«Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը կարծում է, որ իշխող ուժը միտումնավոր մի գործընթաց է տանում, որը միտված է լռեցնելուն, վախեցնելուն եւ ճնշելուն, սակայն, եթե իշխանությունը ՆԱՏՕ-ի բանակն էլ բերի, միեւնույն է, չի կարողանալու ընդդիմությանը լռեցնել:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկվանից ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպերին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Վերջին մի քանի օրերին այս ամբիոնից հնչում են պարզ ճշմարտություններ, գնահատականներ, ընդդիմադիր որակումներ, ինչին սովոր չէ այս իշխանությունը։ Այսօր պարզ դարձավ, որ իշխանությունը նպատակ ունի ընդդիմությանը ենթարկեցնել»:
Արթուր Ղազինյանը տեղեկացրեց, որ այդ միջադեպերի ժամանակ, իր վրա եւս մի քանի հոգով հարձակվել են. «Վերջին միջադեպը երկրի բարձրագույն իշխանության կողմից ծրագրված, պլանավորված, հրահանգավորված ակցիա էր, որին դուր չէր եկել մեր ելույթները։ Հրահանգ էր տրված` պատժել մեզ»:
Իր գնահատմամբ, այս խորհրդարանը կարճ կյանք ունի, որովհետեւ իր պարտականություններն ի զորու չի կատարել. «Այս ամենից տուժում է մեր պետությունը, քաղաքացին, քաոս է ստեղծվում երկրում։ Միգուցե իշխանություններին ձեռնտու է այս քաոսը, որպեսզի կարողանան անցկացնեն այն, ինչի համար իշխանություն են ստացել»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ