Լրահոս
Օրվա լրահոսը

«Էն Արթուրիկը… իր վրա կինս, որ ձայն էր բարձրացնում, ինքն արտասվում էր». Վահե Հակոբյան

Օգոստոս 25,2021 16:07

«Դա իրենց երազանքն է, որ ինձ տանեն կալանքի, դա գաղտնիք չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը`պատասխանելով հարցին` ի՞նչ նկատի ուներ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ հայտարարեց, որ Վահե Հակոբյանն այստեղ երկար չի մնա: Իշխանությունը քայլեր կձեռնարկի՞ այդ ուղղությամբ` հարցի պատասխանն էլ եղավ. «Հիմք պետք է ունենան դրա համար: Եթե հիմքեր լիներ, իրենք վաղուց էին այդ քայլին գնացել»:

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի եւ Հայկ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին էլ, Վահե Հակոբյանը հաստատեց, որ Հայկ Սարգսյանն «արա»ով է դիմել Սեյրան Օհանյանին, այդ պատճառով էլ Սեյրան Օհանյանը վրդովվել է. «Չեմ կարող գնահատական տալ, բայց ես էլ լինեի, երեւի ես էլ շպրտեի»:

Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ ՔՊ-ական պատգամավորներ Արեն Մկրտչյանը, Արթուր Հովհաննիսյանը, Հայկ Կոնջորյանը ժամանակին աշխատել են Վահե Հակոբյանի կնոջ ղեկավարած Para.TV-ում եւ սնվել են իրենց բնութագրմամբ`«նախկին թալանչիներից» ու հետաքրքրվեց` նրանք ինչպե՞ս էին իրենց պահում Վահե Հակոբյանի նկատմամբ: «Ես, իրենց առանձնապես չնկատեցի: Բայց նկատեցի, որ Արենը Մկրտչյան, ոգեւորվել էր, ոտիկներով սենց բաներ էր անում հեռվում: Հետո, իրեն գրկեցին` տարան դուրս»: Հարցին`այս ընթացքում ի՞նչ հարաբերություններ են եղել նշյալ իշխանական պատգամավորների հետ եւ հիշեցմանը, որ ժամանակին հոգացել են նրանց ծովափնյա հանգստի հարցերը, Վահե Հակոբյանը պատասխանեց, որ իրենք հոգացել են իրենց աշխատակիցների հանգստի հարցերը, ինչպես նաեւ իրենց բոլոր աշխատողների խնդիրներով ու կարիքներով են զբաղվել. «Դա մեր որդեգրած քաղաքականությունն է: Մարդ ինչ անում է՝ իրեն է անում: …Էն Արթուրիկը, որ կա, իր վրա կինս, որ ձայն էր բարձրացնում, ինքն արտասվում էր»:

Վահե Հակոբյանը չի հասկանում, թե ինչի՞ համար են իշխող ուժի պատգամավորներն ուրախացել, որ վերընտրվել են. «Որ 2,5 տարում 30 տոկոս ընտրազանգվա՞ծ կորցրին: Հա`պատերազմ, կորոնավիրուս… բա հետեւանքնե՞րը: Բա ո՞վ էդ հողերը տվեց: Մեկ տարվա ընթացքում, մոտակա վեց ամսում, կարո՞ղ է էդ բաները նորից լինեն, կարո՞ղ է պատրաստվում է ինչ-որ մի նոր փաստաթուղթ`համարենք դա խաղաղության պայմանագիր, դեմարկացիա, կապ չունի, ինչը եւս մեկ հարված լինի իրենց հեղինակությանը: Բա հետո՞ ինչ է լինելու»:

Վահե Հակոբյանի գնահատմամբ՝ իշխող ուժն իրեն ընդդիմադիրի նման է պահում եւ անընդհատ ինչ-որ հավակնություններ է ներկայացնում ընդդիմությանը. «Իրենք չեն կարողանում հանգիստ մարսել, որ մենք հայտնվել ենք խորհրդարանում: Սա խորհրդարան չէ»:

Լրագրողների դիտարկումներին`եթե խորհրդարան չէ, ինչո՞ւ են եկել այստեղ ու ինչո՞ւ են դժգոհ, մանավանդ, որ խոստացել էին Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից եւ չեն կատարել խոստումը, Վահե Հակոբյանը պատասխանեց, որ եկել են, որպեսզի «կեղտը» մաքրեն. «Եթե սա է ճանապարհը, ես պատրաստ եմ ամեն օր անցնել սրա միջով` մինչեւ սրանց վռնդենք: Մենք կհասկանանք, թե այսուհետ սրան ի՞նչ որակումներ ենք տալիս եւ ի՞նչ քայլեր ենք անելու հետագայում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031