Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարության ծրագրից պարզ չէ՝ զինված ուժերը որեւէ պայմաններում ապահովելո՞ւ են Արցախի անվտանգությունը, թե՝ ոչ. Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 25,2021 17:13

Կառավարության ծրագրից պարզ չէ՝ ի՞նչ խնդիր է դրված Զինված ուժերի առաջ: Պարզ չէ՝ Զինված ուժերը որեւէ պայմաններում ապահովելո՞ւ են Արցախի անվտանգությունը, թե՞ ոչ: Զինված ուժերը խնդիր ունե՞ն, արդյոք, ոչ արդյունավետ բանակցությունների արդյունքում մարտ վարելով խնդիր լուծել, թե՝ ոչ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը չի ստացել՝ ուսումնասիրելով կառավարության ծրագիրը: Նա այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այդ եւ այլ հարցերն ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ պատերազմից հետո մենք ունենք տարածքներ, որոնք որեւէ փաստաթղթով ներկայացված չեն որպես Ադրբեջանին փոխանցվող տարածքներ, բայց մենք պատերազմի սպառնալիքների ներքո փոխանցել ենք Ադրբեջանին. «Արդյոք Ադրբեջանում կարո՞ղ են կարծել, որ ստեղծված իրավիճակում, օգտագործելով նախադեպը, որ փաստաթղթից դուրս կարողացել են տարածքներ զավթել, բռնազավթել, այս իրավիճակում ունեն հնարավորություն Հայաստանին իրենց օրակարգը պարտադրելու եւ Հայաստանից նոր տարածքներ խլելու համար»:

Կառավարության ծրագրի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածում, ըստ պարոն Աբրահամյանի, չկա Արցախի Հանրապետություն եզրույթը: Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց՝ դա ՔՊ-ի՞ քաղաքականությունն է, որեւէ այլ պայմաններո՞ւմ է դուրս մնացել կառավարության ծրագրից, թե՞ մտածելակերպ է. «Կարող ենք ենթադրել, որ միգուցե Ադրբեջանի հետ հարաբերությունները չսրելու խնդիր կա, բայց սրա հետ կապված էլ սուբյեկտայնության խնդիր կա, որովհետեւ ընդհանուր մոտեցում է եւ պետք է պարզաբանված լինի»:

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ Արցախի կարգավիճակի հետ կապված հարցը կա կառավարության ծրագրում, բայց միջազգային հարաբերությունների առումով կարգավիճակի հարցը որեւէ ձեւով բերված չէ առաջին պլան: Ըստ նրա՝ կարգավիճակի հարցն այս պահին արցախցիներին հուզող թիվ մեկ խնդիրն է. «Այս հարցի չկարգավորումը ցանկացած տիպի՝ սոցիալական, տնտեսական ներդրումների պարագայում որեւէ խնդիր չի լուծելու: Բայց այդ հարցը ձեր քաղաքական ուժի կողմից օրակարգ բերել չի ստացվում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031