Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան․ «Երբ այս տուրուդմփոցը գնաց, Աղվան Վարդանյանի դեմքի հրճվանքը ինձ զարմացրեց, պարոն Վարդանյան, ինչի՞ վրա եք հրճվել»

Օգոստոս 25,2021 18:06

«Այսօրվա շշանետումը բացառիկ շշանետում էր՝ անհաջող, փուստ գնաց։ Ես հայտնի եմ 7-րդ գումարման ԱԺ-ում շշանետումը կանխելու գործընթացում, բայց 8-ում ես չհասցրեցի։ Շշանետողը գեներալ-գնդապետ էր՝ 7 տարի Պաշտպանության բանակը ղեկավարած եւ 8 տարի ՀՀ պաշտպանության նախարարությունը, շշանետում էր իր նախկին զինվորի ուղղությամբ։ Պատկերացրեք, պարոն Օհանյանի մոտ շիշ չլիներ, այլ զենք լիներ, ինքն իրեն կարո՞ղ էր տիրապետել, ես վստահ չեմ»,-այսօր ԱԺ-ում իր ելույթում, որտեղ պետք է քննարկվի կառավարության հնգամյա ծրագիրը, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա, անդրադառնալով ընդդիմադիրներին, ասաց․«Հայաստան» դաշինքը մտածելու բան ունի, որովհետեւ «Հայաստան» դաշինքը միայն ՀՅԴ-ն չէ, որն, ըստ էության, տեսանելի քաղաքական օրակարգի շուրջ է փորձում տեսակետներ ասել։ Այստեղ կա հայտնի քոքերը մաշեցնող լիդերի ներկայությունը՝ Ռոբերտ Քոչարյանի, որի կողմից պարոն գեներալ-գնդապետը նշանակվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար։ Կա նաեւ Քոչարյանի փաստաբանը, պարոն Արմեն Գեւորգյանը։ Պրոցեսներ են գնում»։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի «Երբ այս տուրուդմփոցը գնաց, Աղվան Վարդանյանի դեմքի հրճվանքը ինձ զարմացրեց։ Ես իրեն դիտողություն արեցի՝ պարոն Վարդանյան, ինչի՞ վրա եք հրճվել։ Հիմա չգիտեմ՝ ինքը Դաշնակցության անդա՞մ ա, հեռացված ա, սառեցված ա, կասեցված ա, ոչ մեկ չգիտի, բայց որ Ռոբերտ Քոչարյանի համակարգի անդամ ա, կասկած չկա, դա տեսանելի է, ուզենք, թե՝ չուզենք։ Սա պատերազմի դաշտ չէ, ընտրություններն ավարտվել են, ուզենք, թե չուզենք՝ պիտի աշխատենք։ Հանձնաժողովները պետք է ձեւավորվեն, 44-օրյա պատերազմի հանգամանքներ քննող քննիչ հանձնաժողովը պետք է ձեւավորվի, հարցերի պատասխանները պետք է գտնենք այնտեղ»։

Շարունակելով ելույթն ու դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, Քոչարյանն ասաց՝ հանձնաժողովները պետք է լիարժեք ձեւավորվեն, որպեսզի մենք լիարժեք անցնենք աշխատանքային փուլ․«Չեք ուզում, ուզում եք մաշեցման գործընթաց, չի ստացվելու։ Նոր սերունդն արդեն քաղաքական օրակարգն ու մանդատն ունի, համակերպվեք այդ իրողության հետ, կամ այս տուրուդմփոցը մեզ ոչ մի տեղ չի տանի։ Եվ մենք բոլորս այս երկրի անվտանգության երաշխավորներն ենք, հետո նոր կխոսենք Արցախի անվտանգության մասին։ Մի հատ մեր ներքին անվտանգության խնդիրները փորձենք լուծել, էս ի՞նչ է։ Լավ է, իմ ելույթի ժամանակ պարոն Օհանյանն իրեն զսպեց, կարող ա․․․ երեւի հաշվի առավ, որ նախկինում ես ավելի բարձր ղեկավար պաշտոն եմ ունեցել, քան ինքը»։

Քոչարյանի խոսքով՝ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն որեւէ վատ բան չի ասել, ուղղակի ասել է՝ դավաճան են բոլոր այն նախարարները, որոնց օրոք տեղի են ունեցել բանակից ազատումներ․«Ինչի՞ վերցրեց իրա վրա։ Երկու նախարար ունենք՝ կորած են, մեկը ԱՄՆ-ում է, մյուսը քրեական գործով անհետացել է։ Դա պատի՞վ է բերում մեր երկրին, քրեական գործով անցնող զինվորականներ ունենք, դա պատի՞վ է բերում։ Այսօրվա շշանետումը մեր բանակի ամենամեծ հարվածներից մեկն էր, չհաջողված, փուստ գնաց, կարող ա գնար վերեւ, դա էլ` վտանգ»։

Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ չգիտեմ, Գեղամ Նազարյանն այս կռվի մեջ ինչո՞ւ է հայտնվել․«Որովհետեւ կարող եմ հաստատել՝ նա զավակ է կորցրել, Գեղամ Մանուկյանի որդին առաջնագծում պատերազմին մասնակցել է։ Բայց ես կարող եմ ասել, որ շատ-շատ կուսակցական «բոս»-երի զավակներ պատերազմում իրենց ներդրումը չեն ունեցել, պետք եղած ժամանակ կարող ենք նաեւ այդպիսի լսումներ անենք։ Իմ տղան բեկորները ձեռքին ավարտել է պատերազմն՝ առանց հոսպիտալ գնալու։ Մեռաք հարցում անելով ու պատասխան ստանալով, տիկին Ագնեսա Խամոյան, թե Խմոյան, չգիտեմ։ Ամեն դեպքում այդ փաստերը դրված են իմ էջում, եւ դուք պետք է հպարտանաք նաեւ իմ զավակով, ոնց որ ես պետք է հպարտանամ Գեղամ Նազարյանի եւԳեղամ Մանուկյանի զավակով, եւ բոլոր զավակներով, որոնք մահացել են կամ չեն մահացել։ Բոլորը մեր պետության հենասյուներն են, այնպես որ այդ խարդախությունները դրեք մի կողմ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031