում է ծեծկռտուք, երբ իրավիճակը բերվել է այն վիճակի, որ լարվածությունը վերածվում է ծեծկռտուքի եւ ինչ-որ մեկը մյուսին ասում է «արա», ես առհասարակ նորմալ չեմ համարում, անկախ նրանից՝ դա Արցախի հերո՞ս է, թե՞ ոչ: Ես նորմալ չեմ համարում, երբ մեր շատ գործընկերներ իրենց թույլ են տալիս տեղից ինչ-որ բացականչություններ անել, իրենք մտածում են, որ ամենախելացին են, հետո գալիս ձեզ մոտ կանգնում են, ընդունում զոհի կերպար, եկեք այսպիսի դեպքերով զոհեր ու հերոսներ չկերտենք»:
Անդրադառնալով խորհրդարանի աշխատանքին՝ Ալեն Սիմոնյանը դժգոհեց, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հարցերի բովանդակային քննարկումների մեջ չեն մտնում, այլ քննարկումների մակարդակն իջեցնում են`«ինձ մի ասա օրիորդ, ասա տիկին» մակարդակի: Նա խոստացավ, որ ժամանակի ընթացքում «նման երեւույթները դուրս են մղվելու ԱԺ դահլիճից»: Նա նկատի ուներ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին:
«Ինձ հարց տալուց խնդրում եմ մեջբերեք լուրջ քաղաքական գործիչների, այլ ոչ թե էմոցիոնալ պոռթկում պարունակող»,- ասաց Ալեն Սիմոնյանը, երբ լրագրողները մեջբերեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի դիտարկումն այն մասին, որ խորհրդարանում տեղի ունեցածից տպավորություն ունի, որ որոշ իշխանական գործիչներ պարապած եկել էին ձեռնամարտի: Ալեն Սիմոնյանը հիշեցնում է, որ Վահե Հակոբյանն էր ԱԺ ամբիոնից «ռազբորկայի» կանչում ՔՊ-ական պատգամավոր իր գործընկերոջը եւ տարակուսում. «Բա որ կին պատգամավորներն իրեն պատասխանեն, այդ ժամանա՞կ ինչ պետք է անի»:
Կարդացեք նաև
«Սա ՀՀ քաղաքացիների հրահանգն է: ՔՊ-ն ստացել է պողպատե մանդատ, եւ օրենքի դիկտատուրան ՀՀ-ում այլընտրանք չունի»,- ասաց նա`հակադարձելով ընդդիմադիրների այն դիտարկումներին, թե խորհրդարանական միջադեպերը իշխանության կողմից կազմակերպված են`ընդդիմությանը լռեցնելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ