Վաղը Ռեյկյավիկում (Իսլանդիա) մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել է 184 շախմատիստ (72 գրոսմայստեր):
Իսլանդիայի մայրաքաղաքում Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:
Aravot.am-ը միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի բացակայության պատճառը, գուցե նա այլեւս Հայաստանի դրոշի ներքո հանդես չի՞ գալիս: «Լեւոն Արոնյանը այս պահին դեռ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը: Եվրոպայի առաջնությունը համարվում է աշխարհի գավաթի ընտրական մրցաշար, որի համար տեղերը տրված են մայրցամաքներին: Եվրոպայի տեղերը որոշվելու են այս առաջնությունում: Իսկ բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներին, այդ թվում՝ Լեւոն Արոնյանին, աշխարհի գավաթի խաղարկությանը անմիջականորեն մասնակցելու իրավունք է վերապահվում: Ելնելով այս հանգամանքից՝ Լեւոն Արոնյանը սովորաբար այս մրցաշարերին չի մասնակցում»,-ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ