Ռումինիայի Յասսի քաղաքում անցկացված Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի կանանց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ ամբողջացնելով Հին Աշխարհամասի բոլոր բարձրագույն նվաճումների իր հավաքածուն:
Այդ առաջնության գլխավոր մրցավար, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը Aravot.am-ին պատմեց, որ Էլինան իր բարձրակարգ խաղով նվաճեց բոլորի, այդ թվում՝ նաեւ իր մրցակիցների հարգանքը:
«Փակման հանդիսավոր արարողության ժամանակ, երբ պարգեւատրման համար հայտարարվեց Եվրոպայի չեմպիոնուհի Էլինա Դանիելյանի անունը, բոլորը՝ կազմակերպիչները, մասնակիցները եւ մյուս ներկաները միահամուռ բուռն ծափահարություններով դիմավորեցին նրան: Դա շատ հուզիչ տեսարան էր: Էլինան ապացուցեց, որ ինքը միայն Հայաստանի թիվ մեկ շախմատիստուհին չէ եւ կարող է դեռ երկար ժամանակ բարձրակարգ շախմատ ցուցադրել:
Մենք ԵԱ-ում այլ հաջողություններ էլ ունեցանք: Երիտասարդ Աննա Սարգսյանը գրավեց հինգերորդ տեղը, եւ ոչ միայն Էլինայի հետ միասին աշխարհի գավաթի խաղարկությանը, այլեւ Ռիգայում հոկտեմբերին կայանալիք հավակնորդների մրցաշարի կարգավիճակ ունեցող Grand Swiss մրցաշարին մասնակցելու իրավունք ձեռք բերեց: Աննա Սարգսյանը մեր հեռանկարային շախմատիստուհիներից է եւ ոչ հեռու ապագայում կարող է ստանձնել կանանց հավաքականի առաջատարի դերը:
Կարդացեք նաև
Միեւնույն ժամանակ պետք է նշեմ 17-ամյա Մարիամ Մկրտչյանին, որը լրացրեց միջազգային վարպետի երկրորդ նորման, եւ, կարծում եմ, մեր խնդիրը նրան աջակցելն է, որպեսզի լրացնի նաեւ երրորդը եւ ստանա միջազգային վարպետի կոչում»,-ասաց պարոն Վարդապետյանը:
Տեղեկացնենք, որ այսօր Էլինա Դանիելյանին ԿԳՍՄ-ում ընդունել է նախարար Վահրամ Դումանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ